Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԹՈՒՐՔԸ ԿԴԱՌՆԱ ԿՐԹՅԱԼ ԱՎԱԶԱԿ ԵՎ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ»



Սիրում եմ գրիչը, որը միաժամանակ և սուր է,
որ գիտե ի պաշտպանություն արդար դատերի
հազար սրազեն բազուկներ բարձրացնել:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը համընդհանուր ոգևորություն առաջ բերեց հայության շրջանում: Հրապարակախոսները հայկական մամուլում հավատ էին ներշնչում, թե ռուսական զենքի հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական բռնատիրությունից: Բայց Րաֆֆին չտարվեց ոգևորությամբ և հույսեր չակնկալեց պատերազմի հետևանքներից: Նրա համոզմամբ, ազատությունը չի շնորհվում ի վերուստ, և յուրաքանչյուր ժողովուրդ այն կարող է նվաճել միայն սեփական ուժերով: «Երբ մարդ անընդունակ է անձնապահպանության, նա կյանքի իրավունք չունի»,- ասում է Րաֆֆին` սուր քննադատության ենթարկելով հայկական հոգեբանության մեջ խոր արմատներ ձգած պահպանողական մտայնությունը: Ո՞րն է ելքը, և ի՞նչ անել:

Րաֆֆին հեգնում է ազգային որոշ գործիչների մոլորությունը, ըստ որի` հայկական հարցի լուծումը հնարավոր է ապագա քաղաքակրթված Թուրքիայում (այսօր էլ շատերը նմանօրինակ հույսեր կապում են Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալու հետ):

«Մենք ունենք պատմություն,- ասում է Րաֆֆին,- 850 տարվա պատմություն, թե ինչպես է վարվել մեզ հետ թուրքը: Նրա ամեն մի տողը արյունով և արտասուքով է գրված: Ով որ ուրանում է պատմությունը, առաջ ինքն է կնքում իր դատապարտության դատակնիքը…Թուրքը այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա»:

Հակառակ զանազան վերացական ծրագրերի` Րաֆֆին հայոց ազգային-ազատագրական իրական ուղին համարում էր զինված ապստամբությունը:

«Եվ Տաճկաստանի հայոց խնդիրը ,- գրում է նա,-պետք է կայանա այսուհետև անդադար և անընդհատ նախապատրաստության գործի մեջ, որպեսզի նրանք կազմ ու պատրաստ հանդիպեն այն մեծ օրվան, երբ կրկին անգամ կզարկի ազատության ժամը»:

Նախապատրաստական այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացան «Ջալալեդդին», «Խենթը» և «Կայծեր» վեպերը: Այս ստեղծագործությունները խոր հետք են թողել հայ ազգային գաղափարաբանության վրա: Հատկանշական է, որ Րաֆֆին մտադիր է եղել «Կայծերը» վերնագրել «Հայդուկներ» և վեպի առաջին տպագրության սկզբում տեղադրել է մի փոքրածավալ, բայց ուշագրավ առաջաբան` «Հայդուկներ» վերնագրով, որը հայ իրականության մեջ այդ պատմաքաղաքական երևույթի թերևս միակ խոր և բնորոշ գնահատականն էր:

«Հայդուկը բնական արտահայտություն է բռնակալության լծի տակ ճնշված, հարստահարությունից տանջված և յուր մարդկային բոլոր իրավունքները կորցրած ժողովրդի կյանքի ,- գրում է Րաֆֆին: – Հայդուկը ստրուկի բողոքն է իշխողի բարբարոսության դեմ…Հայդուկը հասարակ ավազակից որոշվում է գլխավորապես նրանով, որ նա ոչ թե հափշտակության ագահությունից դրդված կամ հանգամանքներից ստիպված է գործադրում իր արյունահեղ արհեստը, այլ նրա սրտի հետ կապված է խորին ազգային զգացմունք ու ազատության բաղձանք»:

Գնահատելով Րաֆֆու ստեղծագործությունները` տարիներ անց Դանիել Վարուժանը կգրի.

«Րաֆֆին տվավ հերոսներ ապագայի ու անցյալի…Հայ մարտական շարժման պատրաստողներեն մեկը եղավ ան…Դժվար է գտնել ֆետայի մը, որ կարդացած չըլլա անոր «Խենդն» ու «Կայծերը»: Անդրանիկ ու Եփրեմ քալեցին Վարդանին` «Խենդի» հերոսին ճամբով. Սերոբ Աղբյուր և Գևորգ Չաուշ Ասլանի մարմնացումը եղան: Հայ հեղափոխությունը իրականության վերածեցին Րաֆֆիի` ոչ պատմական կոչված վեպերը: Ատիկա մեծ տաղանդին ուժն էր, որ կը հրապուրեր ապագան և իր սկզբունքներուն կը հպատակեցներ այն կայծկլտուն սաղմերը, որոնք հետո պիտի բռնկեին ու առաջ բերեին ազգային կյանքին մեջ ահագին հեղաշրջում մը` քաղաքական, ընկերային և հոգեբանական»:

Եվ իրավ, Րաֆֆու հերոսները` Վարդանը, Ասլանը, Կարոն, հայ ֆիդայու նախատիպերն են և պայքարի օրինակ են եղել ազգային երիտասարդության համար: Բերենք ընդամենը մեկ օրինակ. Սուրեն Սահակյանն իր «Հերոսապատում» գրքում անդրադառնալով Խաստուրի հերոսամարտին գրում է.

«Ալաշկերտի Խաստուր գյուղի 1899թ. հոկտեմբերի 26-28-ի հերոսամարտը և նրան հաջորդող իրադարձությունները հայ ազգային-ազատագրական պայքարի հերոսական տարեգրության փայլուն դրվագներից են: Խաստուրի հայտնի բանասաց Կարապետ Թամոյանը (Քեռի Կարո) պատմել է ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանին, որ երիտասարդ տարիներին ինքն էլ է մասնակցել հայրենի գյուղի պաշտպանությանը, կատարել մի շարք հանձնարարություններ և ամեն կերպ ձգտել նեցուկ կանգնել հայրենի ժողովրդի սրբազան դատին:

– Առավոտվա դեմ, երբ ես հասա մեր գեղ, տեսա թուրք ասկյարներ ու խուժան հասեր են Իրա Խորան Աստվածածնա վանքի դռան մոտ: Երկու կողմից էլ հրաձգություն էր: Ինձ ի՜նչ մնաց անելու: Հասա Դդե Գասպարի դռան մոտ ու ձիու խուրջինից ցած իջուցի փամփուշտներ, մեկ էլ` Րաֆֆու «Կայծեր» վեպը` հինգ օրինակ, բոլորն էլ նոր տպված: Դդե Գասպար կամուկաց էր, չըր ուզե կռվի մեջ մտնել: Ձին ներս քշեցի, չոքա դռան մոտ ու հրացանից կրակեցի: «Կայծեր» վեպի առաջին էջ բացվեցավ: Րաֆֆու նկարն էր: Համբուրեցի ու գոռացի. «Յա՜, Խաստուրա Իրա Խորան սուրբ Աստվածածին, դու օգնական էղնիս մզի…»:

Թշնամին ոռնաց ու կծկվեց նեղլիկ փողոցների մեջ: Հայ ֆիդայիները սովորաբար զենք էին կրում, իսկ Խաստուրի հայդուկները` նաև Րաֆֆու «Կայծերը»: Սա խիստ բնութագրական է, քանի որ նրանց մեծ մասը սովորել էր ոչ միայն տեղի ուսումնարանում, այլև Էրզրումի Սանասարյան վարժարանում, Հնձուց (Կարմիր) վանքի դպրոցում:

Րաֆֆու «Կայծեր»-ից հայրենասիրության դասեր էին առել նաև այն հայորդիները, ովքեր անվարան նետվեցին Արցախյան ազատամարտի բոցերի մեջ և իրենց հերոսական պայքարով մի նոր փառավոր էջ գրեցին հայոց պատմության ոսկե մատյանում: Րաֆֆու ստեղծագործություններից հայրենասիրության դասեր առնելու հերթն այժմ նոր սերնդինն է…

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Պատմության էջերից


02/05/2012