Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ժ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ



Հայոց մեծերի համաստեղության ամենափայլուն աստղերից է Ալեքսանդր Թամանյանը, որին վիճակվեց մի ամբողջ դարաշրջան նշանավորել մեր ազգային ճարտարապետության մեջ։ Հիրավի վիթխարի է նրա անձի և գործի նշանակությունը՝ նա եղավ հայ նոր ճարտարապետության հիմնադիրը, սկզբնավորողը մի դպրոցի, որը հավերժորեն կրելու է իր անունը՝ Թամանյանական։

Ժամանակակիցները՝ հայ, թե օտար, տեսան և գնահատեցին նրան։ Մարտիրոս Սարյանը, որը նաև նրա մեծ հայրենակիցն էր (երկուսն էլ սերում էին Նոր Նախիջևանից), նրան համարում էր «մեր ժամանակի հանճարեղ մարդ»։

Եղիշե Չարենցը, որը նրա անժամանակ վախճանի լուրը լսելով, գրեց «Մահվան տեսիլք» խորունկ բանաստեղծությունը, նրան համեմատում էր «լուսավոր կանթեղի» հետ։

Իվան Ժոլտովսկին՝ ռուս նշանավոր ճարտարապետներից մեկը, իր հայ գործընկերներին հորդորում էր հետևել նրա օրինակին՝ «բազմապատկել ազգային արվեստի փառքը և ժողովրդի համար կերտել իսկական արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ»։

Ահա և Ավետիք Իսահակյանի գնահատականը. Թամանյանը «ճարտարապետական անսպառ հմտությունների, փորձառությունների, խորունկ տեսությունների և անթերի ճաշակի մի ամբողջ աշխարհ է»։

Եղավ այնպես, որ մեր ճարտարապետության երկու հսկաները՝ Թորոս Թորամանյանը և Ալեքսանդր Թամանյանը, մեկ տասնամյակից ավելի միաժամանակ ապրեցին և գործեցին Երևանում։ Նրանք մեծ բարեկամներ էին՝ իրար եղբայրաբար սիրող, բայց միայն սերը չէ, որ կապում էր նրանց։ Նրանք մեծ համախոհներ էին, նույն երազանքով ապրող մարդիկ, որոնք ներդաշնակորեն լրացնում էին միմյանց, և դա մի համագործակցություն էր, որը բարեբախտություն եղավ ոչ միայն երկուսի, այլև հայ ճարտարապետության համար ընդհանրապես։

Եթե Թորամանյանը, գնալով անցյալի խորքերը, գիտականորեն ուսումնասիրեց և գտավ հայոց հին ճարտարապետության լեզուն, ապա Թամանյանն է, որ նորովի հնչեցրեց այդ լեզուն՝ հավերժացնելով այն իր քարեղեն արարումների մեջ։ Ճարտարապետ լինելով՝ նա դարձավ նաև մեծ կառուցող։

Թամանյանը նոր էր եկել Ռուսաստանից։ Այնքան էլ քաջատեղյակ չէր հայ ճարտարապետության ոսկե դարի հրաշակերտումներին, և Թորամանյանն է, որ նրան տարավ այդ գեղեցիկ աշխարհը՝ մի իսկական ներշնչարան Թամանյանի պես անհագուրդ ուսումնասիրողի, միշտ անհանգիստ, պրպտող մարդու համար։ Մի անգամ Իսահակյանն առիթ է ունեցել նրանց ուղեկցելու Արմավիր՝ աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, և տեսնելու, թե ինչպես են նրանք որոշում ապագա պեղումների տեղը, զննում, չափում, գծեր քաշում, տաք-տաք բանավիճում։ «Նրանց համար ժամանակն ու տարածությունը ջնջված էին, և նրանց աչքերը տեսնում էին, անշուշտ, Խարրիի, Խալդիի, Ուրարտուի արմենների կանգուն տաճարները, բուրգերը, ապարանքները, պարիսպները,- գրում է բանաստեղծը,- ինչպիսի՜ նրբագեղ պատկեր՝ երկու հսկաներ` բևեռագրերով խոսող Արմավիրի բազմահազարամյա քարերի առաջ»։

Ինքը՝ Թամանյանը, իր իսկ արվեստը բնութագրելով, գրեց. «Իմ բոլոր աշխատանքներում, սկսած 1923 թվականից, ես ջանացել եմ օգտագործել անցած դարերի ճարտարապետական ժառանգությունը։ Ես ձգտել եմ գտնել այնպիսի ձևեր, որոնք համապատասխանեին երկրի կլիմայական պայմաններին ու բնությանը և արտացոլեին նրա ժողովրդական ստեղծագործությունը»։

Թամանյանը դարձավ հայ ճարտարապետության դարավոր ավանդույթների ամենամեծ ժառանգորդը, կրողն ու զարգացնողը։ Խորապես ուսումնասիրելով և յուրացնելով դրանք՝ նա իր հեռավոր նախնիների կառուցած կոթողների պարզ ու մոնումենտալ ձևերը թրծեց իր ստեղծագործական քուրայում՝ տալով դրանց նոր ոճ ու բովանդակություն։ Մարտիրոս Սարյանը հիշում է մեծ ճարտարապետի խոսքերը. «Չի կարելի անտեսել հայկական ճարտարապետության ոճը, քանի որ այն մի՝ թեկուզև հանճարեղ արվեստագետ-ճարտարապետի, երևակայության պտուղը չէ։ Այդ ոճը ստեղծվել է դարերի ընթացքում և ներդաշնակ է մեր քարի բնույթին, մեր երկրի առանձնահատկություններին՝ լույսին, երկնքի գույնին, կլիմային, ինչպեսև ժողովրդի հոգևոր կերտվածքին. ժողովուրդը դարեր շարունակ զարգացրել ու ազնվացրել է այդ ոճը՝ ըստ իր ճաշակի ու պահանջմունքների, ուստի և չկա վերացական ոճ ճարտարապետության մեջ»։

Սրանք միայն իմաստուն մտքեր չեն, այլև կենսունակ գաղափարներ, որոնք դրվեցին ճարտարապետության թամանյանական դպրոցի հիմքում՝ դառնալով հայ նոր ճարտարապետության հիմնասյունն ու ատաղձը։

Զարմանալի խորն էր հայկականության կնիքը թամանյանական գործերում, քանզի նա հայ էր իր ողջ էությամբ՝ մտածելակերպով, ներաշխարհով, կենցաղով։ Ծնվել էր Եկատերինոդարում (ներկայիս՝ Կրասնոդար), 1878-ին, որպես բանկային աշխատող, Նոր Նախիջևանից այստեղ պաշտոնավարելու ուղարկված Հովհաննես Թամանյանի ընտանիքում։ Պատահականություն չպետք է համարել՝ երբ 1904-ին ավարտեց Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան նկարիչ-ճարտարապետի կոչումով, նրա առաջին աշխատանքը դարձավ տեղի հայկական եկեղեցու (18-րդ դար) վերականգնումը։ Դժվար աշխատանք էր. այն կառուցվել էր ոչ հայ ճարտարապետի նախագծով, և պետք էր շատ բան փոխել, հայկականացնել։ Եկեղեցու հայրերը գնահատեցին նրա գործը, և երիտասարդ Թամանյանը ներգրավվեց Պետերբուրգի հայոց եկեղեցական խորհրդի աշխատանքում՝ որպես ճարտարապետ։

Հետաքրքիր է՝ Թամանյանը պետք է պսակադրվեր իր իսկ վերանորոգած եկեղեցում՝ Կամիլա Էդվարդսի հետ, ինչը, պարզվեց, այնքան էլ հեշտ չէր։ Կամիլայի հայրը՝ Մատվեյ Էդվարդսը, որը Պետերբուրգ էր տեղափոխվել Անգլիայից և դավանանքով կաթոլիկ էր, պահանջում էր պսակադրությունը կատարել իրենց ծեսով, բայց Թամանյանը մնաց անդրդվելի` «ես հայ եմ և պսակադրությունը պետք է կատարվի հայոց եկեղեցում` հայկական ծիսակատարությամբ»։ Եվ կատարվեց նրա կամքը… Ալեքսանդրն ու Կամիլան ստեղծեցին մի հիանալի ընտանիք, որն ապրում և շնչում էր հայկականությամբ։ Հետագայում նրանք տեղափոխվեցին Երևան, և Կամիլայի հուշերը Թամանյանի մասին անհնար է չկարդալ հուզմունքով` այնքա՜ն սեր, նվիրվածություն կա այնտեղ և այնքա՜ն մեծ հարգանք իր հանճարեղ ամուսնուն ծնած ժողովրդի նկատմամբ։ Նրանց որդու՝ Գևորգ Թամանյանի ուսերին ընկավ հոր անավարտ գործերը շարունակելու, ինչ-որ չափով դրանք իրենց լրումին հասցնելու դժվարին, բայցև պատվավոր գործը։

Սրանք մանրուքներ չեն, այլ խորիմաստ նրբագծեր, որոնք գալիս-լրացնում են Թամանյանի նկարագիրը, այն դարձնում առավել ամբողջական ու սիրելի։

Թամանյանը մեծ հայրենասեր էր և երկընտրանք չուներ՝ պետք է գար Հայաստան, իր նախնիների հայրենիքը և լծվեր այն փառահեղ գործին, որի առաքելությամբ էլ եկել էր լույսաշխարհ։ Իր ժողովրդի վերածնության, իր աղքատ, ավեր երկրի վերաշինության գործն էր, որին ծառայելու համար (1920-ական թվականներին) աշխարհի տարբեր ծայրերից Երևան եկան շատ ու շատ մեծանուն հայեր՝ Ալեքսանդր Սպենդիարյանը, Մարտիրոս Սարյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Հրաչյա Աճառյանը…

Թամանյանը հայրենիքի կանչով զինվորագրվեց այդ «զորագնդին»՝ կանգնելով առաջին շարքում։ Նա Ռուսաստանում թողեց վիթխարի ճարտարապետական ժառանգություն` շենքեր, շինություններ, առանձնատներ, համալիրներ, բազմաթիվ նախագծեր, որոնք արժանի փառք ու վաստակ բերեցին նրան։ Արժանացավ Մոսկվայի քաղաքային Դումայի ոսկե մեդալին, ճարտարապետության ակադեմիկոսի կոչման (1914), ընտրվեց Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ (1917), բարեկամություն և համագործակցություն հաստատեց ժամանակի ռուս նշանավոր ճարտարապետների հետ, ապագան ավելի քան խոստումնալից էր, բայց թողեց այդ ամենը և 1923-ին վերջնականապես հաստատվեց Երևանում՝ ծառայելու իր ժողովրդին։

Թամանյանին հայրենիքում մեծածավալ, բազմաճյուղ աշխատանք էր սպասում։ Վերցնենք թեկուզ Հայաստան գալու առաջին տարին՝ 1923 թվականը. նշանակվեց հանրապետության ժողտնտխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի նախագահի տեղակալ (համակարգել է շինանյութերի արդյունաբերության, ճանապարհների շինարարության, ճահիճների չորացման և այլ ոլորտներում կատարվող աշխատանքները), կազմակերպեց պատմական հուշարձանների պահպանության կոմիտե և դարձավ նրա առաջին նախագահը, ապա ընտրվեց Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ, զուգահեռաբար զբաղվեց ստեղծագործական ու գիտական աշխատանքով, և այս ամենը` ընդամենը մեկ տարվա մեջ։ Ահա մի փայլուն օրինակ, թե ինչ վիթխարի աշխատասիրություն ուներ այդ մարդը, ինչ կարողությունների և գիտելիքների էր տիրապետում։

Թամանյանը մեր մեծ քաղաքաշինարարն էր. նախագծել է Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Հրազդանի, Նուբարաշենի և այլ քաղաքների ու ավանների հատակագծերը, որոնցից, ցավոք, ոչ բոլորն իրականացվեցին, նախագծել և կառուցել է բազմաթիվ շենքեր Երևանում, հանրապետության այլ վայրերում և, այնուամենայնիվ, նրա կատարած գործերի մեջ հատկապես առանձնանում են երեքը՝ Երևանի գլխավոր հատակագիծը, Կառավարական տունը, օպերային թատրոնի շենքը։

Երևանի գլխավոր հատակագիծը (1924) հատկանշեց Թամանյանի քաղաքաշինական գաղափարների կենսունակությունն ու խորությունը և ճանաչվեց որպես խոշոր երևույթ ողջ Խորհրդային Միության քաղաքաշինության մեջ։ Այն դրվեց Երևանի բոլոր հետագա գլխավոր հատակագծերի հիմքում։ 1934-ին Թամանյանը սկսեց «Մեծ Երևանի» հատակագծի կազմումը, բայց, ափսոս, չհասցրեց ավարտել (մահացավ 1936-ին)։

Ոչ միայն Թամանյանի, այլ ընդհանրապես հայ ճարտարապետության գլուխգործոցներ են Կառավարական տունը և օպերային թատրոնի շենքը, հնի և նորի մի հազվագյուտ, ներդաշնակ համադրություն, որով այդ կառույցները դարձան բոլոր ժամանակների Երևանի ճարտարապետական զարդը, հիացմունքի առարկան (թեև կառուցման ընթացքում նախագծերի մի շարք մտահղացումներ այդպես էլ չիրականացվեցին)։

Կառավարական տան համար Թամանյանին հետմահու շնորհվեց պետական մրցանակ (1942), իսկ օպերային թատրոնի շենքի նախագիծը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում (1937) շահեց Մեծ ոսկե մեդալ։

1926-ին Ալեքսանդր Թամանյանին շնորհվեց Հայաստանի ժողովրդական ճարտարապետի կոչում, բայց նա առանց այդ էլ այդպիսին էր իր ողջ էությամբ, ապրելու, մտածելու և գործելու իր ուրույն, անզուգական կերպով։ Անխոնջ աշխատավոր էր, մշակ՝ բառիս բուն իմաստով։ Գիշերները արվեստանոցում՝ իր հանճարեղ գլուխը զանազան նախագծերի, հատակագծերի, գծագրերի վրա խոնարհած, ցերեկները շինհրապարակում է` որմնադիրներին հրահանգներ տալիս, խորհուրդներ՝ քարտաշ վարպետներին։

Ասում են` արտաքինով նման է եղել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, և տեղին է ու ճիշտ նրան էլ կոչել ամենայն հայոց ճարտարապետ։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #15 (931) 19.04.2012 – 25.04.2012, Հոգևոր-մշակութային


25/04/2012