Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ



Մայիսի 3-4-ին Մոսկվայում կայացած «Հակահրթիռային պաշտպանության գործոնը և անվտանգության նոր միջավայրի ձևավորումը» միջազգային կոնֆերանսին մասնակցեց ավելի քան 200 պատվիրակ շուրջ 50 պետությունից, որոնցից 28-ը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ էին: Ներկա էին նաև ԱՊՀ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների, ինչպես նաև Չինաստանի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի պատվիրակությունները:

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հավաստմամբ, Մոսկվան մտադրություն չուներ կոնֆերանսի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձեռք բերել հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի վերաբերյալ նոր պայմանավորվածություններ, այլ ցանկանում էր հող նախապատրաստել մայիսի երրորդ տասնօրյակում Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի համար, որտեղ, ենթադրվում է, որ կընդունվեն ԵվրոՀՀՊ-ի զարգացման վերաբերյալ նոր որոշումներ:

2010 թվականին Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն համաձայնության եկան նախագծի շուրջ համագործակցելու վերաբերյալ, սակայն, երբ Վաշինգտոնը հրաժարվեց ԵվրոՀՀՊ-ն Ռուսաստանի դեմ ուղղված չլինելու վերաբերյալ իրավաբանական երաշխիքներ տրամադրել Մոսկվային, շուրջ երկտարյա բանակցությունները մտան փակուղի, ինչը կոնֆերանսի բացման խոսքում հաստատեց նաև ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը: Նրա պնդմամբ, մայիսի 20-ին Չիկագոյում հայտարարելով համակարգի «սկզբնական օպերատիվ պատրաստության» հասնելու մասին, Դաշինքը կհաստատի, որ շարունակելու է հաշվի չառնել ռուսական կողմի մտահոգությունները:

Համաձայնության չգալու արդյունքում ԵվրոՀՀՊ-ի շուրջ բանակցությունները լուրջ փորձաքար դարձան Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում:

Մոսկովյան կոնֆերանսում հիմնական զեկուցողներն էին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովն ու նրա տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը:

Նիկոլայ Մակարովը հայտարարեց, որ Մոսկվայի դիրքորոշումը հիմնված է միասնական ու անբաժանելի անվտանգության ապահովման սկզբունքի վրա, որը տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հիմնարար բաղադրիչն է. «Միջուկային զենքի ու հրթիռային տեխնոլոգիաների տարածման պայմաններում այժմ աշխարհում փոխհարաբերությունները բնութագրվում են տարածաշրջանային զինված բախումների արագ ծավալման ու գլոբալ ընդգրկում ստանալու հնարավորությամբ: Ըստ այդմ, տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության խնդիրները կազմում են մեկ ամբողջություն և պետք է անբաժանելի մնան»:

Իրադարձությունների նման զարգացման տարբեր սցենարները համակարգչային մոդելավորման միջոցով ցուցադրեց ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը: Ըստ նրա, Լեհաստանում տեղակայվող ՀՀՊ համակարգը վերջին փուլում կունենա հակառուսաստանյան լուրջ ներուժ. «Նկատի առնելով, որ ռուսաստանյան և հարավից (Մերձավոր Արևելքից) արձակվելիք հրթիռների թռիչքների ուղղությունները բավական մոտ են միմյանց, ԵվրոՀՀՊ համակարգը նույն հաջողությամբ կոչնչացնի նաև մինչև 11.000 կիլոմետր գործողության շառավիղ ունեցող ռուսաստանյան բալիստիկ հրթիռները: Իսկ Եվրոպայի կենտրոնով անցնելու դեպքում նրանց կսպառնա Ռումինիայում տեղակայվող համակարգը»: Գեներալ-գնդապետը ներկայացրեց նաև ՌԴ ծովային տարածքին հարակից ջրերում տեղակայվելիք ՀՀՊ համակարգերի վտանգը ռուսաստանյան միջուկային զսպման ուժերի համար:

Բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը ներկայացրեց նաև ԵվրոՀՀՊ-ի վտանգների չեզոքացման նպատակով այժմ մշակվող միջոցառումների ծրագիրը. հրթիռարձակման սարքավորումների պաշտպանվածության մեծացում, շարժական կայանքների գտնվելու վայրերի առավելագույն գաղտնիության ապահովում, մարտական կիրառմանը հրթիռային սպառազինության պատրաստության աստիճանի բարձրացում, հրթիռների՝ ՀՀՊ ցանկացած համակարգ հաղթահարելու հնարավորությունների մեծացում, հակահրթիռների հայտնաբերման ժամանակի կրճատում և ՀՀՊ շարժական կայանքների դեմ պայքարի արդյունավետության մեծացում: Իսկ Կալինինգրադի մարզում «ԹՏՐՏվպՋ-ԺԾ» ռադիոտեղորոշիչ կայանը մարտական հերթապահության մեջ ընդգրկելը կմեծացնի բալիստիկ հրթիռների արձակումները հայտնաբերելու հնարավորություններն ու միջուկային զսպման ուժերի կիրառման մասին որոշում ընդունելու անհրաժեշտ ժամանակը:

Նիկոլայ Մակարովը, սակայն, չհիշատակեց այն մասին, որ ներկայում Ռուսաստանում մշակվում է հեղուկ վառելիքով աշխատող ծանր բալիստիկ հրթիռ, որն ունակ կլինի հաղթահարել այժմ գոյություն ունեցող հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն, լիակատար անհամաձայնություն հայտնելով ռուսական կողմի ներկայացրած տեսակետներին, հայտարարեց, որ ծավալվող համակարգը նախատեսված չէ և ի զորու չէ չեզոքացնելու միջուկային ճնշման ռուսական ուժերի հնարավորությունները, իսկ ՆԱՏՕ-ն որևէ մտադրություն չունի խախտելու աշխարհում հաստատված գլոբալ ռազմավարական կայունությունը. «Ընդհակառակը, ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգն ունակ է որսալ լոկ ոչ մեծ քանակությամբ ու համեմատաբար չկատարելագործված բալիստիկ հրթիռներ»: Նա վերստին առաջարկել է ստեղծել տեղեկատվության փոխանակման երկու կետ, ինչի շնորհիվ միասին շուրջօրյա աշխատանք կիրականացնեն ռուսաստանյան ու նատոյական մասնագետները: Մինչդեռ Մոսկվան պնդում է «հատվածային ՀՀՊ»-ի տարբերակը, երբ պետություններից յուրաքանչյուրը պատասխանատու կլինի իրեն վստահված հատվածի հակահրթիռային պաշտպանության համար:

Ալեքսանդր Վերշբոուի տեսակետները կրկնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Մադլեն Կրիդոնը՝ պնդելով, որ «Մեր հակահրթիռային միջոցները նախատեսված են ոչ թե Ռուսաստանի ու Չինաստանի դեմ, ինչը չափազանց թանկ կարժենա ու ապակայունացնող դեր կունենա, այլ միայն Մերձավոր Արևելքից եկող սպառնալիքներին դիմագրավելու համար»: Այդ նպատակով ԱՄՆ-ը նման համակարգեր է ծավալում Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ու Ասիա-խախաղօվկիանոսյան տարածաշրջանում, «իսկ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միայն կշահեն այս ասպարեզում համագործակցելիս: Նա ևս հավաստիացրել է, որ Միացյալ Նահագները շարունակելու է հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի ծավալման աշխատանքները»:

Թեև ԵվրոՀՀՊ-ին կանխող հարված հասցնելու վերաբերյալ Նիկոլայ Մակարովը հայտարարություն էր արել, բայցեւայնպես ռուսաստանյան բարձրաստիճան զինվորականներն ընդհանուր առմամբ խուսափել են հստակեցնել Մոսկվայի կողմից ձեռնարկվելիք «համարժեք քայլերը»:

Առ այսօր միայն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն էր իր նոյեմբերյան դիմումում հայտնել, որ պաշտպանության նախարարությանը հանձնարարել է գործարկել հրթիռային հարձակման վտանգի վաղ ազդարարման Կալինինգրադի ռադիոտեղորոշիչ կայանը, ուժեղացնել միջուկային օբյեկտների պաշտպանությունը և հիշեցրել, որ Ռուսաստանն իրավունք ունի դուրս գալու ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման համաձայնագրից, որը համարվում է Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների կառուցման հիմնաքարը:

Փոխարենը, սակայն, կոնֆերանսի մասնակիցներին ծանոթացրին Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության ապահովմանը և «էքսկուրսիա» տարան… «ԺՏվ-2ծ» գաղտնի ռադիոտեղորոշիչ կայան, իսկ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաևը լրագրողներին պատմեց, որ Տեյկովյան դիվիզիան մինչև տարեվերջ լրիվ կվերազինվի հինգերորդ սերնդի «ՁՏտՏսՖ-Ծ» և «շՐր» հրթիռային համալիրներով:

Պատրաստեց Տ. ԴԵՎՐԻԿՅԱՆԸ
փոխգնդապետ

Խորագիր՝ #18 (934) 10.05.2012 – 16.05.2012, Ռազմաքաղաքական


16/05/2012