ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀՅՈՒՍԻՍԿՈՐԵԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ
Իսրայելյան աղբուրների պնդմամբ, օրերս Մոսկվայով Հյուսիսային Կորեա է ուղևորվել Իրանի պատվիրակությունը:
Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, վերջերս Ռուսաստանն Իրան է ուղարկել երկակի նշանակության երկու բեռնանավ քիմիկատներ, որոնք օգտագործվում են քիմիական զենքի արտադրությունում:
Իսկ ավելի վաղ Հարավային Կորեայի լրատվամիջոցները հայտարարել էին, որ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի վերջին ու անհաջող փորձարկմանը մասնակցել են նաև Իրանի 12 ներկայացուցիչներ: Դեռ մինչ փորձակումը լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ԿԺԴՀ-ն այս փորձարկումն իրականացնում է Իրանի միջուկային ծրագրի շրջանակներում, քանի որ Թեհրանը զգուշանում է միջազգային հանրակցության ճնշման ուժեղացումից: Անկախ լուրերի իսկությունից, Թեհրանի ներկայացուցիչների մասնակցությունը փորձարկմանն արևմտյան մամուլը դիտում է որպես հրթիռաշինության ասպարեզում Հյուսիսային Կորեայի ու Իրանի համագործակցության կողմնակի ապացույց:
Հարավկորեական փորձագետների համոզմամբ, հյուսիսային հարևանը պատրաստ է իրականացնել երրորդ միջուկային փորձարկումը: Անհրաժեշտ է միայն քաղաքական որոշում, իսկ եղած հարստացված ուրանը կբավարարի ևս երեքից վեց փորձարկման համար: Համաձայն այլ պնդումների, Փխենյանն ունի մի քանի տասնյակ միջուկային լիցք:
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանն ու Մեծ Բրիտանիան Հյուսիսային Կորեային կոչ են արել հրաժարվել տարածաշրջանում իրավիճակն ապակայանունացնող քայլերից, այդ թվում նաև՝ միջուկային փորձարկումներից:
Միջմայրցամային բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկումից հետո Արևմուտքը զգուշանում է, որ ԿԺԴՀՆ, ինչպես 2006 և 2009 թվականներին, կիրականացնի ստորերկրյա միջուկային փորձարկում:
Իսկ ապրիլի 25-ին, Կորեայի ժողովրդական բանակի կազմավորման 80-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների ժամանակ մարշալ Ռի Յուն Հոն հայտարարել էր, որ երկիրն ունի «հզոր ու մոբիլ զենք, որն ունակ է մեկ հարվածով ոչնչացնելու Միացյալ Նահանգները»:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական