Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉՎԱԽԵՆԱՍ



Շարքային Հարություն Գրիգորի Հարությունյանն իմ որդին է… Եվ զորամասից եկած այս նամակն էլ ինձ է ուղղված, ինձ ու կնոջս… «Սիրելի Հարությունյաններ, Ձեր որդին՝ շարքային Հարություն Գրիգորի Հարությունյանը, բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ։ Նա իրոք կարճ ժամանակամիջոցում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման գերազանցիկ և կարգապահ մարտիկ։ Որպես զինծառայող զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է ծառայում համածառայակիցների համար։ Անկասկած, Հայրենիքին արժանի զինվորի՝ շարքային Հարություն Գրիգորի Հարությունյանի դաստիարակության գործում Ձեր ունեցած ներդրումը ամենամեծն է։

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Ձեզ հայրենիքի աննկուն պաշտպան դաստիարակելու համար։

Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, ամենայն հաջողություն…»։

…Պատերազմ էր… Աշխարհն ապրում էր իր ռիթմով, աշխարհը կապ չուներ մեր աշխարհի հետ, որ սկսվում ու ավարտվում էր սահմանին… Աշխարհն ապրում էր իր ուրախություններով ու տխրություններով, իր հաղթանակներով ու կորուստներով… Մեր հաղթանակներն ու կորուստներն ուրիշ էին… Մեր հաղթանակը ազատագրված հող էր, մեր կորուստը՝ մարտական ընկերոջ կյանքը… մարտական ընկեր, որը կողքիդ էր այն բարձունքը գրավելիս… Քո ուժն էր… որը կռվում էր կողքիդ, խոսում էր, պատմում, քաջալերում… ու վայրկյաններ անց չկար… ու չկար նրա բամբ, վառոդի ծխից խանձված ձայնը, զրնգուն ծիծաղը, շնչառությունը… լռությունն էր…

Ուրիշ ոչ մի տեղ ցնծությունն ու վիշտը այսպես համերաշխ ու հաշտ չեն ապրում իրար կողքի, իրար հետ։ …Մի օր իրիկնադեմին ադրբեջանցիները անակնկալ հարձակվեցին գյուղի վրա ու 4 կիլոմետր առաջ եկան։ 4 կիլոմետր հայրենի հող գերի վերցրին… Մենք 30-40 հոգի էինք ադրբեջանական մինչև ատամները զինված օմօնի դեմ։ Բայց եթե 3-4 հոգով էլ լինեինք, չէինք հանձնվելու… Չէ, ի՞նչ հերոս… մենք սովորական հայ տղաներ էինք, բոլոր նրանց նման, ովքեր քայլում էին Երևանի փողոցներում, աշխատում էին, սիրում էին իրենց զավակներին… պարզապես մենք հասել էինք սահման, տեսել էինք թշնամու ոտքի տակ տրորվող հայրենի հողը… Թշնամին գյուղ չմտավ, գյուղը պահեցինք… Անդրանիկի, Արթուրի.. մյուսների կյանքի գնով…

…Մարտական ընկերոջս հուղարկավորության ժամանակ իմացա, որ տղա եմ ունեցել։

…Զոհված ընկերոջս հարազատները մեր տուն եկան ու ստիպեցին, որ ուրախության սեղան բացեմ… Էսքան մեծ սիրտ ուրիշ էլ ով կարող է ունենալ, եթե ոչ հայը, որի արցունքն ու ծիծաղը միշտ կողք կողքի են եղել… Նրանք ցավը թաղած սրտի մեջ, տոնեցին որդուս ծնունդը… Տղայիս անունը Հարություն դրեցի, որ օջախս հարություն առնի, որ Հարություն պապիս գենը շարունակվի, որ մարտական ընկերներս Հարություն առնեն…

…Հետո, երբ տղաս արդեն մեծ էր ու հարցեր էր տալիս պատերազմի մասին, հորս էի հիշում… Ֆիննական պատերազմից ու Հայրենական կռվից մնացած հորս հիշողությունները դարձան իմ մանկության հեքիաթները… Ասես աչքիս առաջ են հորս խոշոր, փշոտ ու ճաքճքված ափերը, որ դողում էին ծնկներին, երբ հիշում էր անցյալը… Տարիներ անց, երբ ուզում էի պատերազմի մասին պատմել որդուս, բառեր չէի գտնում։ Այնքան բան ունեի ասելու, բայց… այն, ինչ սրտիս մեջ էր, հնարավոր չէր պատմել բառերով… Իսկ նա ստիպում էր… հարցեր էր տալիս։

…Ինչպե՞ս եմ դաստիարակել որդուս… Ինքս էլ չգիտեմ։ Ես մանկավարժ չեմ, ուղղակի շատ էի ուզում, որ տղաս լավ մարդ մեծանա։ Ինձ համար մարդու ամենամեծ արժանիքը աշխատասիրությունն է, ամենամեծ արատը ծուլությունը։ …Ամեն երեկո մայրս հալած կարագ էր քսում հորս ափի կոշտուկներին ու վերքերին, որ հաջորդ օրը կարողանա հատիչ բռնել, քար տաշել, տուն սարքել։ Հայրս պատշար էր, տուն էր կառուցում։ Ամբողջ կյանքում տուն էր կառուցել։ Ասում էր՝ 105 տուն եմ կառուցել… Երբ քարը տուն էր դարձել… տունը դարձել էր օջախ… երբ տան երդիկից ծուխ էր ելել, ու գիշերը լույսերը պայծառ կայծկլտացել էին, վարպետ Արամը թեթևացած շունչ էր քաշել ու օրհնել էր իր բաժին Աստծուն։ Գուցե հորս օրինա՞կն է դաստիարակել որդուս։

Գուցե ի՞մ օրինակը… մինչ օրս բանակային ընկերներս այցելում են ինձ… Քանի-քանի անգամ է տղաս տեսել, որ ահագին ճամփա կտրելով՝ օտարազգի բանակային ընկերներս եկել են մեր տուն։ Հարազատի պես ընդունել ենք, պատվել… Տղաս հասկացել է, որ բանակային ընկերը եղբոր պես հարազատ է… Որ պիտի թևութիկունք լինես բանակային ընկերոջը, օգնես ինչով կարող ես,,, Երբ մենք զանազան դեպքեր ու դրվագներ էինք հիշում մեր ծառայական կյանքից, տղաս կլանված լսում էր…

…Մի անգամ ընկերոջս հետ անցյալի գիրկն էինք ընկել… Ու հիշեցինք, թե ինչպես ընկերների փոքրիկ խմբով հաղթեցինք ադրբեջանցիներին։ Մեր զորամասում 150-ից ավելի ադրբեջանցի կար և 5 հայ։ Ոնց եղավ՝ ես ու մի ադրբեջանցի վիճեցինք։ Գիշերը զորանոցում պառկած ենք, մեկ էլ տեսնենք՝ ադրբեջանցիների մե մեծ խումբ երկաթի կտորներով, փայտերով զինված մտավ ներս։ 50 հոգով՝ մեր 5 հոգու դեմ։ Ադրբեջանցիները չէին սպասում, որ ռուսները՝ մեր բանակային ընկերները, մեզ կպաշտպանեն… Մի քանի րոպեում ադրբեջանցիներին արյունլվա արեցինք։ Ադրբեջանցիները, սովորության համաձայն, ուժ տեսնելով, փախան։ Ես վնասվածք ստացա, մինչև հիմա գլխիս վրա սպի է մնացել։ Տղաս այս պատմությունը շատ էր սիրում, ստիպում էր պատմել նորից ու նորից։ Հիմա հրամանատարը գրում է, որ տղաս լավ բանակային ընկեր է ծառայակիցների համար… Գուցե նաև այս պատմությո՞ւնն է դաստիարակել նրան՝ վտանգի պահին ընկերոջը մենակ չթողնելու այս դա՞սը…

Երբ տղայիս բանակ էի ճանապարհում, հուզված էի. միակ որդիս է, տանս ճրագը, օջախիս սյունը։ Ակամա կրկնում էի՝ չվախենաս, չվախենաս, չվախենաս… Տղաս գլխով էր անում։

…Չվախենաս, տղա՛ս… Չվախենաս ասկյարից… Դու նրանից ուժեղ ես։ Նրա հայրը, եղբայրը, պապը պարտվել են 20 տարի առաջ, փախել են մարտադաշտից։ Քո հայրենակիցները հաղթել են նրանց, ազատագրելով քո հայրենի Արցախը։ Չվախենաս… որովհետև դու հաղթած բանակի զինվոր ես… որովհետև դու կանգնած ես քո հողի վրա, քո հողը քեզ ուժ է տալիս… Չվախենաս դժվարություններից… որովհետև դու քո ազգի բանակում ես ծառայում, օտարի բանակում չես։ Կողքիդ քո հրամանատարներն են, քո ազգից… կողքիդ հայ ընկերներ են, արյունակից, եղբայր են… Չվախենաս…

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #17 (933) 3.05.2012 – 9.05.2012, Բանակ և հասարակություն


10/05/2012