ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱԿԱԼԸ
Լրացավ լեգենդար հետախույզ Կիմ Ֆիլբիի (իսկական անունը` Հարոլդ Անդրիան Ռասել Ֆիլբի) ծննդյան 100-ամյակը
«Հայ զինվորի» հարցին, թե աշխարհում հայտնի հետախույզներից ո՞ւմ անունը կտայիք առաջին հերթին, հայ լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանը պատասխանեց` «Անշուշտ մեծություններ էին Աբելը, Ջորջ Բլեքը, բայց ես առաջին հերթին կնշեի Կիմ Ֆիլբիի անունը։ Անպայմա՛ն՝ Կիմ Ֆիլբի»։
Ինչ խոսք, անգնահատելի է նաեւ Կիմ Ֆիլբիի մատուցած ծառայությունների արժեքը հիտլերյան Գերմանիայի դեմ պատերազմի տարիներին, երբ նա Մոսկվա էր փոխանցել 914 հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնց բովանդակությունը բախտորոշ նշանակություն ունեցավ մարդկության պատմության մեջ թերեւս ամենադաժան եւ արյունալի պատերազմում Մեծ Հաղթանակի օրը մոտեցնելու համար:
Խորհրդային հանրահայտ լրտեսի, անգլիական հինավուրց տոհմերից մեկի հետնորդի կյանքն իր վայրիվերումներով ու նրբերանգներով նրա մահից հետո էլ շարունակում է քողարկված մնալ խորհրդավորության թանձր շղարշով: Դեռևս կենդանության օրոք լույս ընծայած գրքի նախաբանում, որը կրում է «Իմ գաղտնի պատերազմը» վերնագիրը, Կիմ Ֆիլբին գրում է. «Թեեւ այս գիրքը խստագույնս հենված է ճշմարտության վրա, բայցեւայնպես չի հավակնում ողջ ճշմարտությանը»: Հեղինակը, հո, գիտեր, թե ինչի մասին կարելի է պատմել, ինչի մասին` ոչ: Էլ չասած, որ այն ստիպված էր անցնել խորհրդային չափազանց խիստ ու զգուշավոր գրաքննության «թրի տակով»:
«Մենք Ֆիլբիի մասին ողջ ճշմարտությունը չգիտենք»,- «Le Nouvel Observateur»-ի հետ հարցազրույցում ասել է գրող Ռոբերտ Լիթլը, որը նշանավոր հետախույզի մասին վեպ ունի գրած: Վեպ, որում անգլիացին ներկայացված է որպես եռակի գործակալ, որը միաժամանակ աշխատում է Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի հետախուզությունների համար: Լիթլի բնորոշմամբ՝ Ֆիլբին XX դարի ամենաապշեցուցիչ լրտեսն է: Նրա կյանքը հագեցած է ամենատարօրինակ դրվագներով, որոնցից մեկը, օրինակ, 1963թ. նրա հանկարծակի անհետացումն է Բեյրութից: Իսկ հունիսի սկզբին անգլիական հետախուզությունում ցնցող լուր ստացվեց` Ֆիլբին Մոսկվայում է: Շուտով անհավանականը ակնհայտ դարձավ. «ԼջՉպրՑՌÿ» թերթը գրեց, որ նա քաղաքական ապաստան է խնդրել Խորհրդային Միությունից: Երբ Կիմը «Դոլմատով» շոգենավով հասավ Օդեսա, նավահանգստում նրան դիմավորեցին անվտանգության կոմիտեի աշխատակիցները, որոնցից մեկը ձեռքը նրա ուսին դնելով` ասաց. «Մեր ծառայությունում գոյություն ունի հետևյալ օրենքը` հենց որ քեզնով սկսում է հետաքրքրվել հակահետախուզությունը, ուրեմն դա վերջի սկիզբն է: Մեզ հայտնի է, որ այն սկսվել է 1951 թվականին, իսկ հիմա 1963- ն է, այնպես որ…»: Բայց ի՞նչ է ստացվում` ուրեմն Ֆիլբին շուրջ 12 տարի եղել է «տՏՊ ՍՏստՈՍՏ՞Վ»: Ի՞նչն էր պատճառը, որ նրա` խորհրդային մայրաքաղաքում հայտնվելուց հետո միայն ի հայտ եկան տասնյակ մարդիկ, որոնք վաղուց կասկածում էին նրան: Ի դեպ` թեպետ Յուրի Անդրոպովը հասարակության առաջ ամենայն հարգանքով էր վերաբերվում բրիտանական լրտեսին, սակայն այդպես էլ չբարձրացրեց նրա կոչումը, պահում էր շուրջօրյա հսկողության տակ և մոտ չէր թողնում Լուբյանկային: Սակայն ինքը Ֆիլբին այդ ամենը ժխտում էր: Այդ մասին վկայություններ ունի գրող և հրապարակախոս Ֆիլիպ Նայթլին, որը 1964թ գրել է «Ֆիլբին լրտես է, որը դավաճանել է սերնդին» վերնագրով գիրքը: Նա իր գրքի մի օրինակ ուղարկել է Մոսկվա` իր հերոսին, որն անպատասխան չի թողել հեղինակին` ուղարկելով իր երախտագիտությունն արտահայտող մի գրություն, որից հետո նրանց միջև սկսված նամակագրությունը տևել է շուրջ 20 տարի: Նամակներում, որոնք, ի դեպ, մեծ բավականություն էին պատճառում Նայթլիին, հետախույզը բողոքում էր մենակությունից, անգլիական լրագրերի պակասությունից, դատարկ ու պարապ ապրելակերպից, սակայն որոշ նամակներ ուղղակի զարմացնում էին գրողին: Պարզվում է, որ Ֆիլբին հաճախ էր լինում արտասահմանում` մի անգամ նույնիսկ հանգիստն անցկացրել է Կուբայում: Ի՞նչ կա որ` նա վաստակել էր հանգիստ, ապահով կյանք վարելու իր իրավունքը… Որպես հիշատակ այդ անհանգիստ ժամանակների` նա արկղիկի մեջ խնամքով պահում էր ստացած պարգևների մի պատկառելի հավաքածու` Լենինի, Կարմիր Աստղի, Ժողովուրդների բարեկամության, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանները, հունգարական, բուլղարական և կուբայական պարգևներ ու այլ մեդալներ:
1988թ. հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Նայթլիի և Ֆիլբիի հանդիպումը, որը համընկնում էր հետախույզի խորհրդային տարագրության 25-ամյակին: Այն Կիմի տված վերջին հարցազրույցն էր մամուլի ներկայացուցչին: Ըստ լրագրողի` հետախույզն իրեն պահում էր ազատ ու անկաշկանդ, վախեցած կամ նյարդայնացած կալանավորի տպավորություն չէր թողնում: Հյուրի այն հարցին՝ կա՞ն, արդյոք, բնակարանում «լսող» սարքեր, տանտերը պատասխանեց, որ դա իրեն չի հետաքրքրում:
Ֆիլբին ոչ միայն զարմանալի հետախույզ էր, այլև արտակարգ երազող, մի բան, ինչը պետք է որ անհամատեղելի լիներ նրա մասնագիտության հետ: Հավանաբար այդ գործում վճռորոշ դեր էին խաղացել հոր` Սենթ-Ջոն-Ֆիլբիի գեները, որն արևելագետ էր, աշխատել էր Հնդկաստանի անգլիական գաղութային վարչությունում, իսկ այնուհետև, դառնալով հայտնի արաբագետ, մահմեդականություն էր ընդունել, ամուսնացել արաբ աղջկա հետ, երկար ժամանակ ապրել բեդվին ցեղերի մեջ, դարձել Իբն-Սաուդ թագավորի խորհրդականը: Կիմը, որին անվանակոչել էին Կիպլինգի համանուն գրվածքի հերոսի պատվին, երիտասարդ տարիքում անսովոր մտածողություն դրսևորեց. «Երբ ես տասնինը տարեկան ուսանող էի, ջանում էի ձևավորել կյանքի հանդեպ ունեցած իմ հայացքները: Ուշի-ուշով շուրջս նայելով` եկա մի պարզ եզրակացության` հարուստներն արդեն շատ երկար ժամանակ է, ինչ չափազանց լավ են ապրում, իսկ աղքատները` չափազանց վատ, և այդ ամենը փոխելու ժամանակն է»: Նրա արիստոկրատ նախնիները, հավանաբար, շուռ եկան իրենց փտած գերեզմաններում, իսկ ողջերը չհավատացին իրենց ականջներին: Նախընտրական հավաքներում արտասանած իր ելույթը Կիմն սկսում էր հետևյալ բառերով. «Բարեկամնե՛ր, Անգլիայի սիրտը բաբախում է ոչ թե պալատներում, այլ զնդաններում: Այն բաբախում է ֆաբրիկաներում և ֆերմաներում»: Կիմը կարդում էր նաև մարքսիստական գրականություն, և զարմանալի չէ, որ 1933թ. ամռանը դարձավ կոմունիստ:
Կիմն ինքն էր հաստատում, որ Մոսկվայի համար աշխատելու առաջարկը ստացել է Անգլիայում, որին, առանց երկար-բարակ մտածելու, համաձայնել է: Այն մարդը, որը նրան ներքաշել էր լրտեսության մեջ, Լոնդոնի համալսարանի փիլիսոփայության դոկտոր «Օտտո» մականունով Առնոլդ Դեյչն էր՝ լրտեսականը գործունեության հետ հաջողությամբ զուգակցող մեկը: Մի քանի տարի անց, մինչ Ֆիլբին լոնդոնյան «Թայմս» թերթի թղթակիցն էր և մի քանի հանձնարարություն էր կատարել Մոսկվայի համար, առաջարկ ստացավ ծառայության մտնել Բրիտանիայի գաղտնի հետախուզությունում` «Secret Intelligense Service»-ում: Այնտեղ նա սրընթաց կարիերա արեց` 1944թ. 32-ամյա Կիմը դարձավ… 9-րդ բաժնի SIS-ը՝ զբաղվելով խորհրդային և կոմունիստական գործունեությամբ Անգլիայում: Փաստորեն, ստացվում էր այնպես, որ նա հետևում էր ինքն իրեն… Իր գործունեության ընթացքում նա շատ մոտ հարաբերությունների մեջ էր եղել այդ բնագավառի մի շարք հայտնի մարդկանց հետ. Վաշինգտոնում` ՀԴԲ-ի ղեկավար Էդգար Գուվերի, ԿՀՎ-ի լավագույն հետախույզ Էնգլտոնի հետ, որին «շղթայակապ շուն» էին անվանում իր հիվանդագին կասկածամտության համար: Այդուհանդերձ, դժվար չէ համաձայնել, որ Կիմի հետ շարունակում էին տարօրինակ դեպքեր կատարվել. ճակատագի՞րն էր նրան պահպանում, թե՞ ուրիշ մի բան… Չէ՞ որ քիչ էր մնում Ֆիլբին դառնար ողջ բրիտանական հետախուզության ղեկավարը: Սակայն, նրա սլացքը կանգ առավ` 1951թ. Կիմը կասկածի տակ ընկավ: Բայց, զարմանալի բան` հերթական անգամ նա խույս տվեց իր գլխին կախված սրի սպառնալիքից: Նրան հարցաքննեցին, հետևեցին, բայց բավարար հանցանշաններ չգտնելով` բաց թողեցին:
Երբ Ֆիլբին ժամանեց Մոսկվա, հազիվ հիսունն անց փորձառու հետախույզ էր: Տարօրինակ էր, մի՞թե նրան չէին «օգտագործում»: Գուցե և ոչ` չէ՞ որ նա վերջնականապես «ջրի երես էր դուրս եկել»: Երևի, այնուամենայնիվ, զգուշանում էին` հանկարծ նա այստեղ-այնտեղ ավելորդ բաներ կասի: Բայցևայնպես, լուրեր էին պտտվում, թե նա ՊԱԿ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում: Առաջին երեք տարին ծախսեց, որպեսզի հիշի և գրի առնի գլխով անցածը, ինչն էլ հետագայում հիմք հանդիսացավ նրա ապագա գրքի համար: Բայց հետո, մոտավորապես 1967թվականից սկսած, ամեն ինչ փոխվեց: Զբաղվածությունը հետզհետե նվազեց, որը նպաստեց նրա՝ հիասթափության, ընկճախտի և հարբեցողության գիրկն ընկնելուն: Նա սկսեց հիշել հայրենիքը, առաջին կնոջը` Այլին Ֆիերսին, որից, ի դեպ, չորս երեխա ուներ: Այլինի հետ Կիմը ծանոթացել էր անգլիական հակահետախուզության արխիվում, որտեղ Այլինն աշխատում էր: Ապագա փեսացուն արխիվում հաճախ ինչ-որ թղթեր էր քրքրում, որոնց մի մասն էլ, երբեմն, հետը տուն էր տանում: Տարիներ անց Այլինը խոստովանեց, որ չէր ճանաչել ամուսնու ինքնությունը, սակայն հնարավոր է, ճիշտ չէր ասում, քանի որ սիրում էր նրան, դրա համար էլ պահում էր ահավոր գաղտնիքը:
Մոսկվայում Ֆիլբին ամուսնացավ երկրորդ անգամ: Նրա կինը Ռուֆինա Պուխովան էր:
Իսկ այժմ անդրադառնանք Նայթլիի վերջին հարցազրույցին: Դժվար չէր հասկանալ, որ նախկին հետախույզը ԽՍՀՄ-ում ապրում էր իր հաճույքներին հագուրդ տալով: Հյուրասիրության սեղանը «ճկռել էր» ուտելիքների առատությունից` խավիար, տարաղան (րպՉՐ՚չՈ), սառը ռոստֆիբ (տավարի տապակած մսից կերակուր) և ուրիշ համեղ ու հազվագյուտ ուտեստներ: Նայթլիի հարցին, թե` կարոտու՞մ է արդյոք հայրենիքը, Ֆիլբին կատակով պատասխանեց. «Կոուլմանզի մանանեխին և «Աու էնդ Փերինզ» ֆիրմայի թանձրահյութին»,- իսկ հետո, ծուռ ժպտալով, շարունակեց, որ ոչ միայն թերթերն է կարդում, այլև BBC է լսում: Խոսակցությունից պարզ դարձավ, որ նա արտասահմանում հաճախ է եղել, Կուբայից հետո այցելել է նախ Չեխոսլովակիա, իսկ հետո Հունգարիա: Իսկ լրագրողի այն հարցին, թե՝ ինչպե՞ս է իրեն զգում 76-ամյա Ֆիլբին, վերջինս պատասխանեց. «Արիթմիա ունեմ, որի պատճառով բուժվել եմ հոսպիտալում: Ինձ ասացին՝ եթե ինձ հետևեմ` խուսափեմ միջանցիկ քամիներից և ծանրություն չբարձրացնեմ, ևս մի քանի տարի առոք-փառոք կապրեմ»: Ավաղ, այդ զրույցից մի քանի ամիս անց Կիմ Ֆիլբին ընդմիշտ մեկուսացավ իր վերջին գաղտնի բնակարանում` Կունցևյան Հին գերեզմանատանը:
Նայթլին այդպես էլ չհասկացավ, թե որքանով էր տանտերն իր հետ անկեղծ: Գործակալի պատմածներից ո՞րն էր ճիշտ, որը` սուտ, ո՞րն էր տեղեկատվություն, որը` ապատեղեկատվություն:
Նրա աչքերից ոչինչ հնարավոր չէր հասկանալ: Աչքեր, որոնք ճառագում էին միայն բարյացակամ հանդարտությամբ: Զրույցի ընթացքում Ֆիլբին ամեն կերպ ջանում էր հյուրին համոզել, որ իրենց հանդիպումը ՊԱԿ-ի կողմից չի վերահսկվում: Ո՞վ իմանա… Իսկ ամենավերջում հետախույզը հավելեց. «Եթե խնդրեիք հաշվետու լինել անցած կյանքիս համար, ես կասեի, որ ավելի շատ լավ բան եմ արել, քան վատ: Թեպետ, հնարավոր է՝ շատերը չկիսեն իմ կարծիքը»: Անվիճելի է, որ Կիմ Ֆիլբին զարմանալի, անգերազանցելի մարդ էր, ինչի վկայությունը այն բազմաթիվ գաղտնիքներն են, որոնք նա իր հետ գերեզման տարավ:
Ռուսերենից թարգմանեց
ՍՈՒՍԱՆՆԱ ՕՀԱՆՅԱՆԸ