Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅԻՍԻ 9-Ն ԷՐ



Խեղդուկ գետնափոր հյուղակում երկու էրզաց-մոմերի աղոտ լույսի տակ նստած էին Վեբերը, Դիլենբերգն ու Բրեմը, եւ, ինչպես ամեն երեկո, տաքացած սկատ էին խաղում՝ մի քանի ժամ անընդմեջ, մինչեւ բթանալը, մինչեւ դանդաղ ցնորվելը։ Լռակյաց Յանցենը՝ գրքի իսկական որդը, էլի հաջողացրել էր վաշտի խղճուկ գրադարանից արժեքավոր գիրք ընտրել ու հիմա խորասուզված կարդում էր՝ խուլ ու համր այն ամենի հանդեպ, ինչ իրեն շրջապատում էր, բավարարվելով այն ժլատ լույսով, որ բաժին էին հանել թուղթ խաղացողները։ Ուլրիխ Վեգվեները՝ գետնափորի հինգերորդ բնակիչը, նստել էր աթոռակին, հայացքը անշարժ մի կետի հառած՝ տանջվելով անիմաստ ու անբովանդակ կյանքից։ Բացի այդ, զգացնել էր տալիս քաղցը, որ նրանց բոլորին տանջում էր այն ժամանակից ի վեր, երբ կղզին կտրվել էր աշխարհից, ու ամեն տեսակ մթերքի մատակարարում դադարել էր։

Հանկարծ ինչ-որ մեկը բացեց դուռը եւ խզված ձայնով գոռաց.

– Կապիտուլյացիա՜։ Վերջ պատերազմի՜ն։ Հենց նոր ռադիոյով հայտնեցին։- Ու թռավ լուրը մյուսներին հաղորդելու։

Վեբերը, Դիլենբերգն ու Բրեմը՝ սրտնեղած, որ խանգարել են իրենց խաղը, մի վայրկյան բարձրացրին գլուխները.

– Ի՜նչ։Կապիտուլյացիա՞։ Դե հա՜…իհարկե… Վեբեր, դու ես բաժանում։ Տասնհինգ։ Երեսու՜ն։ Ես՝ փաս։- Եվ նրանք շարունակեցին նույն միալարությամբ շխկացնել խաղաթղթերը՝ ամբողջովին տրվելով խաղին։

Ուլրիխը, որին «կապիտուլյացիա» բառը շանթեց կայծակի պես, ասես շշմած լիներ։ Սարսափելի հուզմունքով նա նայում էր խաղացողներին։ Վերջիններս նրան չէին էլ նկատում։ Նա հայացքով փնտրեց Յանցենին, նա իր սովորական տեղում չէր… ու աթոռակին ընկած էր բացված գիրքը… Ուլրիխը թափով վեր ելավ ու դուրս եկավ գետնափորից։

Հանդիսավոր, գեղեցիկ գիշեր էր. աստղալից, մեղմ։ Ահա եւ վերջ… Վերջ ամենին՝ մշտական լարվածությանը, անասնական կյանքին, պետական խստավարժությանը, վերջնական հաղթանակի մասին խրատական ճամարտակություններին եւ այս ծիծաղելի զինվորներ ու պատերազմ խաղին… Վերջ մարդկանց դանդաղ մահին, որ մկների պես թակարդն են ընկել շրջապատված կղզում։ Վերջ… Սակայն այն ամենը, ինչ իր երազներում գծում էր գրգռված երեւակայությունը, պարզ է, չի լինի… Ոչ ոք չի հարբի, զինվորական աշխատավարձ կոչվող արժեքազրկված թղթերին տեղացիներից ոչ ոք նույնիսկ քառորդ լիտր գինի չի տա։ Ոչ ոք չի ուզի իր անձեռնմխելի պաշարը այն պարզ պատճառով, որ, հակառակ բոլոր սպառնալիքների, այն վաղուց արդեն կերված է։ Ոչ ոք, Ուլրիխն այդ պահին դառնորեն գիտակցեց՝ ուրախ բացականչությամբ առուն չի շպրտի իր հակագազը ու չի ապտակի ենթականերին ծաղրուծանակի ենթարկող ատելի ֆելդֆեբելին։ Ո՛չ, այդ ամենը չի լինի…

Իսկ Ուլրի՞խը։ Ինքն ի՞նչ է անում։ Կանգնել է տաք գիշերվա մեջ ու ջանում է իրեն տրամադրել հանդիսավոր, վեհ կերպի։ Սակայն զգում է սոսկ թուլություն ու քաղց, որոնք ձմռանը քուն մտնող գազանների պես դանդաղեցնում են սրտի աշխատանքն ու շնչառությունը՝ սպանելով բոլոր զգացմունքներն ու մտքերը։

Պատմակա՛ն պահ։ Այս ակնթարթից ոչ ոք այլեւս չի մեռնի ռումբից կամ արկից, բռնադատման երկաթյա շղթան փշրված է, բացված են դարպասները դեպ ազատ կյանք։ Ոռնա՛ ուրախությունից, Ուլրի՛խ. ցնծա՜։ Դու այլեւս մի ինչ-որ բրիգադի չորրորդ գումարտակի երրորդ վաշտի երկրորդ դասակի եֆրեյտոր չես, այլ պարզապես Ուլրիխ Վագներ անունով մի մարդ, տասնինը տարեկան, ում ոչ ոք այլեւս չի հանդգնի հրամայել, ում կյանքը դեռ առջեւում է։

Չկա գոռում-գոչյուն, չկա ցնծություն։ Լոկ աստղերն են առկայծում սառցային փայլով ու անտարբեր նայում երկրին, ինչպես հազարավոր ու միլիոնավոր տարիներ առաջ, անտարբեր այն ամենին, թե այնտեղ, ներքեւում ով եւ ինչպես է կարճում իր դարը, բզզում է արդյոք միջատի պես, գալարվում որդի նման, թե մայում է որպես ոչխար։

Գյուղամիջյան ճանապարհին քայլերի ձայն լսվեց. պարեկախումբն էր վերադառնում օդակայանից։ Զինվորներն անցան Ուլրիխի կողքով՝ ուղղվելով դեպի գետնափորը։ Այդպես էր ամեն գիշեր։ Ուլրիխը ուզեց կանգնեցնել պարեկներին, գոռալ, հաղորդել կատարվածը։ Բայց բերանը չբացվեց։ Գուցե վախենում էր նույնպիսի անտարբերությունից, որին ականատես եղավ այնտեղ՝ գետնափորում, իսկ գուցե ամաչում էր արտաբերել հանդիսավոր, վեհ բառեր…

Դիմացի ծառերից անջատվեց մարդկային մի կերպարանք ու եկավ դեպի Ուլրիխը։ Յանցենն էր։ Ուլրիխն որախացավ. նշանակում է՝ նա էլ չէր կարողացել մնալ գետնափորում։

Յանցենը տասնվեց տարով մեծ էր Ուլրիխից։ Նա այն քչերից մեկն էր, որի հետ Ուլրիխը մարդկային հարաբերությոններ էր հաստատել, հարաբերություններ, որ պատահական ու կարճատեւ չեն։ Լռակյաց ու զուսպ Յանցենը մեկն էր նրանցից, ով երբեք նկատողության չէր արժանանում բծախնդիր հրամանատարությունից։ Ուլրիխին դա շատ տարօրինակ էր թվում. նա տեսնում էր, որ Յանցենը տանել չի կարողանում զինվորականությանը։ Մի դեպք հաստատել էր այդ տպավորությունը։

Դասակը, ուր գտնվում էին Յանցենն ու Ուլրիխը, պատժեցին՝ տուգանային վարժանք։ (Վերջին շրջանում հրամանատարությունը հատկապես հաճույքով էր դիմում նման միջոցների՝ զորամասում կարգուկանոնը պահելու համար)։ Դասակը ողջ հանդերձանքով վազեցնում էին ցեխերի, մացառուտների միջով, բլրալանջով վեր ու վար՝ մինչեւ լրիվ ուժասպառ լինելը։ Բոլորովին պատահաբար Ուլրիխը նայեց Յանցենի դեմքին, որը սողում էր իր կողքով։ Եվ դեմքն այդ մի ակնթարթ մատնեց այն ամենը, ինչ սովորաբար մարդ ջանում է թաքցնել. անզուսպ, մահացու ատելություն։ Եվ զարմանալի բան. Ուլրիխն այդ պահին ցնծաց, նրա տանջահար մարմինը լցվեց ուժով, որ նա չէր էլ ենթադրում իր մեջ։ Այդ ժամանակից նա աչք չէր հեռացնում Յանցենից։ Եվ շուտով համոզվեց, որ ավագ ընկերն ինչ-որ գաղտնիք ունի։ Յանցենը, որ միշտ սիրալիր էր բոլորի հետ, ապրում էր ինչ-որ այլ կյանքով։ Երբեմն ազատ ժամերին զրուցում էր ընկերների՝ միշտ միեւնույն մարդկանց հետ։ Եվ երբ որեւէ կողմնակի մարդ էր մոտենում, զրույցն ընդհատվում էր։ Մի անգամ Ուլրիխը պատահաբար լսեց Յանցենի մի դատողությունը, որն իսկույն բացահայտեց նրա գաղտնիքը. նա գոյություն ունեցող կարգերի հակառակորդն էր։ Այդ բացահայտումը ցնցեց տասնիննամյա պատանուն։ Բոլորի պես նա էլ գիտեր, որ նման մարդիկ կան, սակայն դրանց մասին նրա պատկերացումները բոլորովին չէին համընկնում լռակյաց, զուսպ, անթերի… զինվոր Յանցենին։ Եվ ամենից առաջ նրան անհնարին էր թվում, որ նման մարդն ապրում է իր կողքին, ծառայում նույն դասակում, քնում իր հետ նույն գետնափորում։

Ուլրիխը՝ գավառական քաղաքի օպերային թատրոնի նվագախմբում աշխատող երաժշտի որդին, մեծացել էր մի ընտանիքում, ուր թերահավատորեն էին մոտենում նոր կարգերին, անգամ թշնամաբար, վախվորած եւ, հասկանալի է, լավ թաքցրած բողոքի զգացումով։ Այս զգացումներն իր մեջ ներծծել էր նաեւ Ուլրիխը։ Երիտասարդական կազմակերպության շարքերում իր պարտադրված ներկայությունը եւ հատկապես բանակը ուժեղացրին այդ զգացումը։ Սակայն նա երբեք չէր համարձակվի ինչ-որ մեկի առջեւ բացել իր մտքերը։ Եվ ահա Յանցենը, իր ընկերը, թվում է՝ նույնպիսի իր համագնդեցի, ինչպես եւ մյուսները, թափանցեց իր աղոտ մտքերի շրջանակը։ Այն օրից, երբ Ուլրիխը բացահայտեց նրա գաղտնիքը, մեկ անգամ չէ, որ ցանկացել էր խոսել այդ մասին։ Բայց կրտսեր ընկերոջ հետ միշտ սիրալիր Յանցենը այնուամենայնիվ լռում էր։

Եվ ահա նրանք կանգնած են դեմ առ դեմ աստղալից երկնակամարով այդ տաք գիշերը՝ մայիսի իննի գիշերը։ Մի հայացք՝ եւ Ուլրիխն համոզվեց, որ Յանցենն իրենից քիչ չի հուզված։ Յանցենը սկսեց խոսել։ Բայց դրանք այն բառերը չէին, որոնց ծարավի էր Ուլրիխը։ Նա ուզում էր լսել տառապած սրտի կանչը, մինչդեռ Յանցենը ինչ-որ աննշան բաներ էր ասում գարնանային գեղեցիկ գիշերվա մասին։ Ուլրիխը չդիմացավ.

– Ահա վերջապես մե՛նք հասանք մեր նպատակին,- բացականչեց նա՝ իր խոսքերին հատուկ մի իմաստ տալով։

Մի քանի վայրկյան Յանցենը զարմացած ու քննախույզ նայում էր պատանուն։ Ապա, փորձելով զսպել հուզմունքը, հանգիստ ձայնով ասաց.

– Մենք ոչնչի չենք հասել, հասել են ուրիշնե՛րը։

Այդ դառն խոսքերը դիպան Ուլրիխի հուզախռով սրտին։ Վախենալով, որ Յանցենը դրանով կարող է փակել խոսակցությունը եւ վերադառնալ գետնափոր, Ուլրիխն սկսեց արագ-արագ պատմել, թե ոնց է լսել Յանցենի ու նրա ընկերների խոսակցությունը։ Մեկ անգամ էլ քննախույզ նայելով Ուլրիխին, Յանցենը վճռեց ու բացահայտ սկսեց խոսել։

– Ո՛չ, Ուլրիխ,- ասաց նա դառնությամբ,- դժբախտաբար, մենք ոչինչ չենք արել, բացարձակապես ոչինչ։ Մինչեւ վերջին օրը կատարել ենք միայն հրամաններ, երբեմն, գուցե, նողկանքով, սակայն երբեք չենք վրդովվել։ Զորավարժություններին հիմարի պես արել ենք այն ամենը, ինչ մեզնից պահանջել են։ Երբ ոչինչ չի եղել ուտելու, խոհանոցի համար եղինջ ենք հավաքել եւ… որ ամենավատն է… լռել ենք։

Երբ մեր աչքի առաջ գողացած… մի գլուխ կաղամբի կամ մի քանի կարտոֆիլի համար գնդակահարել են մարդկանց։ Սովից գետին տապալվող մեր ընկերներին համարյա կիսամեռ հոսպիտալ էին տանում, իսկ այդ նույն պահին սպայական հավաքներում պարահանդեսներ էին կազմակերպվում, եւ հարբած սպաները տորթերով կերակրում էին իրենց ձիերին։ Մենք չէինք վրդովվում եւ այն ժամանակ, երբ մեր կողքով տանում էին համակենտրոնացման ճամբարների կիսամեռ, կմախքացած գերմանացի կամ տեղացի կալանավորներին։ Այդ ամենը տեսել ու լսել ենք՝ ու լռել, մեզնից ոչ ոք չգոռաց՝ «Բավակա՜ն է՝ վերջ տվեք»։

Յանցենը հուզմունքից կարմրատակել էր։ Ուլրիխը նրան նման վիճակում դեռ չէր տեսել, ու այդ գրգռվածությունը փոխանցվում էր իրեն։ «Ո՛չ։ Ո՛չ»,- ուզում էր գոռալ նա՝ այնքան սարսափելի էր լսել այդ խոսքերը։ Ուլրիխը հանկարծ զգաց, թե որքան թանկ է իր համար այդ մարդը, եւ նա՝ այդ պատանին, ցանկություն զգաց հորդորել, հանգստացնել իր ավագ ընկերոջը։

– Իսկ դուք ի՞նչ կարող էիք անել։ (Նա չհամարձակվեց իրեն միացնել այդ «դուք»-ին)։ Ախր չափազանց քիչ էիք. ձեզ պատին դեմ կանեին, ու ի՞նչ կլիներ։ Նորից ամեն բան կգնար առաջվա պես, իսկ գուցեեւ՝ ավելի վատ։

Յանցենը անհամբերությամբ թափ տվեց ձեռքը.

-Ուլրի՛խ, դամբանական ճառեր պետք չեն։ Ի՞նչ իմաստ ունի։ Մենք ոչինչ չենք արել. եւ ուրեմն մենք չենք նվաճել այս հաղթանակը։ Եվ այն, որ դա մենք չենք արել, դեռ շատ-շատ տարիներ կզգանք։

Գյուղամիջյան ճանապարհին կրկին քայլեր լսվեցին. պարեկախումբն էր։ Յանցենը լուռ նայում էր աշխույժ քայլող զինվորների ետեւից։ Նա այեւս ոչինչ չասաց, սոսկ ձեռքով ցույց տվեց գիշերվա մեջ հեռացող ժամապահների կողմը։ Նա եւ Ուլրիխը գիտեին՝ այստեղ ամեն ինչ հիմնված է բռնության վրա, լավ յուղված, աշխատող մեքենան չնայած կորցրել էր իր գոյության իմաստը, բայց շարունակում էր գործել, նույնիսկ այդ օրը, մայիսի իննին, ազատագրման օրը։ Ասես ոչինչ չէր եղել…

Երբ Յանցենն ու Ուլրիխը մտան գետնափորը, Վեբերը, Դիլենբերգն ու Բրեմը մարմրող մոմերի աղոտ լույսի տակ դեռ սկատ էին խաղում…

ՎՈԼՖԳԱՆԳ ԻՈՀՈ
Թարգմանեց՝ ՄՀԵՐ ՀՐԱՉՅԱՆԸ

Խորագիր՝ #17 (933) 3.05.2012 – 9.05.2012, Հոգևոր-մշակութային


10/05/2012