ԿԵՆԹԱՐԿՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
ՌԴ պետական դուման առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պաշտպանական պատվերի մասին» օրինագիծը, որով, մասնավորապես, քերական պատասխանատվություն է նախատեսվում պաշտպանական պետական պատվերի տեղադրման ժամկետների խախտման մեղավորների համար, և որ պետությանը տալիս է հեռանկարային երկարաժամկետ պատվերի ձևակերպման իրավունք:
Անցած տարի պետական պաշտպանական պատվերի կատարումը բավական ձգձգվեց գնագոյացման խնդրի շուրջ պաշտպանության նախարարության և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միջև խորը տարակարծությունների պատճառով, ինչի հետևանքով, օրինակ, «Борей» և «Ясень» տիպի սուզանավերի կառուցման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվեց նոյեմբերի 9-ին, և այն էլ` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ: Իսկ երեկ հայտարարվեց, որ 2011 թվականի պետական պաշտպանական պատվերը, որի ընդհանուր արժեքը կազմում է 750 միլիարդ ռուբլի, ներկա դրությամբ կատարվել է 96,3 տոկոսով:
Նոր օրինագծում սահմանվում են պատվերի տեղադրման յուրահատկությունները և գնագոյացման պետական կարգավորման մեխանիզմները, հստակեցվում է պետական պատվիրատուների շրջանակը, սահմանվում են կատարողների հիմնական պարտավորությունները և սահմանազատվում են գործադիր իշխանության դաշնային օրգանների ու կազմակերպությունների լիազորությունները գնագոյացման պետական կարգավորման ոլորտում:
Օրինագծի ընդունումը թույլ կտա սահմանել նաև մի շարք հակամենաշնորհային պահանջներ:
ՌԴ կառավարության փոխվարչապետի պաշտոնակատար Դմիտրի Ռոգոզինը, որ համակարգում է Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության աշխատանքը, հայտարարել է, որ ինքը ՌԴ պաշտպանության նախարարության և պաշտպանական արդյունաբերության համալիրի միջև անվերջանալի վեճերում կստանձնի «գնային հաշտարարի» դերակատարությունը:
Խորագիր՝ Նորություններ