Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՄԻՆԵՐԵՆ



Օրերս Ռումինիայի մայրաքաղաքում հրատարակվեց ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանություն» մենագրությունը, որը ֆրանսերենից ռումիներեն են թարգմանել Թագուհի և Մադելեյն Կարակաշյան քույրերը (Genocidul Armean, Bucuresti, 2012, 112 էջ): Ռումիներենը տասներկուերորդ լեզուն է, որով լույս է տեսնում հեղինակի նշված աշխատությունը: Մինչ այդ մենագրությունը լույս էր տեսել անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն, ճապոներեն, հունգարերեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն, իսկ 2011թ. վերջերին` նաև կորեերեն:

1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված XX դ. առաջին ցեղասպանությունից` Հայոց ցեղասպանությունից, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական նացիստների իրագործած հրեական հոլոքոստից և նրանց հաջորդած այլ ցեղասպանություններից հետո, ինչպես նշում է հեղինակը, ձևավորվեց գիտական մի նոր ուղղություն` ցեղասպանագիտությունը, որի ակունքները պետք է փնտրել հայկական իրողություններում, և որի ձևավորման մեջ նաև նկատելի դերակատարում են ունեցել ցեղասպանության հարցերին նվիրված պրոֆեսոր Ն.Հովհաննիսյանի բազմաթիվ աշխատությունները: Հայեցակարգային տեսանկյունից պետք է առանձնացնել «ցեղասպան պետության» հիմնադրույթը: Հայ անվանի գիտնականն այն տեսակետն է հիմնավորում, որ եթե այդ հիմնադրույթը կիրառենք հայոց ցեղասպանության` արմենոցիդի, և հրեական շոայի` հոլոքոստի պարագայում, ապա Օսմանյան պետությունը և նացիստական Գերմանիան իրենց հանցանքներով պատմության մեջ մտնում են որպես ցեղասպան պետություններ:

Աշխատության մեջ քննարկված են այնպիսի առանցքային հիմնախնդիրներ, ինչպես Հայաստանը դարերի ընթացքում. Հայոց լեռնաշխարհը հայերի բնօրրանը և կենսատարածքը, իսկ իրենք հայերը` նրա բնիկները և տերերը լինելու հանգամանքները, Արևմտյան Հայաստանի նվաճումը Օսմանյան կայսրության կողմից, որը իրականացվեց 1639թ., երբ Հայաստանը բաժանվեց շահական Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև, հայերի վարչա-իրավական, ազգային-քաղաքական և սոցիալ-տնտեսական դրությունը Օսմանյան կայսրությունում, Հայկական հարցը և նրա փուլերը, Հայերի ցեղասպանությունը-Արմենոցիդ, որտեղ հեղինակը հանգամանորեն և շատ դեպքերում նորովի է լուսաբանում Հայոց ցեղասպանության պատճառները: Համոզիչ է նրա այն տեսակետը, որ «Ցեղասպանությունը ոչ թե առանձին անհատների, այլ Թուրքիայի պաշտոնական պետական քաղաքականությունն էր»: Նրա կարծիքով` դա բխում էր Օսմանյան կայսրության ոչ թուրք` քրիստոնյա և մահմեդական բնակչության բռնի թուրքացման քաղաքականության տրամաբանությունից, որը պետք է իրականացվեր երեք մակարդակներով` ա) էթնիկական զտում և բոլոր ոչ թուրք ժողովուրդների բռնի թուրքացում, բ) էթնիկապես «մաքուր թուրքական պետության ստեղծում», և գ) Օսմանյան կայսրության ամբողջականության պահպանում և նրա հետագա տրոհման կասեցում: Աշխատության մեջ կարմիր թելի նման այն միտքն է անցնում, որ ոչ թուրք ժողովուրդները կանգնել էին երկընտրանքի առջև` կա՛մ կամավոր ձուլում և թուրքացում, կա՛մ, հրաժարվելու դեպքում, բռնի ոչնչացում, որի գիտական սահմանումը ցեղասպանությունն է: Այս կապակցությամբ հայ պրոֆեսորն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունը լրիվ տեղավորվում էր էթնիկապես մաքուր թուրքական պետություն ստեղծելու, Օսմանյան կայսրության ամբողջականությունը պահպանելու և պանթուրքիզմի երիտթուրքական պաշտոնական ծրագրերի շրջանակներում: Նա վկայակոչում է երիտթուրքական ղեկավարներից մեկի` Ալի Իհսանի այն կարծիքը, որ «Եթե չլիներ Հայաստանը, ապա Կովկասը վաղուց պատկանած կլիներ մեզ»: Ահա այստեղ պետք փնտրել Հայոց ցեղասպանության պատճառները: Աշխատությունում հանգամանորեն լուսաբանված է հայերի նկատմամբ երիտթուրքերի կիրառած ցեղասպան քաղաքականությունը Ստամբուլում, Խարբերդի, Սվասի, Էրզրումի, Բիթլիսի, Վանի և Դիարբեքիրի հայկական վեց վիլայեթներում և Օսմանյան կայսրության այլ հայաբնակ շրջաններում: Հետաքրքիր է հեղինակի եզրակացությունն առ այն, որ երիտթուրքերի ղեկավարների` Թալեաթի, Էնվերի, Ջեմալի, Նազըմի, Շաքիր Բեհաէդդինի և մյուսների հայերի ասիրիացիների, հույների և արաբների ու այլ ժողովուրդների նկատմամբ կիրառված ոճրագործ քաղաքականությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ Օսմանյան պետությունը XIXդ. կեսերին և XX դ. սկզբներին դարձել էր ցեղասպան պետություն և գենոցիդի օրրան:

Աշխատությունում հատուկ բաժին է հատկացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին: Այստեղ հեղինակն առանձնահատուկ տեղ է հատկացրել 1919թ. կայացած երիտթուրքերի ղեկավարության դատավարության հարցին: Ռազմական ատյանը պատասխանատու համարելով նրանց Թուրքիային պատերազմի մեջ ներգրավելու և հայերի նկատմամբ զանգվածային սպանություններ կազմակերպելու և բռնի տեղահանման համար, մահվան դատապարտեց երիտթուրքական կուսակցության և կառավարության բարձրագույն ղեկավարությանը, և այդ վճիռն ի կատար ածեցին հայ վիրժառուները: Այդ իրողության լույսի ներքո պրոֆեսորը գտնում է, որ անհրաժեշտ է նորովի մոտեցում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Թուրքական դատարանի վճիռը վկայում է, որ Թուրքիան արդեն մեկ անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և հիմա խոսվում է նրա վերաճանաչման մասին: Միաժամանակ, փաստական հարուստ նյութի հիման վրա, ցույց է տրված Հայոց ցեղասպանության ճանաչումը Եվրոպայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկաների և Ասիայի տարբեր պետությունների պառլամենտների, որոնց թիվն այսօր հասնում է 21-ի, բազմաթիվ միջազգային հեղինակավոր քաղաքական, կրոնական, գիտական և հասարակական կազմակերպությունների ու գործիչների կողմից: Եվ այդ գործընթացը շարունակվում է:

Քաղաքական գիտության
Հայաստանի ասոցիացիա

Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Հոգևոր-մշակութային


02/05/2012