Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ա՛Յ ՄԱՐԴԻԿ, ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ…



«Հազար ինը հարյուր քառասուներեք թվականի՝ պատերազմներին հատուկ անսիրտ ձմռանը Ահնիձորի մի խումբ բարձրդասարանցիներ իրենց սովորական ոտքով գնալն ու վերադարձն էին անում հարեւան գյուղի միջնակարգ դպրոցից։ Կերակրողները պատերազմում էին, երեխաները՝ կիսասոված, եւ հորաքույրը Դավթյան Արտաշի հետ իրենց այգու խնձորներից էր դրել՝ «Մի քիչ կպահի քաղցի զգացումը»։

Ճանապարհը Սուրբ Զորավար խաչի կողքով էր, եւ Արտաշը մտնում է կիսախոնարհ մատուռ, խնձորների մի մասը դնում է խաչքարի մոտ ու լսելի աղոթում. «Աստված ջան, թող սա մատաղ լինի իմ Տելո (Տելեմաք) ախպոր համար, որ նա անփորձանք վերադառնա կռվից»։

Տասներորդցի Աշոտը հետեւում էր այս ամենին եւ նկատում է, որ էն խեղճուկրակ Երանյակը խմբից հետ է ընկել եւ աղավնու պես խլշկոտելով-դողդողալով խնձորները լցնում է պայուսակը։ Աշոտի կարեկից սիրտը չի դիմանում, աչքերը տամկանում են, թուքը կուլ է տալիս եւ վճռում՝ մեկնելու է բանակ՝ անիծյալ պատերազմի վերջը մոտեցնելու համար։

Դիմում է պատկան մարմիններին, թե՝ էսպես ու էսպես, քիչ է մնացել տասնյոթս լրանալուն, խնդրում եմ ինձ կամավոր գրեք։

-Բա քննություննե՞րդ, բա միջնակարգի վկայակա՞նը։

Աշոտը թե՝ «Խաղաղություն լինի, բարձրագույնն էլ կլինի, հիմա սովորելու ժամանակ չէ, կռվելու ժամանակ է»։

Այդպես 1943թ. մարտի 2-ին դեռ 17-ը չբոլորած Աշոտ Սերգոյի Քառյանը մեկնում է պատերազմ։ Սկզբում ուսումնական գնդերում վարորդություն է սովորում, հետո 1944թ. Աջափնյա Ուկրաինայի ազատագրման մարտերին է մասնակցում։ Ի վերջո, թշնամին սահմանից դուրս է շպրտվում։ Հրամանատարությունը կարգապահ զինվոր-վարորդին տեղափոխում է N 46 գործող զորամաս, որի գործը Արեւելքում Ճապոնիային դաս տալն էր լինելու։ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակից հետո N 92 զորամասի կազմում խաղաղարար առաքելությամբ մեկնում է Մոնղոլիա եւ զորացրվում միայն 1948թ. մայիսի 18-ին։

Կռվելն ու ծառայելը տեւում է հինգ ու կես տարի, երիտասարդական ամենածաղկուն հինգուկեսը։

Ստացել է մի շարք մեդալներ, այդ թվում՝ Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար եւ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար»։

Այս կարճառոտ ակնարկի հեղինակը վաստակաշատ լրագրող Լիդա Քառյանն է, հերոսն էլ՝ Հայրենական պատերազմում կռված, մեդալներով ու հաղթանակով տուն վերադարձած զինվորն է, ավելի ստույգ՝ նրա հայրը՝ Աշոտ Քառյանը։ Լրագրողին սակայն գրիչ վերցնել են ստիպել ոչ թե Հաղթանակի օրվա կապակցությամբ ծերունազարդ հորն ու նախկին զինվորին մի քանի բառով մեծարելու քաղաքացիական եւ որդիական պարտքը, այլ ցավն ու վիրավորանքը։ Պարզվում է՝ Աշոտ Քառյանը Հաղթանակից յոթ տասնամյակ անց անգամ չունի Հայրենական պատերազմի մասնակցի… վկայական՝ կարգավիճակ։ Ինչո՞ւ, ինչպե՞ս։ Պատճառը հետեւյալն է՝ «զինկոմիսարիատի գզրոցներից փաստաթղթերը կորել են»։ Եվ ստեղծված իրավիճակին հին զինվորը հարմարվում է. «Ի՞նչ արած, ես հո վկայականի համար չեմ կռվել։ Կարեւորը, որ թշնամուն հաղթել ենք, ֆաշիզմը մեր սահմաններից դուրս շպրտել»։ Ակնարկ-թղթակցության հեղինակը գրում է. «Սակայն վերջին տարիներին, երբ մի քանի որոշումներով զորականների իրավունքները կենսական դարձան՝ ավանդների փոխհատուցում, պատվովճար, փոխադրավարձի փոխհատուցում, Հայրենական պատերազմի բոլոր մասնակիցների հաշմանդամ համարվելը եւ այլն, ծերունազարդ մարտիկը որոշում է մեկ անգամ էլ իր բախտը փորձել, թերեւս հաջողվի Հայրենական պատերազմի մասնակցի գրքույկ ստանալ։ Դիմում է ՌԴ ռազմական արխիվ։ Պոդոլսկից եկած փաստաթղթերը մեծ ուրախություն են պատճառում հին զինվորականին. հինգուկես տարվա պատերազմն ու ծառայությունը վերջապես նաեւ փաստաթղթային հիմնավորում են ստանում։ Պաշտոնական տեղեկանքի հիման վրա Ալավերդի քաղաքի զինկոմիսարիատը տեղեկանք է տալիս առ այն, որ Աշոտ Սերգոյի Քառյանը պատերազմի մասնակից է։ Բայց Հայրենական պատերազմի մասնակցի ուրախությունը, թե, ի վերջո, արդարությունը հաղթանակեց, եւ ինքը պատերազմի մասնակից է ու կարող է օգտվել բոլոր արտոնություններից, շատ կարճ է տեւում։ Երբ ծերունի հայրս մեդալները կրծքին ներկայանում է Ալավերդու սոցիալական ապահովության բաժին՝ իր հասանելիք պատվովճարի ակնկալիքով, նրան պատասխանում են. «Դուք պատերազմի մասնակից չեք, որովհետեւ չունեք ստվարաթղթե երկծալ հայտնի վկայականը»։

Բյուրոկրատական քաշքշուկից հոգնած, մանավանդ վիրավորված ծերունու բողոքը վերափոխվում է դժգոհության, եւ սովորաբար լուռ ու քչախոս մարդն ասես, ի արդարացումն իր «անհիմն նկրտումների», սկսում է պատեհ ու անպատեհ պատմել իր տեսած ու ապրած պատերազմի մասին։ Այսքա՛նը»:

Իսկ հիմա ծերունի զինվորականի ոդիսականի շարունակությունը լսենք նրա դստեր՝ Լիդա Քառյանի շուրթերից։

-Ես նոր, նոր միայն հասկացա հորս բարդույթը։ Ախր, չէ՞ որ մոտ վեց տարի պատերազմած, պատերազմի սարսափներն ու դժվարություններն ապրած մարդու համար պատվովճարն ընդամենը գումար չէ՝ անկախ դրա չափից, այլ վաստակի գնահատանք… Ես հասկացա, որ հայրս այդ կերպ ճչում-աղաղակում է. «Ա՛յ որդի, ա՛յ մարդիկ, ա՛յ ժողովուրդ, ա՛յ հասարակություն, ինչի՞ եք այսքան թերահավատ, ինչի՞ եք այսքան անհավատ ու չար»։

Եվ դուստրը որոշում է հին զինվորականին եւ ծերունազարդ հորը ազատել այդ բարդույթից. վերցնելով հոր բոլոր փաստաթղթերը, զինգրքույկը, մեդալները, տեղեկանքը՝ մտնում է այն բոլոր հիմնարկները, որոնք ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրավունք ունեն կա՛մ վկայելու՝ զինվորը պատվովճարի իրավունք ունի, կա՛մ էլ՝ ոչ։ Պարզվում է, որ, այո, իրավունք ունի։

-Ոգեւորված դիմում եմ ՀՀ ՍԱՊԾ։ Ստանում եմ կոշտ ու միանշանակ պատասխան՝ ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Համառում եմ. «Ախր, փաստաթղթերն ուրիշ բան են ասում. տեսեք՝ ՌԴ զինվորական արխիվից ստացած տեղեկանքում ասվում է, որ նա համարվում է պատերազմի մասնակից»։ «Այո՛,- հակադարձում է ՍԱՊԾ աշխատակցուհին,- այդ փաստաթղթում գրված է, եւ դուք էլ ձեր բերանով եք կրկնում՝ համարվում է, մինչդեռ պետք է լինի՝ է, այսինքն՝ մասնակից է»։ Ես, որ հայերենի անաղարտության նախանձախնդիր եմ, մի պահ շատ ուրախացա, որ մեր սոցիալական ոլորտի աշխատողները այդպես գիտակ են հայերենի նրբություններին, սակայն ինձ տխրեցրեց, որ նա, իբր, անգիտացավ ու պարզ ռուսաբանությունը՝ րփՌՑՈպՑրÿ ցփՈրՑվՌՍՏՎ-ը դիտմամբ զինվորական տերմին համարեց։

Այնուամենայնիվ, ես իմ պահանջից չեմ հրաժարվել եւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի անունով դիմում եմ գրել։ Հույս ունեմ, որ նա՝ տիար Ա. Ասատրյանը, իր ենթակայի չափ «հմուտ» չի հայերենում եւ դրական է արձագանքելու մեր խնդրանքին։

Թղթակցություն-նամակը տպագրելուց առաջ մենք կապվեցինք տիկին Լիդա Քառյանի հետ. նրանք դեռ սպասում են ՀՀ ՍԱՊԾ պատասխանին եւ դեռ հավատում են արդարության հաղթանակին… Մենք էլ զինվենք համբերությամբ եւ հետեւենք, թե ինչ վախճան կունենա շուրջ 7 տասնամյակ ձգվող այս ոդիսականը։ Եվ տեսնենք՝ հին զինվորականը, ի վերջո, կարժանանա՞ վաստակած պատվովճարին եւ կօգտվի՞ սոցիալական այլ նպաստներից, թեկուզեւ կյանքի իններորդ տասնամյակում՝ պատերազմի հաղթական ավարտից յոթ տասնամյակ անց։

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ. -Հիշում եմ՝ ուսանողական տարիներիս մի ընկեր ունեի Հարութ անունով։ Նրանք հայրենիք էին ներգաղթել Հայրենական պատերազմից հետո՝ 46-ին, եթե չեմ սխալվում Լիբանանից եւ բնակություն էին հաստատել Հոկտեմբերյանի շրջանի գյուղերից մեկում։ Մի օր իմացա, որ ընկերոջս հորը Մոսկվա են կանչել՝ Ֆրանսիայի դեսպանատուն։ Մոսկվայից վերադառնալուց հետո ընկերոջս հայրը, որ ասող-խոսող, շատ ուրախ մարդ էր, պատմում էր. «Ֆրանսիացիք ինձ կանչեցին, ասացին, ա՛յ մարդ, դու պատերազմի տարիներին ֆրանսիական բանակի համար Լիբանանում բեռնատար ես քշել, զինամթերք ես տեղափոխել, ո՞ւր ես կորել այսքան ժամանակ, ինչի՞ չես գալիս զինվորական թոշակդ ստանալու։ Քառասուն տարի աշխարհով մեկ ման ենք գալիս քեզ ու չենք գտնում»։ Ընկերոջս հայրը ո՛չ դիմում ու հայց էր գրել, ո՛չ էլ առհասարակ մտքովն էր անցկացրել դիմելու որեւէ հասցեով։ Ու թերեւս վաղուց մտահան էր արել երիտասարդ տարիների այդ կարճ ժամանակահատվածը. հողագործ մարդ էր, հազար հոգսի տեր, ինչից ավելի կարեւոր բան նրա համար չկար աշխարհում… Բայց, փոխարենը, պարզվեց՝ ֆրանսիական պետությունը չէր մոռացել նրան ու նրա «համեստ վաստակը»՝ խնայողաբար կուտակելով բացակա տարիների ընթացքում անհասցե զինվորի անվան դիմաց գոյացած պատվովճարը: Այլ ոչ թե՝ «անգիտացել էին, իբր…»:

Հիշում եմ՝ նրանք հետո տուն կառուցեցին գյուղում եւ այն ժամանակների համար շքեղություն համարվող սեւ գույնի «ԳԱԶ 24» գնեցին… Ինչը, թերեւս ամենեւին էլ կարեւոր չէ այս պարագայում։

Գ. Ա.

Խորագիր՝ #17 (933) 3.05.2012 – 9.05.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


10/05/2012