«ՇՈՒՇԻՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԵՐԵՎԱՆԸ ԳՐԱՎԵԼ»
Վաշտի հրամանատարի տեղակալ Սլավիկ Վերդյանը հաճախ էր մասնակցում հակամարտող կողմերի բանակցություններին` որպես թարգմանիչ։
Աղդամի գրավումից արդեն անցել էր մեկ ամիս։ Օգոստոսյան այդ օրը մեր տղաները մի փոքր շուտ էին եկել ժամադրավայր և ստիպված եղան մի փոքր սպասել։ Պետք է կատարվեր գերիների փոխանակում։ Շուտով երևացին նաև ադրբեջանցիները։
Մի պահ Սլավիկը քիչ մնաց զարմանքից սուլեր, երբ նրանց մեջ նկատեց… իր համակուրսեցի Ակիֆ Դադաշևին։ Միասին էին ուսանել Բաքվի պետհամալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում, մեկ տարի միասին ապրել հանրակացարանի նույն սենյակում։
Գլխով թեթևակի ողջունեցին միմյանց։ Երբ ավարտվեց պաշտոնական մասը, երկուսն էլ ակամա մոտեցան իրար։ Սկսվեց անկաշկանդ մի զրույց։ Ոչ մի խոսք պատերազմի մասին։ Կարծես չէին եղել Սումգայիթը, Խոջալուն։ Հիշելու շատ բան կար։
-Սլա՛վ, թթի օղի ունե՞ս,- հարցրեց Դադաշևը։
Նրա մայրը ռուս էր, հայրը՝ ադրբեջանցի, ինքը, ինչպես նաև իրենց ամբողջ ինտերնացիոնալ կուրսը, անտարբեր չէր թթի օղու նկատմամբ։ Ստանալով դրական պատասխան՝ Դադաշևը վրա բերեց.
-Ես էլ վոբլա ունեմ։
Զրույցը դարձավ անկաշկանդ։ Վերհիշեցին աղջիկներին, միասին այցելությունները Բաքվի լավագույն կինոթատրոններից մեկը՝ Երկաթուղայինների մշակույթի ակումբը։
Արդեն մոտենում էր բաժանման պահը, երբ Դադաշևն անսպասելիորեն փոխեց խոսակցության թեման.
-Սլա՛վ, ինչ էլ ուզում է գրավեք, այնուամենայնիվ, Շուշին պետք է հետ տաք։
-Իսկ ի՞նչ է, Երևանն արդեն գրավե՞լ եք,- հանգիստ հարցրեց Սլավիկը, որը կարծես սպասում էր նման կտրուկ շրջադարձի։
-Ի՞նչ կապ ունի այստեղ Երևանը,- զարմացավ Դադաշևը։
-Գիտես, Ակիֆ, կա մի այսպիսի պատմություն: 1805թ. դեկտեմբերին, Աուստեռլիցի ճակատամարտի նախօրյակին, Նապոլեոնի հետ է հանդիպում Ռուսաստանի ցարի պատվիրակը՝ գեներալ Դոլգորուկովը, և Ալեքսանդր I-ի անունից պահանջում է հեռանալ Բելգիայից։ «Ողորմած տեր,- բացականչում է Նապոլեոնը,- Բելգիան պահանջելու համար դուք պետք է գրավեք Փարիզը, մինչդեռ մենք խոսում ենք Փարիզից 800 մղոն հեռու գտնվող Մորավիայում»։ Այնպես որ, սիրելի Ակիֆ, Շուշին պահանջելու համար դուք Երևանը պետք է գրավեք…
ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ
Խորագիր՝ #18 (934) 10.05.2012 – 16.05.2012, Պատմության էջերից