ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Ա. ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ
Անհնար է սիրել հայրենիքը՝ չճանաչելով նրան. առաջնորդվելով այս իմաստուն խոսքերով՝ բացում ենք նոր խորագիր և սկսում «Զրույցներ հայկականության մասին» շարքի հրապարակումը, որի նպատակն է պարզ, մատչելի զրույցների միջոցով ավելի ընդլայնել մեր ընթերցողի իմացությունը հայոց ազգային դիմագիծը հատկանշող առանձին հասկացությունների, ինչպես նաև նոր գիտելիքներ հաղորդել հայ կյանքի այս կամ այն երևույթի, իրադարձության, հնարավոր է՝ դեռևս անծանոթ իրողության մասին։
Պետք է ձգտել իմանալ ավելին, քան գիտես։ Գիտելիքն ուժ է։
Նախ՝ քանի՞ լեզու կա աշխարհում։ Առաջին հայացքից պարզ թվացող այս հարցին գիտնականները դժվարանում են տալ ստույգ պատասխան։ Խնդիրը հատկապես բարդանում է լեզուների և բարբառների սահմանները միանշանակորեն որոշելիս։ Այստեղ վճռական դեր է խաղում հասկանալիության աստիճանը. ո՞վ կարող է առարկել՝ տարբեր լեզուներով խոսողներն իրար չեն հասկանում (հիշենք Բաբելոնյան աշտարակաշինությունը, երբ Աստված, զայրանալով մարդկանց հանդգնության վրա, նրանց տարբեր լեզուներ տվեց, որպեսզի նրանք իրար չհասկանան, և աշտարակի կառուցումը ձախողվի), իսկ ահա նույն լեզվի բարբառներով խոսողները շատ լավ էլ հասկանում են իրար։ Այս պարզ ճշմարտությունը, սակայն, որոշ առարկությունների տեղիք է տալիս։ Բերվում է, օրինակ, այսպիսի առարկություն, ռուսներն ու բելառուսները խոսում են տարբեր լեզուներով (ռուսերեն և բելառուսերեն), բայց դա չի խանգարում, որ նրանք, խոսելով իրենց մայրենի լեզվով, իրար հասկանան, և թարգմանչի կարիք առանձնապես չզգացվի։ Նույնը կարելի է ասել տաջիկների և պարսիկների մասին։ Իսկ ահա լինում են դեպքեր, երբ իրար չեն հասկանում կամ, համենայն դեպս, լավ չեն հասկանում միևնույն լեզվի տարբեր բարբառներով խոսողները։ Հեռու չգնանք. այդպիսի իրավիճակում այսօր հայտնվում են, օրինակ, լոռեցին և համշենցին, երբ խոսում են նույն լեզվի (հայերենի) երկու տարբեր բարբառներով։ Ո՞ւր մնաց հասկանալիության աստիճանը լեզուները և բարբառները տարբերելիս, դրանց սահմանները որոշելիս։ Իսկ հայերենի բարբառները մի քանի տասնյակ են։
Այլ հանգամանքներ էլ կան։ Օրինակ՝ չինարենով ներկայումս խոսում են բազմամիլիոն մարդիկ, բայց ահա մի քանի տասնյակ են հաշվվում ամերիկյան որոշ բնիկներ, որոնք խոսում են իրենց լեզվով, այն էլ՝ միայն ընտանիքներում։ Նրանց լեզո՞ւն էլ համարել առանձին լեզու. չէ՞ որ լեզուն գոյություն ունի միայն հասարակության մեջ և ծառայում է նույն այդ հասարակությանը։
Ինչևէ, համադրելով լեզվի, որպես հասարակական հաղորդակցման համընդհանուր միջոցի, առավել բնորոշ հատկանիշները՝ գիտնականները հանգել են այն կարծիքին, որ աշխարհում այսօր հաշվվում է շուրջ երեք հազար լեզու։ Հայերենը, ուրեմն, դրանցից մեկն է, և նրանով խոսում է հինգ միլիոնից ավելի մարդ, թեև, ըստ որոշ հաշվարկների, հայերի թիվն աշխարհում շատ ավելի մեծ է։
Կա՞ որևէ հարաբերակցություն աշխարհի լեզուների միջև։ Այո՝ կա. լեզուները, ելնելով որոշակի ընդհանրություններից, կազմում են խմբեր, որոնք կոչվում են լեզվաընտանիքներ։ Օրինակ՝ թուրքական լեզվաընտանիք (թուրքերեն, ղազախերեն, ուզբեկերեն, թուրքմեներեն և այլն), ֆիննա-ուգրական լեզվաընտանիք (ֆիններեն, հունգարերեն, կարելերեն և այլն), հնդեվրոպական լեզվաընտանիք (հունարեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, հնդկերեն, իտալերեն և այլն)։
Մեզ հետաքրքրողը հնդեվրոպական լեզվաընտանիքն է, որի մեջ էլ մտնում է հայերենը։ Այն ամենաբազմանդամն է և ամենամեծը. այս լեզվաընտանիքի մեջ մտնող լեզուներով խոսում է աշխարհի բնակչության կեսը։
Հայերենին բնորոշող մի հանգամանքի մասին։ Լեզվաընտանիքները, ելնելով իրենց մեջ մտնող լեզուների նմանության, այլ խոսքով՝ ցեղակցության աստիճանից, իրենք էլ բաժանվում են առանձին ճյուղերի։ Կոնկրետ հնդեվրոպական լեզվաընտանիքում այդպիսի ճյուղեր են ռոմանականը (ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն և այլն), գերմանականը (գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն, շվեդերեն և այլն), սլավոնական (ռուսերեն, չեխերեն, լեհերեն, ուկրաիներեն, բելառուսերեն և այլն)։
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի որևէ ճյուղի մեջ չի մտնում, այլ կազմում է առանձին ինքնուրույն ճյուղ, որում միայն ինքն է։ Պատճառը մեկն է՝ հայերենը մերձավոր ցեղակից, այլ խոսքով՝ «քույր» լեզուներ չունի, և ճյուղը հենց այդպես էլ կոչվում է՝ հայկական։
Ե՞րբ է ծագել հայերենը, որտե՞ղ և ինչպե՞ս։
Գիտնականները, դիմելով ուսումնասիրման տարբեր մեթոդների և համադրելով փաստերը, եկել են այն համոզման, որ վաղնջական ժամանակներում եղել է մի լեզու, որն իր բարբառային ճյուղավորումներով տարածվել է ներկայիս Հնդկաստանից մինչև Եվրոպա (այստեղից էլ՝ «Հնդեվրոպական լեզվաընտանիք» եզրույթը)։ Այն պայմանականորեն անվանել են հնդեվրոպական նախալեզու, որից էլ հազարամյակների ընթացքում առանձնանալով, ինքնուրույնանալով՝ ծագել են հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ մտնող լեզուները։
Ըստ ընդունված գիտական տեսակետի՝ հնդեվրոպական նախալեզուն գոյություն է ունեցել մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակներում, իսկ դրա աստիճանական տրոհումը առանձին լեզուների սկսվել է 3-րդ հազարամյակում։ Հենց այդ ժամանակ էլ՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակում (որոշ գիտնականների կարծիքով՝ 2-րդ հազարամյակում), ծագել է հայերենը՝ որպես ինքնուրույն լեզու։
Իսկ որտե՞ղ է ծագել հնդեվրոպական նախալեզուն, այնուհետև էլ տարածվել Հնդկաստանից Եվրոպա։ Այլ խոսքով՝ որտե՞ղ է եղել հնդեվրոպական ցեղերի նախահայրենիքը։ Գիտությունը տվել է նաև այս հարցի պատասխանը՝ հնդեվրոպական ցեղերի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, նրան հարակից Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արևելյան և Իրանական բարձրավանդակի արևմտյան մասերը։
Գիտական այս հիմնավորումը կարևոր նշանակություն ունեցավ հայերի, ուրեմն և հայերենի ծննդաբանության տեսակետից. մեր նախնիները ոչ թե եկվորներ են (ինչպես այսօր էլ պնդում են որոշ վայ-գիտնականներ), այլ բնիկներ, և հայերի ու հայերենի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։
Հայոց նախնիները, բնականաբար, չէին կարող ապրել մեկուսի, և շփումներն արդեն կազմավորված կամ կազմավորվող էթնոսների հետ ինքնըստինքյան հանգեցնում էին նաև լեզուների շփման։ Այս առումով հայերենը հատկապես սերտ առնչություններ ուներ հունա-արիական լեզուների հետ, և դրանք շարունակվեցին նաև հետագա դարերում։ Բառերի ընդհանրությունները (զուգաբանությունները) հունարենի հետ հայերենում մեծ թիվ են կազմում երկրագործության, արհեստագործության ասպարեզներում, ինչը վկայում է հայերի և հույների տնտեսական սերտ շփումների մասին։ Ընդհանրապես՝ հայոց լեզվում «ոս», «իոն» վերջավորություններն ունեցող բառերը մեծ մասամբ ունեն հունական ծագում (կաթողիկոս, հերոս, օվկիանոս, մեդալիոն, ստադիոն, բրաբիոն և այլն)։ Պահլավերենից՝ միջին պարսկերենից են գալիս «շտ» վերջավորությունն ունեցող բազմաթիվ բառեր (դաշտ, տաշտ, վաշտ և այլն)։ Ռազմական բնագավառում օգտագործվող շատ բառեր նույնպես փոխառնված են պահլավերենից։ Օրինակ՝ «սպա» բառը, որը պահլավերենում նշանակել է զորք (այստեղից էլ սպարապետ՝ զորքի պետ, զորապետ)։ Միջնադարյան Հայաստանում զինված ուժերի գլխավոր հրամանատարը կոչվել է սպասալար։ Դա նույն «սպա» բառն է՝ գումարած «սալար» բաղադրիչը, որը նշանակել է գլուխ (սպասալար՝ զորքի գլուխ, գլխավոր)։ Սակայն «սպա» նշանակել է նաև հեծելազոր։ Ուրմեն՝ «սպա» բառը պահլավերեն «ասպար» բառի սղված ձևն է, որը նշանակել է ձի։ Այստեղից էլ՝ «ասպատակել» (ձիով հարձակվել), «ասպարեզ» (հնում տարածության չափի միավոր՝ հաշված ձիու քայլերով), «ասպետ» (բուն իմաստով՝ ձիավոր) և այլ բառեր։
Նույն ձևով կարելի է ստուգաբանել «արշ» բառը, որը նույնպես նշանակել է ձի։ Այստեղից էլ՝ «արշավել» (ձիով ներխուժել), «մարշալ» (բուն իմաստով՝ ձիապան, «մ»-ն լծորդիչ է) և այլ բառեր։
Այս օրինակները վկայում են լեզուների սերտ առնչությունների մասին, բայց դրանք նաև վկայում են, թե ինչ առնչություններ են ունեցել ժողովուրդները։ Խոսքը վերաբերում է նաև հին էթնոսներին, ցեղերին ու ազգերին։ Այս առումով հայերենը, լինելով հինավուրց և հարուստ լեզու, պարունակում է բազմաթիվ բառեր, որոնք խոսում են հայերի ու խեթերի, խուռերի, ասուրների, աքքադների և այլ հնագույն ցեղերի ուղղակի կամ միջնորդավորված շփումների մասին։ Եվ ճիշտ են այն պատմաբանները, ազգագրագետները, հնագետները, որոնք այս կամ այն գիտական խնդիրն ուսումնասիրելիս դիմում են նաև լեզվին, նրա շերտերում գտնում ինչ-ինչ հարցերի պատասխաններ։ Հայերենը բացառիկ նշանակության գիտական սկզբնաղբյուր է։
Հայերենն է, որ անցնելով հազարամյակների միջով, մյուս լեզուների համեմատ առավելագույնս պահպանել է հնդեվրոպական նախալեզվի տարրերը, և պատահական չէ, որ հայերենում այսօր էլ գործածվող շատ բառեր հանդիպում են նաև համեմատաբար նոր եվրոպական լեզուներում։ Դրանք այնքան են մտել այդ լեզուներ, որ երբեմն ընկալվում են որպես օտար բառեր։ Միայն մեկ օրինակ. եվրոպացիները գործածում են «օթել» բառը, և մենք այն թարգմանում ենք «հյուրանոց»։ Բայց չէ՞ որ դա հինավուրց հայերեն բառ է, որը նշանակել է իջևանել, գիշերել, հյուր լինել, այսինքն՝ օթևանել։
Հայերենն էլ, ինչպես ամեն մի լեզու, անցել է զարգացման ճանապարհ։ Լեզվագիտությունն այն բաժանում է երեք փուլի կամ շրջանի. հին (5-11-րդ դարեր), միջին (12-16-րդ դարեր), նոր (17-20-րդ դարեր)։
Հին շրջանի գրական լեզուն գրաբարն է, որն այդպես էլ կոչվեց, քանի որ Մաշտոցի գյուտով հայերենը դարձավ գրավոր, արտահայտվեց գրի ձևով (գրաբար)։ Այն ճոխ, հարուստ լեզու էր, իսկապես՝ «ոսկեղենիկ», բայց, հեռանալով խոսակցական լեզվից, աստիճանաբար դարձավ անհասկանալի։ Առաջ եկավ միջին հայերենը, որը գրաբարի պես հարուստ չէր և նույնպես դարձավ անհասկանալի՝ մեկուսանալով խոսակցական լեզվից։ Նոր շրջանը սրեց ժամանակի կենդանի լեզվով՝ խոսակցականով գրելու պահանջը, և առաջ եկավ հայերենի զարգացման նոր փուլը՝ աշխարհաբարը, այսինքն՝ աշխարհիկ գրական լեզուն։ Պատմական դժբախտ պայմանների պատճառով էլ նոր գրական լեզուն բաժանվեց երկու մասի՝ արևմտահայ և արևելահայ գրական լեզուների։
Հայոց պետականության վերականգնմամբ հայերենը դարձավ պետական լեզու՝ մի փառապսակ, որ նա կրելու է միշտ՝ լինելով հայ ժողովրդի գոյության ամենամեծ փաստը, նրա ինքնության անջնջելի կնիքը։
Պ. Սևակը հայոց լեզուն համարում էր «մեր պատմության մեծագույն դիվանը», Հ. Սահյանն ասում էր՝ «Մեր լեզուն մենք ենք, որ կանք»։ Սքանչելի է Ավ. Իսահակյանի խոսքը՝ «Մեր լեզուն մեր հայրենիքն է»։
Հայի համար մայրը սրբություն է, և նա ասում է՝ մայր Հայաստան, մայր հայրենիք, մայր լեզու կամ պարզապես մայրենի։
Հայ զինվորը, պաշտպանելով իր մայր հայրենիքը, պաշտպանում է նաև իր մայր լեզուն։
Ն. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Խորագիր՝ #17 (933) 3.05.2012 – 9.05.2012, Հոգևոր-մշակութային