ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՍՈՉԻՈՒՄ ԽՈՇՈՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՆԽՎԵԼ
Ռուսաստանի ու Աբխազիայի հատուկ ծառայությունները օլիմպիական Սոչիում 2012-2014 թվականներին ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել են “Имарат Кавказ” միջազգային ահաբեկչական կազմակերպության աբխազական թևի երեք ղեկավարների:
ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ Աբխազիայի տարածքում հայտնաբերվել են ահաբեկչական գործողությունների իրականացման համար նախատեսված զենքերով, զինամթերքով ու պայթուցիկ նյութերով լի տասը հոր: Առգրավվել են անգամ դյուրակիր զենիթահրթիռային “Игла” և “Стрела” կայանքներ, հակատանկային կառավարվող ռեակտիվ արկեր իրենց արձակման երկու կայանքներով (ПТУРС), “Шмель” հրանետ, ականանետ՝ 36 արկով, տարբեր մակնիշի 29 նռնականետ, դիպուկահար հրացան, 2 ավտոմատ, 12 ինքնաշեն պայթուցիկ սարք, հակատանկային ու հակահետևակային 15 ական, 15 կիլոգրամ տրոտիլ, տարբեր տրամաչափ շուրջ 10.000 փամփուշտ, այլ զինամթերք, ինչպես նաև տեղագրական քարտեզներ: Ձերբակալվածների բնակության վայրում կատարված խուզարկությունների ընթացքում ևս հայտնաբերվել է զենք ու զինամթերք:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ նախատեսվում էր այս ամենը տեղափոխել Սոչի:
ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ այս ամենի ղեկավարը, ամենայն հավանականությամբ, “Имарат Кавказ” միջազգային ահաբեկչական կազմակերպության ղեկավար Դոկու Ումարովն է, և որ Վրաստանի հատուկ ծառայությունները սերտ կապեր են պահպանում նրա հետ: