Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔՍ ԳՐԿԱԾ ԵՄ ԱՊՐՈՒՄ»



Զրույց բանաստեղծուհի ՄԵՏԱՔՍԵԻ հետ

-Տիկին Մետաքսե, պիտի խնդրեմ, որ Արցախի ազատագրության տոնի և Շուշիի հաղթական ճակատամարտին նվիրված այս զրույցը սկսենք օրվա խորհուրդը ներբողող բանաստեղծությամբ։

-Ես հայրենիքս գրկած եմ ապրում

Որ ամենուրեք նրա շունչն զգամ,

Իմ դեմքի վրա,

Իմ կրծքի վրա զգամ թրթռուն

Զարկերը սրտի,

Որով հաստատի հավերժությունը

Մեր Գոյատևման…

Ես հայրենիքս գրկած եմ ապրում,

Որ նրա ազնիվ ու տոհմիկ արյան

Կանչը ժառանգեմ՝ ոգու ճիչ որպես։

Որ որպես ազգիս արյան պահապան

Գուրգուրեմ նրան սիրահարի պես…

-Ես հայրենիքս գրկած եմ ապրում…

-Շնորհակալություն, տիկին Մետաքսե… Ի՞նչ հիշողություններ ունեք այն ոգեղեն ու հերոսական օրերից, երբ մեր փոքրաթիվ ուժերը աներևակայելի հերոսականության ու ինքնանվիրումի գնով լռեցրին թշնամու կրակակետերը և ազատագրեցին Շուշին։

-Ես խոստացել էի, որ Շուշիի ազատագրության լուրը բերողին ճանապարհեմ առատ նվերներով։ Իմ սիրտը գիտեր, որ հաղթելու ենք, և ես պատրաստել էի նվերներով լի ճամպրուկ` ավետիսը բերողի համար։ Հրաշափառ լուրը ազատամարտիկ Հայկազ Անանյանից լսեցի։ Արցունքն ու ծիծաղը խառնվել էին իրար։ Ցնծություն ու ողբ էր… Մենք թանկ, շատ թանկ զոհեր ունեցանք… Ցավոք, Հայկազ Անանյանը հետագայում զոհվեց։ Նա շուտով պիտի նշանվեր, ընտանիքը խնջույքի պատրաստություն էր տեսնում… Լուր են բերում, որ ադրբեջանցիները նորից վրա են տվել։ Հայկազը նշանդրեքը թողած՝ վերադառնում է ճակատ ու զոհվում Արցախի ինքնապաշտպանության մարտերում…

…Հիշեցի, թե ինչպես առաջին անգամ տեսա Արցախը… 1980 թիվն էր։ Դրվագ առ դրվագ, պահ առ պահ, հույզ առ հույզ հիշում եմ… Ասես Աստծո արարչագործությունը հենց նոր էր ավարտվել, ու դրախտը՝ աննկարագրելի գեղեցկությամբ՝ չքնաղ, օրհնված ու անապական, իր գիրկն էր առել ինձ…

Ես որբ, Ղարաբաղը` որբ, գտանք իրար։ Ղարաբաղը` շքեղ ու մոռացված, լքված ու հպարտ, կորուսյալ եդեմի պես տենչալի։ Ինձ շատ լավ ընդունեցին Ղարաբաղում, պատվեցին։ Շուշիի քաղկոմի 2-րդ եւ 3-րդ քարտուղարները թրքուհիներ էին, եւ նրանց ներկայությամբ ուղեկիցս` Գուրգեն Գաբրիելյանը, առաջարկեց առաջինը այցելել մզկիթի թանգարան։ Ես զայրացած պատասխանեցի. «Տատս էն գլխից պատվիրել է, որ Ղարաբաղ ոտք դնելուն պես առաջինը Ղազանչեցոց եկեղեցի մտնեմ»։ Թրքուհի պաշտոնյաները բազմանշանակ լռեցին, բայց չհամարձակվեցին հակառակել։ Կզարմանաք` բայց ես նրանց աչքերում հիացմունք տեսա։ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի՛ն… դժվար է բառերով պատմել զգացածս. ավերակ, անարգված, լքյալ Հայոց տաճարը։ Ծանր լռության մեջ լսվում էր միայն թռչունների ծլվլոցը` աղոթքի պես, օրհնության նման։ Արցունքներս հոսում էին։ Հանկարծ ինքս էլ չիմացա` ինչպես սկսեցի երգել, ու «Սուրբ-սուրբը» պատարագի պես տարածվեց խոնարհված եկեղեցու կամարների տակ։ Թուրքերը լռել էին` սեւեռուն, մտախոհ։ Հետո գնացինք Սահակի աղբյուրը։ Դա մի հրաշալի վայր էր` չորս կողմն անտառ, իսկ կենտրոնում` աղբյուրը։ Բացօթյա ռեստորանում թուրքեր էին զվարճանում, իսկ Ամարաս տանող աստիճանների գլխին մի ծերունի քամանչայով Սայաթ-Նովա էր նվագում։ Նվագում էր վերացած, հուզմունքով։ Կրկին երգելու պահանջ զգացի, ցանկացա զորացնել ծերունու քամանչայից պոկվող հնչյունները, զորավիգ լինել։ Ծերունին բացեց աչքերը, հետո սկսեց արտասվել։ Թուրքերը մոռացել էին իրենց լիքը ափսեներն ու լսում էին զարմացած. մի ծեր երաժիշտ ու մի հերարձակ, երկարափեշ հայուհի մորմոքում էին կորցրած հայրենիքի ու կիսավեր տան կարոտը։ Թուրք պաշտոնյաները չէին ուզում, որ ես իջնեմ Ամարաս։ Ներքեւում օձեր կան` ասում էին, վտանգավոր է։ Այն, ինչ տեսա Ամարասում, անհնար էր պատկերացնել։ Պատերը դիտավորյալ մրոտել էին, ամեն ինչ քարուքանդ արել։ Սուրբ Գրիգորիսի գերեզմանի տեղը պղտոր գոլ էր, փորել էին, որ գանձ գտնեն։ Ամենուր զգացվում էր օտարի ծանր, բարբարոս շունչը։ Հայերը վախվորած էին, զգուշանում էին։ Չկար տիրոջ ինքնավստահություն` տիրոջ կամք, տիրոջ ուժ։ Կեւորկովի հետ ծանր խոսակցություն ունեցանք։ Հայաստան վերադարձա հուզված, դառնացած։ Եվ այդ ժամանակ ծնվեց «Արցախն ինչպես տեսա» շարքը։

-Ես պիտի խնդրեմ, որ առանց համեստության, պատմեք Ձեր գործունեության մասին ազատագրական շարժման օրերին։ Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր ղեկավարած Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբը։

-Պատերազմը նոր էր սկսվել, գրողների միությունում հանդիպեցի ծանոթ ազատամարտիկի։ Ասաց` Մետաքսե ջան, սովը` ոչինչ, ցրտին չենք դիմանում։ Կոշիկները հանելով` ցույց տվեց սեւացած, ցրտահարված մատները։ Ես շատ հուզվեցի։ Երեկոյան զանգեցի լրագրող Ռիմա Պետրոսյանին ու եթեր դուրս գալու հնարավորություն խնդրեցի։ Խոսքս անկեղծ էր, ազդեցիկ, հուզառատ։ Խնդրեցի օգնել կռվող տղաներին, գուլպաներ բերել։ Ձայնս կերկերում էր, լացը դեմ էր առել կոկորդիս։ Առավոտյան մտա գրողների միություն ու ապշեցի։ Նախագահի ընդունարանում ասեղ գցելու տեղ չկար։ Մի կին վերմակի բուրդն էր մանել ու գուլպաներ գործել, մյուսը երկարափեշ շրջազգեստն էր քանդել։ Մի քանի ժամում արկղերով գուլպա հավաքվեց։ Հետո սկսեցին տաք վերնազգեստներ բերել, շորեր, տարբեր իրեր, փող։ Խորհրդանշական էր, որ առաջին ներդրումը Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւորական տեր Շահենը կատարեց, ու ասես ի սկզբանե մեր ձեռնարկումն օրհնվեց, օրեցօր ընդլայնվեց, ծավալները մեծացան, նույնիսկ Սփյուռքը ներգրավվեց։ Երանությամբ եմ հիշում այդ օրերի ջերմությունը, սրտացավությունը, անշահախնդիր նվիրումը։ Նախադպրոցական երեխաները բակում համերգ էին տվել, երգել, արտասանել էին ու հանգանակած գումարը նվիրել ազատամարտիկներին։ Համաժողովրդական շարժում սկսվեց, մարդիկ հավատում էին, վստահում, ցանկանում էին իրենց ավանդը տալ Արցախին, կռվող տղաներին։ Մենք այցելում էինք հիվանդանոցներում ապաքինվող վիրավորներին, ճակատ ուղարկվող յուրաքանչյուր ծանրոցի մեջ սիրով ու ջերմությամբ, լավատեսությամբ ու կորովով լեցուն նամակներ էինք դնում։ Պատահում էր` պատասխանում էին։ Մինչ օրս սիրով պահում եմ Սեյդիշենի ջոկատի ազատամարտիկների նամակը. «Սիրելի մայրեր, քույրեր, ձեր տաք մատներով հյուսված գուլպաներն ու ձեռնոցները լցրին մեր սրտերն անմար ջերմությամբ, կրկնակի եռանդով։ Ձեր սերն է ուժ տալիս մեզ, ձեր մայրական օրհնանքն ենք տանում կռվի դաշտ, ձեր զորությամբ ենք արծվանում, Մայր Հայաստանի սիրով է գոտեպնդվում ու ազատագրվում Արցախ զավակը, ձեր պատվով ենք հպարտանում` չենք վերադառնա մեր ընտանիքի գիրկը, մինչեւ վերջին թշնամուն չհալածենք Արցախի սահմաններից»։ Իսկ Ղարաչինարի ազատամարտիկները, շնորհակալությամբ ընդունելով մեր ուղարկած տաք հանդերձանքը, խոստանում էին հաղթանակից հետո իրենց բարերարներին հրավիրել ազատագրված Արցախ։ Մեզ երախտագիտության խոսքեր հղեց նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանը, բարձր գնահատեց Արցախին օգնելու համաժողովրդական պաթոսը, խանդավառությունը` համարելով հաղթանակի երաշխիքներից մեկը։

Պատերազմի օրերին խիզախության, հայրենասիրության, ոգու եւ հերոսության այնպիսի պաշար կուտակեցինք, որ դեռ տասնյակ սերունդներ կգրավի, կվարակի մեր հին ու ազնիվ արյունը, կփոխանցվի ժառանգաբար։ Մի դրվագ պատմեմ. Մխիթար Թիզյան անունով ազատամարտիկը պատերազմում կորցրել էր երկու ձեռքը, երկու աչքը։ Ասում էր` Մետաքսե, Աստված թող ինձ մի հատիկ աչք տա, կրկին ճակատ կգնամ, կկռվեմ։ Ասք չէ, ի՞նչ է հապա, դյուցազնավեպ է, լեգենդ է։ Մեր ոգու առասպելն այստեղից է գալիս ու երբեք չի ավարտվելու։

– Այդ զգացումները, հույզերն ու մտորումները տեղ գտա՞ն Ձեր պոեզիայում։

-Որպես պատասխան` մեջբերեմ ակադեմիկոս Սեւակ Արզումանյանի տողերը. «Մանթաշից մինչեւ Խաչենի ու Թարթառի հովիտներ, Շիրակի դաշտավայրից մինչեւ Քոլատակ գյուղի դեմ հանդիման վեր խոյացած Կաչաղակաբերդ առասպելական սարը, Մռովից մինչեւ Արագած եւ Մասիս, նրա թեմաներից դուրս չեն, մշտապես երգում է։ Եվ սա ոչ թե Արցախյան շարժումից հետո, այլ 1988-ին տպագրել է «Սիրո թալիսման» գիրքը, որտեղ` «Խնձորիստան», «Գանձասար», «Ղարաբաղի ձիեր», «Հայոց տաճար» բանաստեղծությունները։ Մի ամբողջ գիրք գրեց Ղարաբաղի մասին, բազում բանաստեղծություններ ձոնեց մեր հայկական սրբություններին` Հադրութից մինչեւ Մարտակերտ, Ամարասից Գանձասար, Ստեփանակերտից Շուշի։ Չկա մի տեղանք, չկա մի վայր, որ երգած չլինի Մետաքսեն։ Գրել է հուզաթաթավ, զգացմունքային, կարոտի կրակներով եւ մեր ազգային ցավի խոր գիտակցությամբ»։

Հայոց նորագույն պատմության ամենաիրադարձային ու բախտորոշ դրվագը, թերեւս, ազգային բանակի ծնունդն էր։ Մենք կառուցեցինք մեր հայրենապաշտության տաճարը, արիության դարբնոցը։ Մեզ մեր ոգին է պահել, բանակն էլ է ոգով զորանալու։ Բազմիցս եղել եմ զորամասերում, զրուցել եմ զինվորների հետ, սրտի խոսք եմ ասել, ոգեւորությամբ են լսում, երիտասարդներին հատուկ անմիջականությամբ խանդավառվում են։ Արվեստի մարդիկ, մտավորականները պետք է ավելի մոտ լինեն բանակին, ավելի հաճախ շփվեն զինվորների հետ, զրուցեն, գոտեպնդեն, սիրեն։ Բանակի խնդիրներն ինձ շատ են սրտամոտ, շատ են հուզում, հատկապես` մարդկային փոխհարաբերությունների անկատարությունը։ Յուրաքանչյուր ծնող պարտավոր է իր երեխայի հոգում ծնված օրվանից դաստիարակել բարություն, գթասրտություն, մեծահոգություն։ Մի քանի օր առաջ մայթով քայլելիս հանկարծ նկատեցի, որ մի մեծ արեւածաղկի սերմ ինքն իրեն գնում է, կռացա, տեսնեմ` փոքրիկ մրջյունն ուսերին առած տանում է իրենից տասնապատիկ մեծ արեւածաղկի սերմը։ Այդ պահին տատիկի հետ երկու երեխա էին անցնում. «Տեսեք, բալիկներ,- ասացի,-ի՛նչ աշխատասեր է փոքրիկ մրջյունը, ի՛նչ խելոք է, ինչպես է պաշար հավաքում ձմեռվա համար։ Գեղեցիկ է, չէ՞»։ Խոսքս չէի ավարտել, երեխաներից մեկը ոտքը դրեց ու ճզմեց մրջյունին։ Այնքան վշտացա, այնքան հուզվեցի։ Հսկա կաղնիների կողքին ապրում են փոքրիկ թփերը, նրանք էլ ունեն գոյության իրավունք, նրանց պետք է հզորների օգնությունը, սերը…

-Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին տոնի առիթով։

-Ցանկանում եմ, որ հաղթանակի զգացողությունը մշտապես ուղեկցի մեր ժողովրդին։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #18 (934) 10.05.2012 – 16.05.2012, Բանակ և հասարակություն


16/05/2012