Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԺՎԱՐԻՆ ԸՆԹԱՑՔ



1992թ.

ՀՈՒԼԻՍ

Հուլիսի 15-ին հայկական ուժերը, զարգացնելով հակահարձակումը, Մարտակերտի ճակատում ազատագրեցին Սարսանգի ջրամբարի հիդրոհանգույցը, իսկ Ասկերանի ճակատում՝ Նախիջևանիկ գյուղը:

Հուլիսի 16-ին ԱՊՀ պաշտպանության նախարարների համատեղ խորհրդակցությունում մարշալ Շապոշնիկովը հայտարարեց, որ ԱՊՀ զինված ուժերը պետք է խաղաղապահ առաքելություն իրականացնեն Տաջիկստանում ու Մոլդովայում, իսկ Ղարաբաղում նույնը կատարել չեն կարող, քանի որ դրան դեմ է Ադրբեջանը, որի տարածքում է գտնվում Լեռնային Ղարաբաղը…

Նույն օրը, շարունակելով զարգացնել հակահարձակումը եւ Մարտակերտում Ներքին Հոռաթաղի, Մեծշենի, Մոխրաթաղի ուղղություններում գրավելով կարևոր բարձունքներ, ինքնապաշտպանության ուժերը ոչնչացրին 4 տանկ ու մի քանի տասնյակ զինվոր:

ՀՀ զինկոմիսարիատը հայտարարեց, որ ապրիլից, երբ սկսվեց 1973 թվականին ծնվածների զորակոչը, 800 զորակոչիկից ներկայացել էր 577-ը: Պատճառը հանրապետությունից բնակչության հեռանալն ու զորակոչից խուսափելն էր:

Հուլիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանով Գորիսի շրջանում հայտարարվեց արտակարգ դրություն: Արտակարգ դրության շրջանի պարետ նշանակվեց Պարույր Հայրիկյանը:

Հուլիսի 19-ի առավոտյան ազատագրվեցին Ումուդլուն և Մոխրաթաղը: Զարգացնելով հարձակումը՝ հայկական ուժերը մտան Մաղավուզ ու Զագլիկ` վերահսկողություն սահմանելով Սարսանգի ջրամբարի նկատմամբ: Մարտակերտի հյուսիսում շարունակվում էր հակահարձակումը: Հայկական կողմն ուներ 4 զոհ և 30 վիրավոր, իսկ թշնամին, որի կորուստները կազմում էին շուրջ 300 սպանված, խուճապահար փախչում էր: Նույն երեկոյան 3 «ՍՈՒ-25» ինքնաթիռ վեց ավիառումբ նետեց Ստեփանակերտի վրա: ԼՂՀ ԳԽ նախագահ Գ. Պետրոսյանը հայտարարեց, որ սկսվում է պատերազմի նոր փուլը:

Նույն օրն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանեց զորակոչից խուսափելու, բանակում հրամանների չկատարման ու մեծ չափերի հասած դասալքության մասին:

Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը, ծանր կորուստներ պատճառելով թշնամուն, որը թողեց շուրջ 100 սպանված, երկու տանկ և մեծաքանակ այլ ռազմավար, Մարտակերտի ճակատում ազատագրեցին Հաթերքը:

Հուլիսի 21-ին ազատագրվեցին Մաղավուզ ու Ներքին Հոռաթաղ գյուղերը, ինչի շնորհիվ ճակատի գիծն ընդհուպ մոտեցավ թշնամու ձեռքն անցած Մարտակերտ քաղաքին:

Նույն օրը օղակված Արծվաշենում հրետակոծումից զոհվեց չորս բնակիչ, իսկ Ադրբեջանի, Լենքորանի, Աստարայի ու Մասալի շրջաններում ոստիկանության ու ընդդիմության միջև զինված բախումներ էին:

Հուլիսի 21-22-ին ինքնապաշտպանության ուժերը Մարտակերտի ճակատում ազատագրեցին Չափար, Զարդախաչ և Իմերեթ-Գերեվենդ գյուղերը:

Հուլիսի 22-ին Աղդաբանից դեպի Հաթերք հարձակման ձախողումը հակառակորդին 80 սպանված և 2-ական տանկ ու ՀՄՄ արժեցավ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահմոն Ղազիևը խորհրդարանում հայտարարեց, որ անհաջողությունների պատճառը բանակում ցածր կարգապահությունն է: Բաքուն զորակոչում էր անգամ ուսանողներին:

Հուլիսի 23-ին կազմավորվեց պաշտպանության բանակի թիվ 34153 զորամասը՝ Վիտալի Բալասանյանի ղեկավարած Ասկերանի պաշտպանական շրջանը:

Հուլիսի 24-ին ՀՀ ԳԽ-ն քննարկեց «ՀՀ զինվորական դատարանի մասին» և «ՀՀ զինվորական դատախազության մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Սկսվել էր 7-րդ գվարդիական բանակի գույքի ու սպառազինության հանձնումը Հայաստանի Հանրապետությանը, և Վազգեն Սարգսյանը, դիմելով 7-րդ բանակի սպայական կազմին, կոչ արեց մնալ Հայաստանում և օժանդակել հայկական բանակի ստեղծմանը, իսկ Բաքուն ու ռուսական լրատվամիջոցներն անընդհատ հաղորդում էին մարդասիրական միջանցքով Արցախ տեղափոխվող մեծաքանակ մարտական տեխնիկայի մասին:

Մարտակերտի հյուսիսն առանձնապես չէր ավերվել, ու բնակչությունը վերադառնում էր, թալանի եկած մեծ թվով ադրբեջանցիներ էին բռնվում:

Հուլիսի 25-ին ադրբեջանական ավիացիան ռմբակոծեց Մարտունին:

Հուլիսի 26-ին Ադրբեջանին հանձնվեց Կասպիական նավատորմը, որի հինգ նավերի վրա ադրբեջանական դրոշ բարձրացվեց: Նույն օրը սկսվեց նաև Նախիջևանի ու Լենքորանի հրաձգային դիվիզիաների հանձնումը Ադրբեջանին:

Հայկական ուժերն ազատագրեցին Մինգրելսկը, Մաղավուզն ու Հակոբ Կամարին: Ղազիևն անհաջողությունների համար մեղադրեց Էլչիբեյին և ՆԳ նախարար Համիդովին, որը «մոռանալով Ղարաբաղի մասին, պայքարում է միայն մասնավոր սեփականատերերի ու առևտրականների դեմ»:

Հուլիսի 27-ին Մեծշենն ազատագրվեց, իսկ Արծվաշենի ճանապարհը փակվեց:

Հուլիսի 29-ին Գորիսում ու Կրասնոսելսկում հայտարարվեց արտակարգ դրություն: Ազատագրվեցին Ներքին Հոռաթաղն ու Մարտակերտ քաղաքի արևմտյան մասը, և հայկական ուժերը, ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը, փորձում էին քաղաքի ուղղությամբ զարգացնել հարձակումը: Գերիների տվյալներով, վերջին օրերի մարտերում Մարտակերտում սպանվել էր 150 զինվոր, իսկ բանակի հրամանատարությունն առաջին գծում թողնում էր հիմնականում չեչեն, թալիշ, լեզգի և ռուս զինվորներին: Ադրբեջանի խորհրդարանը չընդունեց Ղազիևի հրաժարականը:

Նույն օրը տեղի ունեցավ Ղոչազի ողբերգությունը, երբ մարդասիրական միջանցքում շրջապատման մեջ զոհվեցին «Ազգային ինքնորոշում միավորման» 24 մարտիկներ, իսկ 8-ը անհետ կորան:

Հուլիսի 30-ին Մարտակերտ քաղաքի, Մատաղիսի ու Լեոնարխի կռիվներում թշնամին 100 զինվոր կորցրեց: Ադրբեջանական ստորաբաժանումները երբեմն առանց մարտի լքում էին դիրքերը, իսկ Աղդաբանի ուղղությունում թողել էին 4 միավոր զրահատեխնիկա և մեկ հրանոթ:

Հուլիսի վերջերին թվում էր, թե Մարտակերտն էլ կազատագրվի, բայց…

ՕԳՈՍՏՈՍ

Օգոստոսի 1-ին Բաքուն խոստովանեց, որ մեկ օրում կորցրել է 8 տանկ ու 4 զրահամեքենա, իսկ հունիս-հուլիսին՝ 28 տանկ, 38 զրահամեքենա և 56 հրետանային կայանք, որոնք ակնհայտ նվազեցված թվեր էին: Նույն օրը ազատագրվեցին Չարեքտարն ու Աղդաբանը:

Վիճակը վատանում էր Արծվաշենում ու Լաչինում:

Օգոստոսի 3-ին արտակարգ խորհրդակցությունում Էլչիբեյը հայտարարեց, որ Ադրբեջանի առաջնահերթ խնդիրը մարտունակ զինված ուժերի ստեղծումն է: Խորհրդակցություն մասնակիցները բողոքեցին, որ բանակի համալրումն ու մատակարարումը պլանավորված չէ, ջոկատները չեն ենթարկվում հրամանատարությանը, մեծանում է դասալքությունը, և պահանջեցին արտակարգ միջոցներ ձեռնարկել:

Օգոստոսի 4-ին թշնամին զանգվածային հրթիռահրետակոծումից հետո գրոհեց Արծվաշենը, բայց հետ շպրտվեց:

Օգոստոսի 5-ին ադրբեջանական օդուժի ու համազարկային կրակի «Ուրագան» կայանքների հարվածներից Ստեփանակերտում զոհվեց 20 խաղաղ բնակիչ:

Օգոստոսի 6-ին Մարտակերտի ճակատում ադրբեջանական բանակը, դիմելով լայնածավալ հակահարձակման, ճեղքեց պաշտպանական գիծը:

Օգոստոսի 7-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ, բացեցին Արծվաշենը Հայաստանին կապող ճանապարհը: Բաքուն հայտարարեց, որ հայկական զորքերը 6 կիլոմետր խորացել են Գետաբեկի շրջանի տարածք և գրավել Մութուդարա ու Իսալի գյուղերը:

Ինքնապաշտպանության ուժերը ետ մղեցին Հակոբ Կամարի ու Մաղավուզ գյուղերի ուղղությամբ թշնամու հարձակումը՝ ոչնչացնելով 2 տանկ ու 60 զինվոր: Մարդասիրական միջանցքում դրությունը ծանրանում էր:

Օգոստոսի 8-ին Արծվաշենն ընկավ: Աֆղանական պատերազմի բովով անցած մայոր Էդուարդ Ավետիսյանի և լեյտենանտ Վոլոդյա Դարբինյանի հրամանատարությամբ Վանաձորում տեղակայված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ Հարություն Աբրահամյանը, Սուրեն Եղիազարյանը, Տիգրան Թովմասյանը, Ժորա Հակոբյանը, Արմեն Մակարյանը, Դավիթ Միքայելյանը, Կարեն Մնացականյանը, Մխիթար Չիլինգարյանը, Կամո Սարիբեկյանը և Անանիա Սմբատյանը, որոնք հետմահու պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, դիմեցին հավաքական սխրանքի ու մնալով շրջապատման մեջ՝ իրենց կյանքերի գնով ապահովեցին գյուղի շուրջ 4.500 բնակչության նահանջը:

Նրանց աճյունները միայն աշնանը հնարավոր եղավ փոխանակել ու հոկտեմբերի 6-ին հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Նույն օրը ուժգին հրետակոծման ենթարկվեցին Հայաստանի բոլոր սահմանամերձ բնակավայրերը, «ՍՈՒ 25» ինքնաթիռն օդային հարված հասցրեց Կոռնիձորին: Սարսանգի ուղղությամբ շարունակվում էր թշնամու լայնածավալ հարձակումը:

ՀՀ նախագահի հրամանագրով 56-ամյա գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, որ մինչ այդ բարձր հրամանատարական պաշտոններ էր զբաղեցրել ԽՍՀՄ զինված ուժերում, նշանակվեց հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Օգոստոսի 9-10-ին աննախադեպ հրթիռահրետակոծման ենթարկվեց Գորիսի շրջանի տասը գյուղ:

Օգոստոսի 10-ին ՀՀ Նախագահը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար օգնության պահանջով դիմեց ԱՊՀ պետությունների ղեկավարներին, սակայն ԱՊՀ զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ Մանիլովը հայտարարեց, թե Համագործակցության անդամ պետությունների փոխադարձ օգնության և անվտանգության դաշնագիրը վավերացման փուլում է, և որ հարցը կարելի է լուծել միայն քաղաքական բանակցությունների միջոցով:

ՀՀ պաշտպանության նախարարությունն Արծվաշենի անկման կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ. «Օգոստոսի 7-ին, մոտեցնելով մեծ թվով կենդանի ուժ և զրահատեխնիկա, թշնամին աքցանի մեջ առավ գյուղի պաշտպաններին: Դժվարագույն պայմաններում հայտնված հայկական բանակի մարտիկները չընկրկեցին թշնամու առաջ: Գերադասելով մահը գերությունից, նրանք խիզախորեն մարտնչեցին և ճեղքելով թշնամու օղակը՝ դուրս եկան գյուղից: Ըստ նախնական տվյալների, նրանցից 12-ը զոհվեցին մարտում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խոնարհվում է նրանց անմար հիշատակի առջև: Նրանց անուններն ընդմիշտ կմնան հայկական բանակի տարեգրության մեջ որպես հայրենասիրության և հարազատ ժողովրդի հանդեպ զինվորական պարտքին մինչև վերջ հավատարիմ մնալու մեծագույն օրինակ»:

Նույն օրը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքվեց Ադրբեջանում գտնվող ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի և գործունեության մեխանիզմների մասին համաձայնագիր, որով ՌԴ-ն պարտավորվեց, բացի Նախիջևանից, երկու տարվա ընթացքում Ադրբեջանից դուրս բերել իր բոլոր սահմանապահ զորքերը:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #17 (933) 3.05.2012 – 9.05.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


10/05/2012