Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ Կովկասյան ճակատում 1914-1918թթ.



«Հայը իր կյանքը պահպանելու մեկ միջոց մը միայն ունի, այն ալ զենք ու զինավարժությունն է։ Ես չեմ, որ կհրավիրեմ ձեզ, արտասահմանյան հայ երիտասարդներ, այլ դժբախտ հայրենիքի հողն ու քարը իրենց արյունով ներկած մեր նահատակներն են, որ կոչ կանեն ձեզի զենքի, զինավարժության ու վրեժխնդրության»։
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ

Հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալից երևույթ է կամավորական շարժումը։ 19-րդ դարում Թուրքիայի դեմ մղված բոլոր պատերազմներին հայերը մասնակցել են որպես կամավորներ։ Դրանում իր արտահայտությունն է գտել հայ ժողովրդի և՛ ռուսական կողմնորոշումը, և՛ հայ կամավորների կողմից իրենց արևմտահայ եղբայրներին օգնելու բուռն ու միանգամայն ազնիվ ձգտումը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհի բոլոր ծայրերից եկած հայերը, հրապուրված ֆրանսիական իմպերիալիզմի և ցարական Ռուսաստանի խոստումներից, Անտանտի դրոշի ներքո մասնակցեցին պատերազմին՝ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան փրկելու նպատակով։ Անտանտի պետությունները ձեռնամուխ եղան կամավորական ջոկատների կազմակերպմանը, որպեսզի դրանով իսկ փոքր ժողովուրդների ազատագրության կարգախոսի տակ քողարկեն պատերազմի թալանչիական բնույթը։

Անկախ վերոհիշյալ պարագաներից՝ սկիզբ առած կամավորական շարժումը ինքնաբուխ ժողովրդական շարժում էր, որի առաջ բերումը վեր էր մի խումբ մարդկանց կամ որևէ կուսակցության ուժերից։ Ջոկատները համալրվում էին բացառապես կամավորության սկզբունքով։ Դրանց ղեկավարներ էին նշանակվում հայ ժողովրդի ազատագրական պայքարի առավել աչքի ընկած գործիչները։

1914թ.ցարական Ռուսաստանի և Ֆրանսիայի կառավարող շրջանները կոչով դիմեցին հայերին. եթե հայերը կամավորական ջոկատներ կազմեն՝ ֆրանսիական և ռուսական զորքերի կազմում Թուրքիայի դեմ կռվելու համար, ապա Կիլիկիան և Արևմտյան Հայաստանն ինքնավարություն կստանան՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հովանավորության ներքո… Բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր կողմերից եկան Կովկաս (Թիֆլիս՝ կամավորական ջոկատների հավաքատեղին), Կիպրոս (Կիլիկիայի Հայկական լեգեոնի հավաքատեղին)։ Ամերիկահայ կամավորները (հրմ.՝ Ալեքսանդր Մնացականյան) մեծ դժվարությամբ կտրեցին Ատլանտյան օվկիանոսը, եկան Արխանգելսկ-Պետրոգրադ, այնտեղից էլ՝ Կովկաս…

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ 1914-1918ԹԹ.

Նպատակը. օգնել իրենց արևմտահայ եղբայրներին՝ ազատվելու թուրքական տիրապետությունից։

Ընթացքը. 1914թ. հուլիսի 23-ին ցարական կառավարությունն օրենք է հրապարակում ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին։ Սեպտեմբերին սկսվեց հայ կամավորական ջոկատների կազմումը։ Սկզբում կազմվեց 4 ջոկատ, հետագայում ևս չորսը։ Ջոկատների հրամանատարներ դարձան հայ ազատագրական պայքարի առավել աչքի ընկած ֆիդայիները։

1-ին ջոկատ – (հրամանատար՝ Անդրանիկ Թորոսի Օզանյան) ուղղությունը՝ Խոյ-Դիլման-Վան։

2-րդ ջոկատ – (հրամանատար՝ Դրաստամատ Մարտիրոսի Կանայան), Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան։

3-րդ ջոկատ – (հրամանատար՝ Համազասպ Վաղարշակի Սրվաձտյան) Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ։

4-րդ ջոկատ – (հրամանատար՝ Քեռի՝ Արշակ Խանասորի Գավաֆյան) Սարիղամիշ-Էրզրում։

5-րդ ջոկատ – «Արարատյան զորախումբ» (Քանաքեռ-Բերկրի-Վան)։

6-րդ ջոկատ – (հրամանատար՝ Գրիգոր Աֆշարյան, 1915թ. Էրզրումի մոտ նրա զոհվելուց հետո հրամանատար դարձավ Հայկ Բժշկյանը` Գայը) Սարիղամիշ-Էրզրում։

7-րդ ջոկատ – (հրամանատար՝ Իշխան՝ Հովսեփ Արղության)։

8-րդ ջոկատ – չի կռվել։

1915թ. ապրիլին 2, 3 և 4 ջոկատների միավորումից ստեղծվեց «Արարատյան զորախումբը» (հրամանատար՝ Վարդան՝ Սարգիս Մեհրաբյան), որը և 1915թ. մայիսի 6-ին առաջինը մտավ Վան՝ փրկելով մեկ ամիս շարունակ թուրք ջարդարարներին դիմադրող Վանի ժողովրդին։

1915թ. դեկտեմբերին ցարական հրամանատարությունը ցրեց կամավորական ջոկատները՝ ստեղծելով հրաձգային գումարտակներ ռուսական զորամասերի կազմում։ Անձնակազմը – 1000 հոգի, որից 750-ը շարքային կազմը, զինված 3 գծանի հրացաններով և 250 հոգի՝ ոչ շարային կազմը՝ զինված «Մանլիխեր» տիպի զենքով։ Յուրաքանչյուր ջոկատ ուներ 100 հոգուց բաղկացած հեծյալ ստորաբաժանում` հետախուզության ու կապի համար, գումակային, գրասենյակային, սանիտարական և խոհանոցային ծառայություն։ Համազգեստը միասնական էր, ուսադիրները կանաչ գույնի ԱԴ-1, ԱԴ-2… -Армянская дружина… ԸԺ-1:

1916-17թթ. Կովկասյան ճակատի հրամանատարության, իսկ հետագայում նաև ժամանակավոր կառավարության նախագահ Կերենսկու նախաձեռնությամբ նորից սկսվեց կամավորական խմբերի և ավելի խոշոր ռազմական միավորումների (դիվիզիա, կորպուս) կազմավորումը։ 1917թ. դեկտեմբերին սկսվեց Հայկական կորպուսի կազմավորումը (հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Թ. Նազարբեկյան, կոմիսար` Դր. Կանայան)։

Զորավար Անդրանիկը 1914-ի նոյեմբերին նշանակվում է 1-ին կամավորական ջոկատի հրամանատար։ Ջոկատը նրա ղեկավարությամբ 1914-15թթ. տվել է 21 հաղթական ճակատամարտ։ Հատկապես նշանակալի էր նրա հաղթանակը Դիլմանում (1915թ. ապրիլի 15-18-ը), ուր, ըստ գեներալ Չերնոզուբովի, «վճռվում էր ամբողջ Կովկասի բախտը»։

ԱՆԴՐԱՆԻԿ ԹՈՐՈՍԻ ՕԶԱՆՅԱՆ. ԿՅԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾԸ

Ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին, Շապին-Գարահիսարում (Պաղլեղի Սևաբերդ՝ բերդաքաղաք Փոքր Հայքի Նիկոպոլիս գավառում, այժմ՝ Թուրքիայի Կիրեսունտ վիլայեթում)։

1872-82թթ. սովորել է տեղի Մուշեղյան վարժարանում։

1882թ. ամուսնացել է, ունեցել արու զավակ, սակայն կինն ու որդին մահացել են նույն տարում։ 1883թ. սպանում է թուրք ոստիկանապետին։

1884թ. անցել է Կ. Պոլիս, աշխատել է նավաշինարանում՝ որպես հյուսն։

1894-96թթ. մասնակցում է Արևմտյան Հայաստանի ինքնապաշտպանական կռիվներին։

1897թ. հուլիսի 15-ին, Խանասորի արշավանքից 10 օր առաջ Սալմաստից անցնում է «Էրգիր» (երկրորդ անգամ)։

1900թ. Անդրանիկն սպանում է Աղբյուր Սերոբի դահիճ Բշարե Խալիլին։

1901թ. նոյեմբեր- Առաքելոց վանքի կռիվը։

1902-04թթ. ինքնապաշտպանական կռիվներ էր մղում Տարոնում, Սասունում, Վասպուրականում (Աղթամարի կռիվը)։

1904թ. մայիս-հաղթական կռիվ Գոմերում։

1904թ. ապրիլ-մայիս, մասնակցում է Սասունի ապստամբությանը։

1904թ. անցնում է Թիֆլիս, հանդիպում հայ մշակույթի և ազգային-ազատագրական պայքարի գործիչների հետ։

1905-14թթ. օգնություն ստանալու ակնկալությամբ, հակաթուրքական պայքար կազմակերպելու համար անցնում է արտասահման, ապրելով հիմնականում Բուլղարիայում (Վառնայի մոտ, Գալաթիա գյուղում)։ Եղել է նաև Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Անգլիայում…

1907թ. դաշնակցության 4-րդ համագումարում հեռացել է այդ կուսակցությունից։

1908թ. հրաժարվել է oսմանյան պառլամենտում տեղ զբաղեցնելուց։

1912թ. մասնակցում է Բալկանյան 1-ին պատերազմին, բուլղարական բանակի կազմում վաշտի (259 զինվոր) վոյեվոդա էր, արժանացել է սպայի կոչման։

1914թ. մեկնում է Թիֆլիս, նշանակվում է 1-ին կամավորական ջոկատի հրամանատար, որը 1914թ. նոյեմբերից կռվում էր Խոյ-Դիլման-Վան ուղղությամբ։

1914թ. դեկտեմբերի 18-ին գրավում է Կոտորը, այնուհետև աչքի է ընկնում Աշնակի, Սարայի, Մոլլա Հասանի, Բարդուղիմեոսի վանքի, Բաշկալեի (պատմական Հադամակերտ ամրոցը), Հայոց ձորի, Աղթամարի, Կարճկանի, Դատվանի, Վարդենիսի (Մուշի մոտ), Արճեշի, Բերկրի-կալեի կռիվներում։

1915թ. ապրիլ 2-15 հաղթանակ Դիլմանի (Մոխանչիկ) համբավավոր ճակատամարտում։

1917թ. Անդրանիկը Վահան Թոթովենցի հետ խմբագրում է արևմտահայերի «Հայաստան» թերթը։

1918թ. հունվար. Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունն Անդրանիկին շնորհում է գեներալ-մայորի կոչում, փետրվարին՝ նշանակում Էրզրումի պաշտպանության ղեկավար։

1918թ. ապրիլ-մայիս. Անդրանիկի զորամասը ինքնապաշտպանական կռիվներ է մղում Սարիղամիշ-Կարս-Ալեքսանդրապոլ ուղղությամբ. դա ապահովեց 20000 գաղթականների ապահով նահանջն Արևելյան Հայաստան։

1918թ. մայիսի 15. հայկական կորպուսի հրամանատար Նազարբեկյանի հրամանով Անդրանիկի հարվածող զորամասը նահանջեց Լոռի՝ կանխելու թուրքական զորքերի ներխուժումը Թիֆլիսի կողմից։ Այդ պատճառով էլ Անդրանիկը չի մասնակցել Ղարաքիլիսայի ճակատամարտին։

1918թ. հունիսի 17. Անդրանիկն անցնում է Նախիջևան, հուլիսի 14-ին հեռագրում է Շահումյանին՝ Նախիջևանը հայտարարելով Խորհրդային Ռուսաստանի անբաժանելի մասը։

1918թ. օգոստոս-1919թ. ապրիլ. Անդրանիկի ջոկատը մասնակցում է Զանգեզուրի և Արցախի ինքնապաշտպանությանը։

1919թ. ապրիլ. Անդրանիկն Էջմիածնում զենքերը հանձնեց Գևորգ Ե կաթողիկոսին, մեկնեց Թիֆլիս, այնտեղից՝ Բաթում, Կ. Պոլիս, հետո՝ Կիպրոս, որպեսզի անցնի Կիլիկիա՝ գլխավորելու Հայկական լեգեոնը։ Սակայն Ֆրանսիան դեմ էր Պիկո-Պողոս Նուպար փաշա համաձայնությանը և որոշել էր Կիլիկիան թողնել Թուրքիային, ուստիև Անդրանիկին արգելեց մտնել Կիլիկիա։

1919-22թթ. Անդրանիկը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Կլեմանսոյի, անգլիական քաղաքագետների հետ։ Կազմակերպում է հանգանակություններ հայ գաղթականության օգտին։

1922-27թթ. ապրել է ԱՄՆ-ում, Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, ուր և վախճանվել է 1927-ի օգոստոսի 31-ին։

1928թ. ֆրանսահայ կամավորների (Հայկական լեգեոնի մարտիկների) նախաձեռնությամբ Զորավարի աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվում է Փարիզ և ամփոփվում Պեր-Լաշեզ գերեզմանատանը։

ԱՌԱՋԻՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ

Հրամանատար՝ Զորավար Անդրանիկ,

Նրա օգնականը՝ Սմբատ Բորոյան,

Ա վաշտ – վաշտապետ՝ Սմբատ,

օգնական՝ Եղիշե Պահլավունի,

Բ վաշտ – վաշտապետ՝ Սեպուհ (Արշակ Ներսիսյան),

օգնական՝ Զուլալ (Լևոն Կարապետյան),

Գ վաշտ – վաշտապետ՝ Ախալցխացի Արտաշես Սուչյան, (Շառլ Ազնավուրի քեռին)

օգնական՝ Երվանդ,

Դ վաշտ – վաշտապետ՝ Կարսեցի Նիկոլ Մելիք-Սայադյան,

օգնական՝ Ամիրյան։

Անդրանիկի կամավորական ջոկատի հրամանատարական կազմը

1. Անդրանիկ

2. Մախլուտո (Սմբատ Բորոյան), 1-ին ջոկատի 1-ին վաշտի հրմ.,

3. Սեպուհ (Արշակ Ներսիսյան), 2-րդ ջոկատի վաշտի հրմ.

4. Բենո Նալչաջյան,

5. Նիկոլ Մելիք-Սայադյան, 4-րդ վաշտի հրմ. (կարսեցի),

6. Գևորգ Ամիրյան, 4-րդ վաշտի հրմ.-ի տեղակալ,

7. Մորուք Կարո,

8. Զաքարիա Տեր-Ղազարյան,

9. Ղազար Քերսելյան,

10. Գևո (Զորավարի թիկնապահն ու երգիչը),

11. Արտաշես Սուչյան, 3-րդ վաշտի հրմ. (ախալցխացի, Շառլ Ազնավուրի քեռին):

ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ

Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


02/05/2012