ՈՂՈՐՄԵԼԻ ՎԻՃԱԿ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿՈՒՄ
Վերջերս բավականին լայն արձագանք գտավ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի այն հայտարարությունը, թե «Իրանի բանակը 12 ժամվա ընթացքում կարող է մտնել Բաքու. Ադրբեջանի բանակը Հայաստանի դեմ թույլ ու անկարող է, Իրանի դե՞մ ինչ կարող է անել»: Եվ ասես իբրեւ Ալիզադեի խոսքերի հաստատում` ադրբեջանական մամուլը վերջերս անդրադարձավ իրենց բանակում տիրող ողբալի վիճակին:
Այսպես, Ադրբեջանի բարձրագույն ռազմական ակադեմիայում ձերբակալություններ են սկսվել: Pia.az-ը հայտնեց, որ ձերբակալությունները կատարվել են ռազմական դպրոցի սննդի բաժանմունքում: Ձերբակալվել են ակադեմիայի գլխավոր խոհարարը և ևս մի քանի անձինք: Նրանք յուրացրել են Նովրուզի օրերին ակադեմիայի կուրսանտներին հատկացվելիք սնունդը, սակայն կուրսանտներին ստիպել են ստորագրել, թե նրանք, իբր, ստացել են հասանելիք մթերքը:
Մեկ այլ դեպք. Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Բաքվի զորամասերից մեկում անցկացված ստուգումների արդյունքում բացահայտվել են մեծ քանակությամբ վառելիքի յուրացումներ: Այդ մասին հաղորդում է Milaz.info կայքը` վկայակոչելով իր աղբյուրները: Տեղեկության մեջ նշվում է, որ ստուգումների հետեւանքով ձերբակալվել են գումարտակի հրամանատարը` կոչումով մայոր, ինչպես նաեւ երկու սերժանտ եւ մեկ կրտսեր սպա:
Այս փաստերը վկայում են, որ կաշառակերությունն ու յուրացումները ադրբեջանական բանակում չեն պակասում: Պարզվում է՝ չեն պակասում նաև ոչ կանոնադրական հարաբերությունները, որոնք հաճախ ավարտվում են մահացու ելքով: Ադրբեջանական լրատվամիջոցները մի քանի օր առաջ տեղեկացրել էին, որ Թարթառի շրջանի զորամասերից մեկում արտակարգ պատահար է գրանցվել, ինչի հետեւանքով 2 զինծառայող սպանվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջադեպի կապակցությամբ Ադրբեջանի զինվորական դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Զինծառայող Էմիլ Հասանովը, որը զորակոչվել էր Ադրբեջանի Լենքորանի շրջանի զինկոմիսարիատից և ծառայում էր Թարթառի շրջանի զորամասերից մեկում` որպես ստորաբաժանման հրամանատար, մաքրության աշխատանքներ կատարելու ընթացքում ծաղրի է ենթարկել Բաքվի Նասիմանի շրջանից զորակոչված Մահմեդ Աբբասովին, ինչն էլ հանգեցրել է վիճաբանության: Աբբասովը Հասանովից վրեժխնդիր լինելու նպատակով 2012թ. մարտի 29-ին իրեն ամրակցված ինքնաձիգից վերջինիս ուղղությամբ կրակ է բացել, ինչի արդյունքում Հասանովը սպանվել է, ևս երկու զինծառայող՝ Թեյմուր Տաիրովը և Բեբեկ Իբիշովը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ ամենից հետո Աբբասովն ինքնասպան է եղել»:
Մեկ այլ ինքնասպանություն էլ տեղի է ունեցել Ֆիզուլու շրջանի զորամասերից մեկում. ինքնասպան է եղել ադրբեջանական բանակի զինծառայող Էլմիր Ադիլ օղլու Քերմիովը, ծնված 1992 թվականին: Սա, ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների, Ադրբեջանի զինված ուժերի 19-րդ կորուստն է այս տարվա ընթացքում և 5-րդ ինքնասպանությունը` ապրիլի 2-ի դրությամբ:
Դե, իսկ առանձին զորամասերում նման դեպքերը օրինաչափություն են: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի (Շամխորի կորպուս) մասին է: Այս կորպուսն առաջատարն է զոհերի, միջադեպերի և կաշառակերության մակարդակով: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին մեկ միջադեպում միանգամից յոթ զինվորների մահը և մի քանի օր անց դեպքի միակ վկայի զոհվելը նույնպես այդ կորպուսում են պատահել: Հենց այդ դեպքից հետո պաշտոնից զինվորական կոչման իջեցմամբ ազատվեց կորպուսի հրամանատար Չինգիզ Շաֆիևը:
Նոր հրամանատար էր նշանակվել Ադրբեջանի ազգային հերոս գեներալ-լեյտենանտ Ռովշան Ակպերովը, որն Ադրբեջանում հայտնի է որպես հարբեցող և թմրամոլ, բազմաթիվ սկանդալների ու նույնիսկ մարդասպանությունների մեղավոր: Ակպերովը հասցրել է աչքի ընկնել նույնիսկ Ադրբեջանի սահմաններից դուրս. մի քանի տարի առաջ ադրբեջանցի գեներալն Ուկրաինայի ռազմական ակադեմիայում սովորելու ժամանակ Կիևում դանակով սպանել էր ադրբեջանցի գործարար Էլչին Ալիևին: Ուստի, պատահական չէ, որ Շամխորի կորպուսում իրավիճակը ավելի է վատանում: Որպես դրա հերթական վկայություն` մեջբերենք ադրբեջանական լրատվամիջոցի հետևյալ հրապարակումը, որի վերնագիրն է` ««Մահվան» զորամաս Գյանջայում». Թոքերի հիվանդություններից այստեղ հինգ զինվոր է մահացել»:
«Բեյլագան քաղաքի բնակիչ Սուլեյման Գաֆարովը հայտնում է, որ Գյանջա քաղաքում տեղակայված N զորամասի զինվորները պահվում են հակասանիտարական պայմաններում: Մեր խմբագրությանն ուղղված` այդ մասին պատմող իր նամակում նա նշում է. «Զինվորներն ապրում են հակամարդկային պայմաններում: Զորամասում տիրում է հակասանիտարական վիճակ, զինվորներին տալիս են կեղտոտ, հիվանդածին և գարշահոտ ջուր: Բոլոր զինվորներն ուտում են ոջլոտ ուտեստներ և ապրում են սառնամանիքի պայմաններում: Վերջին երեք տարում զորամասում հենց այդ հիվանդություններից հինգ զինվոր է մահացել: Զորամասը նմանվում է ավերակի»:
Նամակի հեղինակը նշում է նաև նույն այդ զորամասում տիրող կաշառակերության մասին. «Երբ զորամաս հանձնաժողով է այցելում, հիվանդ զինվորներին թաքցնում են նրանից»:
Հետաքրքիր է, որ այս բոլոր թերություններին տեղյակ լինելով հանդերձ` Ադրբեջանի իշխանությունը հանդուրժել է պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին: Եւ այս ամենը նրա «երեսով են տվել» միայն այն բանից հետո, երբ մարտի վերջին Իրանում նա «սխալ հայտարարություններ» է արել, ինչի համար Բաքու վերադառնալուց հետո նրան անխնա քննադատում են:
«Pia.az»-ի տեղեկություններով՝ Աբիևին պատվիրել էին Իրանում հանդես չգալ լուրջ քաղաքական հայտարարություններով: Սակայն նա դասը լավ չի սերտել և լուրջ քաղաքական հայտարարություններ հնչեցնելու ժամանակ սխալներ է թույլ տվել` Ադրբեջանի կառավարությանն ու իրեն դնելով վատ վիճակի մեջ: Իրանում նրա արած հայտարարությունները հակասել են և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի շահերին: Աբիևը Իրանում հայտարարել է, որ Ադրբեջանը Իրանի կողքին է, ինչը վնասել է Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի և ԱՄՆ-ի վերաբերմունքին:
Աբիևի այդ հայտարարությունը նույնիսկ քննարկվել է Ադրբեջանի ԱԳՆ-ում, ինչից հետո նախարարին բացահայտ ասել են, որ Իրանում արած նրա հայտարարությունները համահունչ չեն Ադրբեջանի դիրքորոշմանը և հաջողություն չեն բերելու երկրին: Աբիևին նաև հասկացրել են, որ տեղյակ են Ադրբեջանի բանակում տիրող ողորմելի իրավիճակին, քաջատեղյակ են զինվորների մահվանը, բանակում սննդի հետ կապված անբավարար վիճակին, կաշառակերության փաստերին, զորամասերում զինվորների հոգեբանության վրա ազդող լուրջ գործոններին: Աբիևը լռել է և պատասխան չի գտել:
«Ներկայումս կառավարությունն ուսումնասիրում է ոչ մարտական պայմաններում զինվորների զանգվածաբար ինքնասպանության դիմելու, սպանվելու, թերսնվելու և զենքի հետ ճիշտ չվարվելու հետ կապված հարցերը: Կառավարությունում արդեն քննարկումներ են սկսվել Սաֆար Աբիևի անհաջող քաղաքականությանը վերջ դնելու մասին», -հայտնում է pia.az-ը:
Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Ռազմաքաղաքական