…«ԻՄ ԶԵՆՔԸ ԿՀԱՆՁՆԵՔ ՄՈՐՍ»
Մայիսը փառահեղ ու շքեղ հաղթանակների ամիս է։ Սակայն բոլոր հաղթանակներն էլ նվաճվում են թանկ և հարազատ մարդկանց կյանքի գնով, բոլոր հաղթանակների ցնծության և բերկրանքի մեջ կա կորստի ցավ ու արցունք…
Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկ Երվանդ Կարապետյանին։
Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Երվանդը եղբոր՝ Մարգարի հետ ինքնաշեն զենքերով մեկնեց պաշտպանելու մեր սահմանների անառիկությունը։
Երվանդը, որին ընկերները փոքրամարմին լինելու պատճառով Ճուտո էին ասում, միանում էր այս կամ այն ջոկատին ու մեկնում ամենաթեժ կետեր։ 1991թ. մասնակցել է Ղարաչինարի ինքնապաշտպանությանը, Մոնթե Մելքոնյանի ջոկատի հետ մասնակցել Թոդանի կռվին, հետո Մարտունի, Սրխավենդ, Կիչան… 1992թ. ապրիլի վերջին Երվանդը Մարտունիում էր, այնտեղից միացավ Շուշիի ազատագրմանը մասնակցող ջոկատներին։ Ուրախ ու աշխույժ, կատակասեր Երվանդը, ինչպես հիշում են ընկերները, այդ օրը չափազանց մտախոհ էր, ջինջ աչքերում անհուն մի տխրություն էր։ Ճանապարհին տղաներին խնդրեց` թե ինձ մի բան պատահի, զենքս կհանձնեք մորս, իսկ եթե ոչինչ չպատահի, որոշել եմ՝ վերադառնալու եմ ու ամուսնանամ։
Ժամը 2.30-ին շարժվեցին դեպի Շուշի, ժամը 5-ին թնդաց հրետանին։ Տղաները միմյանց պաշտպանելով առաջ էին գնում։ Երվանդը նկատեց, որ ընկերներից մեկը վիրավորվեց։ «Ես կպահեմ, դուք առաջ գնացեք»,- ասաց առարկություն չընդունող տոնով։ Զինընկերները կարողացան դուրս գալ վտանգավոր գոտուց, սակայն Երվանդը զոհվեց… Նրա խնդրանքը կատարեցին` զենքը հանձնեցին մորը։ Մայրը զենքը համբուրեց, լաց եղավ ու աղոթքի պես շշնջաց. «Թող իմ որդին վերջին զոհը լինի»…
Դահլիճում ներկաները՝ Երվանդի հարազատները, մարտական ընկերները, զինվորականներ, ազատամարտիկի սովորած N 163 դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, մի խոսքով՝ բոլորն անչափ հուզվել էին։ Հուզմունքն է՛լ ավելի մեծացավ, երբ զոհված ազատամարտիկի քրոջ որդին՝ փոքրիկ Երվանդը, իր թոթով լեզվով, բայց մեծ ոգևորությամբ արտասանեց.
Երվանդը կա,
Ես Երվանդն եմ,
Թեև փոքր եմ,
Կմեծանամ ես շուտով,
Ու իմ հերոս քեռու նման
Ես մեր հողը կպաշտպանեմ…
Ջերմ և սրտաբուխ խոսքերով հերոս քաջորդուն հիշեցին մարտական ընկերները՝ ԵԿՄ վարչության պետի տեղակալ Ռոմիկ Մխիթարյանը, «Արամո» ջոկատի հրամանատար Արամոն։ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, կարևորելով նմանատիպ միջոցառումները, միաժամանակ շնորհավորեց ներկաներին մայիսյան փառաշուք հաղթանակների առթիվ։
Հուշ-ցերեկույթին իրենց սրտահույզ և անզուգական կատարումներով հանդես եկան երգիչներ Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Սամվել Ադամյանը և ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը (գեղ. ղեկավար՝ մայոր Արամ Գալստյան)։
Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.` Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ