Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՈՒՇԻԻ ԽԱՉԱԿԻՐՆԵՐԸ



1992թ. մայիսի 7-ի երեկոյան հայկական ջոկատները շարժվում էին դեպի Շուշի։ Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը նկարահանած մի դրվագ է հիշում. «Մինչև հիմա մարմինս փշաքաղվում է։ Քանի որ հայերի ու ադրբեջանցիների զգեստների գույները նույնն էին, մերոնց մեջքի վրա վիրակապով կամ ինչ-որ բանով գիծ էին քաշում, որ իրարից տարբերվեն։ Տղաներն այդ գծերը խաչաձև էին անում, որովհետև խաչն ամենապարզ երկրաչափական ֆիգուրն է։ Երբ հրամանը հնչեց, և նրանք բոլորը կանգնեցին, պատկերացնո՞ւմ եք, 400 մարդ կանգնած մթնշաղին, և բոլորի մեջքի վրա՝ խաչ, և այդ մարդիկ գնում էին զոհվելու։ Դա խաչակիր արշավ էր, և ամենաֆանտաստիկն այն էր, որ դա հատուկ արված չէր»։

«ՇՈՒՇԻՆ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՄԵԿ ՏԱՐԻ ՊԱՀԵԼ»

Չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաևը 90-ականներին Ղարաբաղ էր մեկնել սրբազան պատերազմի՝ ջիհադի։ Նրա մոջահեդները վերջիններից են հեռացել Շուշիից։ Բասաևը 2000թ. հուլիսին Չեչնիայի լեռներում ադրբեջանցի լրագրողին հավաստիացնում էր, որ Շուշին շրջափակման մեջ ընկավ զուտ այն պատճառով, որ ադրբեջանական բանակում չկար կարգուկանոն և ղեկավարություն։

«Այնտեղ մնացել էին 4 մոջահեդներ և 11 ադրբեջանցիներ։ Գրեթե բոլորը լքեցին քաղաքը, բայց 15 հոգով մեկուկես օր պաշտպանում էին, իսկ 2.800 հոգանոց կայազորն ամեն ինչ թողեց և փախավ։ Եթե մեկը փախչում էր զրահատեխնիկայով, նա հերոս էր, որովհետև շատերը թողնում էին նաև ծանր տեխնիկան… գնում էին Բաքու։ Իմ մոջահեդներից երեքը, ովքեր պաշտպանել են Շուշին, դեռ կենդանի են։ Շուշին պարզապես լքվեց։ Մոտ 700 հայեր սկսեցին գրոհը, և դա միայն արտաքին փայլն էր, խաբուսիկ բան։ Նման ուժեղ կայազորով և այդքան զենքով, հատկապես նկատի ունենալով Շուշիի դիրքը, հարյուր մարդը կարող էր հեշտությամբ մի ամբողջ տարի անառիկ պահել քաղաքը։ Որևէ կազմակերպվածություն չկար։ Այսօր կարելի է ձերբակալել մի գեներալի կամ նախարարի և ասել՝ դու դավաճանեցիր, դու հանձնեցիր, դու ծախեցիր։ Սոսկ խոսակցություններ են։ Չկար որևէ դավաճանություն, որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու չէր»։

Հետագայում Բաքուն շրջանառության մեջ դրեց վարկած, համաձայն որի՝ հայկական ուժերը Շուշին ոչ թե գրավել են, այլ առանց կռիվների ստացել ադրբեջանական ռազմական հրամանատարության և քաղաքական իշխանության դավաճանության պատճառով։ Հենց այս վարկածի շրջանակներում էր ընթանում պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևի դատավարությունը։ Անշուշտ, իրականությանը մոտ են պնդումները, որ Շուշիում մարտեր չեն ընթացել, իսկ նկարահանված կադրերը ոչ թե Շուշիում են արվել, այլ քաղաքի մատույցներում։

Ռազմական գործողության ժամանակ ղարաբաղյան կողմը տվել է 58 զոհ, որոնցից և ոչ մեկը՝ Շուշիում։ Հայերը հակառակորդին թույլ են տվել հեռանալ Շուշի-Լաչին ճանապարհով։

Ղազիևը, որին վերագրվում է Շուշին դավադրաբար հանձնելու ամբաստանություն, դատավարության ընթացքում հաստատել է, որ 1992թ. մայիսին Շուշիում և շրջակայքում տեղակայված էր 2500-3000 զինվոր, Տ-72 տեսակի 3 տանկ, Տ-55 տեսակի մեկ տանկ, 12 հրասայլ, 3 ԲՄ-21 տիպի համազարկային «Գրադ» համակարգ` 6000 արկով, 3 թնդանոթ, 4 միավոր «Ալազան» համակարգ, 30 միավոր «Իգլա» և «Ստրելա-2» զենիթահրթիռային համալիր, 20 միավոր 82 մմ-անոց ականանետ, 50 միավոր ձեռքի ականանետ, ավելի քան 5 միլիոն ռազմամթերք։

ՃԱՇԿԵՐՈՒՅԹ ՍՊԱՀԱՆՈՒՄ

1992թ. մայիսի 8-ին Սպահանում՝ Շահ Աբասի ժամանակներում կառուցված հյուրանոցում, շարունակվում էր Հայաստանի նախագահի պատվին ճաշկերույթը։ Տեր-Պետրոսյանի խորհրդական Վահան Փափազյանը հիշում է. «Ինձ մոտեցավ արտգործնախարար Վելայաթին և ասաց, որ իրանական կողմը լուր է ստացել, որ հայկական ուժերը մտնում են Շուշի։ Դա մայիսի 8-ն էր։ Ես ասացի, որ տեղյակ չեմ և որևէ հստակ բան ասել չեմ կարող։ Վելայաթին հարցրեց՝ հնարավոր չէ՞ զանգահարել Երևան։ Ես այլևս չէի կարող խուսափել։ Իրանական կողմը հեռախոսակապ ապահովեց, կապվեցի Շահեն Կարամանուկյանի հետ։ Հարցնում եմ՝ Շահե՛ն, ի՞նչ կա, պատասխանում է՝ ամեն ինչ լավ է, մի՛ անհանգստացեք։ Ապա մոտեցա Տեր-Պետրոսյանին, ներկայացրի վիճակը։ Նախագահը շատ հանգիստ ընդունեց, նա գիտեր, որ իրադարձությունները կարող են համընկնել։ Մենք պարսիկների առաջ անհարմար վիճակում հայտնվեցինք։ Ասացինք, որ մեզ համար էլ էր անսպասելի, Երևան վերադառնալուց հետո հնարավոր կլինի մանրամասները ճշտել։ Հայկական պատվիրակությանը ճանապարհելու սառը արարողություն եղավ, ինչը բնական էր, քանի որ պարսկական կողմը հայտնվել էր անհարմար վիճակի մեջ։ Դա կարելի է անգամ դիվանագիտական փոքր սկանդալ որակել»։

Մայիսի 6-ին Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Թեհրան, մեկ օր անց Լևոն Տեր-Պետրոսյանը և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովն Իրանի նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի միջնորդությամբ Թեհրանում ստորագրել էին ղարաբաղյան կարգավորման՝ 8 կետից կազմված համատեղ հուշագիր։ Փաստացի, ստորագրման պահից զինադադար հաստատելու իրանցիների հերթական փորձը տապալվեց. հայերը շարժվում էին դեպի Շուշի։

«ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵՑԻՆՔ ՏԱԿՏԻԿԱՊԵՍ»

Սամվել Բաբայանը պատմում է. «Շուշին գրավեցինք տակտիկապես, ոչ թե պարզապես բիրտ ուժային մեթոդով։ Հակառակորդին փորձեցինք վերցնել օղակի մեջ, և երբ օղակն արդեն փակվում էր, ու շրջափակման մեջ մնալու վտանգ կար, ադրբեջանական զորքի և քաղաքացիական բնակչության մեջ խուճապ սկսվեց։ Սա էր հիմնական պատճառը, որ հակառակորդը լքեց Շուշին։ Նույն տակտիկան է կիրառվել նաև մյուս գործողությունների ժամանակ։ Մենք հնարավորինս խուսափել ենք դեմ առ դեմ պատերազմ մղելուց և դիմել ենք տակտիկական քայլերի, հարվածել ենք այն ուղղություններով, որտեղ հակառակորդը մեզ չէր սպասում, մշտապես փորձել ենք զգացնել տալ, որ եթե թշնամին երկու ժամ շուտ չհեռանա դիրքերից, ընկնելու է շրջափակման մեջ։ Արդյունքում մենք ունեցել ենք անհամեմատ նվազ կորուստներ, թեև սովորաբար հարձակվող, ազատագրող կողմի կորուստները շատ են լինում»։

Շուշիից ռազմական տեխնիկան հեռացել է մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Դասակի հրամանատար Թարլան Զուլֆուգարովը խոստովանել է, որ մայիսի 8-ին մարտական մեքենաները լքեցին քաղաքը։ Նույն օրը առավոտյան Էլբրուս Օրուջևը, որի բրիգադի վրա էր դրված քաղաքի պաշտպանությունը, Զարսլուի ուղղությամբ երկու տանկ և երկու զրահամեքենա է ուղարկում, որոնք ոչնչացվում են, անձնակազմը՝ սպանվում, ինչն առաջ է բերում Շուշիից խուճապային փախուստի նոր ալիք։ Նույն օրը երեկոյան Օրուջևը զինվորականների երկու «Կամազ»-ներով մոտենում է «բլոկ-պոստերին» և հրամայում հեռանալ քաղաքից։ Նա իր հրամանն արդարացնում է նրանով, որ հայերն արդեն մտել են Շուշի, դիրքավորվել քաղաքային բանտի շրջակայքում։ Մի քանի տասնյակ զինվորների ցուցմունքներից պարզվել է, որ նրանց որոշ մասը հրաժարվել է թողնել դիրքերը։

«Ես վերջինն էի, որ 8 զինվորների և Օրուջևի հետ հեռացա քաղաքից։ Օրուջևը շրջեց քաղաքով մեկ և համոզվելով, որ ոչ ոք չի մնացել, ինձ հրամայեց շտապ հեռանալ»,- խոստովանել է Շուշիի ոստիկանության բաժանմունքի աշխատակից Շուքյուր Ռասուլովը։

ԹԵՀՐԱՆ. «ՄԵՀՐԱԲԱԴ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

1992թ. մայիսի 8-ին Իրանի նախագահ Ռաֆսանջանին ճանապարհում էր Տեր-Պետրոսյանին և Մամեդովին։ Վերջինս Շուշիի անկման լուրն ստացել էր Բաքու ուղևորվելուց անմիջապես առաջ. «Այո՛, այդ լուրն ինձ փոխանցեցին դեռ օդանավակայանում։ Ես անմիջապես կապվեցի Ռաֆսանջանիի հետ։ Նրա տրամադրությունը շատ ուժեղ ընկավ, նա խոստացավ անմիջապես կապվել Տեր-Պետրոսյանի հետ՝ պարզելու հանգամանքները։ Որոշ ժամանակ անց, երբ ես կրկին կապվեցի Ռաֆսանջանիի հետ, ինձ հաղորդեց, որ Տեր-Պետրոսյանն այդ մասին ոչինչ չգիտի և Երևան վերադառնալուց հետո մտադիր է տեղեկություններ ստանալ կատարվածի մասին»։

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Արա Սահակյանը պատվիրակության կազմում Թեհրանում էր։ Երբ հարցրի՝ հիշո՞ւմ է Տեր-Պետրոսյանի առաջին արձագանքը, երբ առավ Շուշիի լուրը, Սահակյանը պատասխանեց. «Ինձ համար այնքան կարևոր չէր Տեր-Պետրոսյանի, որքան կարևոր ու հատկանշական էր Ռաֆսանջանիի և Մամեդովի արձագանքը։ Տեր-Պետրոսյանին տեղեկացրեց Փափազյանը։ Նա լուրն ընդունեց շատ անխռով։ Ապոկալիպսիսը ստացավ Մամեդովը, ուղղակի նրա թևերը մտած բարձրացրին դեպի օդանավի շարժասանդուղք։ Առաջինը մեկնում էր Մամեդովը։ Ծանր էր հարվածը նաև Ռաֆսանջանիի համար, նա հասկացավ, որ իր խաղաղարար նախաձեռնությունը ձախողվեց»։

ՆԱ ԱՍԱՑ` ԳՐԱՎՈՒՄ ԵՆՔ

Շուշին ազատագրելու օրերին ղարաբաղյան կողմը ո՛չ զինամթերք ուներ, ո՛չ պարեն, իսկ 200 պահեստայիններ սպասում էին իրենց մահացած ընկերների զենքին, որ մարտի դաշտ գնան, ասում է Ա.Տեր-Թադևոսյանը. «Ստեփանակերտն արդեն չկար, «Գրադը» ռմբակոծում էր յուրաքանչյուր քառակուսի մետրը։ Քաղաքը մեռնում էր, և նրանց համար տարբերություն չկար՝ այսօր կմեռնեն, թե՞ վաղը։ Շուշիի գրավումը արցախցիների կենաց-մահու խնդիրն էր։ Այսինքն՝ իմ ենթակաները, իմ հրամանատարները «ստիպեցին» նման որոշում կայացնել։ Ես ենթարկվում էի Սերժ Սարգսյանի Պաշտպանության կոմիտեին։ Ես նրան հարցրեցի՝ գրավո՞ւմ ենք, նա ասաց՝ գրավո՛ւմ ենք»։

Լրագրող ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Արցախյան օրագիր.
Կանաչ ու սև» գրքից:
Տպագրվում է հեղինակի
թույլտվությամբ:

Խորագիր՝ #18 (934) 10.05.2012 – 16.05.2012, Պատմության էջերից


16/05/2012