Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ո՞Վ ԿՄՏԱԾԵՐ, ՈՐ ՄԻ ՕՐ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆՔ



Արդեն վեց ամիս է, ինչ ծառայում եմ բանակում։ Զորակոչվեցի աշնանն ու հայտնվեցի հայրենիքիս հարավային հեռավոր զորամասերից մեկում։ Արդեն վաղուց հարմարվել եմ ծառայությանն, ու այլևս առաջին ամիսների կարոտն ինձ չի տանջում։

Մի օր ոտքիս վերքի պատճառով գնում եմ զորամասի բուժկետ, և պարզվում է, որ պետք է պառկեմ բուժվելու համար։ Եվ, այ քեզ անակնկալ. բուժող բժիշկը իմ քաղաքացիական կյանքի ծանոթներից մեկն է՝ Բորիս Աբգարյանը, որին երբեմն հանդիպում էի ընկերոջս դարբնոցում։ Ուրախությանս, բնական է, չափ չկար։ Ո՞վ կմտածեր, որ մենք մի օր հանդիպելու ենք… զորամասում, ես՝ որպես շարքային, ինքը՝ զորամասի բժիշկ, սպա։

Նույնն էր մնացել Բորիսը՝ լավատես, կենսախինդ, հումորով։ Ոչ էլ սպայի ուսադիրներն էին նրան մազաչափ փոխել։ Եվ այդ օրվանից նոր շունչ առավ մեր՝ այսպես ասած, բանակային ընկերությունը, ընկերություն շարքային զինվորի և սպայի։

Եթե քաղաքացիական կյանքում տարիներ են պետք մարդուն ճանաչելու համար, ապա ծառայության մեջ, երբ կա պատասխանատվություն և պարտականություն, հրաման և ենթակայություն, շատ ավելի արագ և անսխալ ես բացահայտում մարդու իսկական որակները։

Եվ կամաց-կամաց ես շատ բան իմացա իմ ծառայակից ընկերոջ կյանքից։ Իմացա, որ նա մեծացել է, բառիս բուն իմաստով, գնդակների և արկերի որոտի տակ՝ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում։ Իմացա, որ նա իր փոքրիկ հայրենիքի՝ Արցախի սիրահարն է։ Կարող եմ անսխալ մեջբերել նրա խոսքերը, որոնք մեկընդմիշտ դաջվել են հիշողությանս մեջ. «Իմ կյանքը առանց Արցախի չեմ պատկերացնում։ Ավելի գեղեցիկ բնություն և քաջ մարդիկ ուրիշ տեղ չկան, և չես գտնի… Մի օր, Նժդե՛հ ջան, քեզ Գիշի կտանեմ, որ քո աչքերով տեսնես, թե ինչ դրախտավայր է»… Նաև զարմանքով պարզեցի, որ նրա համար հեռավոր ու մոտիկ զորամաս գոյություն չունի. «Նախ՝ սպան ծառայության է գնում այնտեղ, որտեղ նրա կարիքն ամենից շատ կա, հետո՝ մեր հայրենիքն այնքան փոքր է, որ ուր էլ գնաս, երկրիդ սրտում ես։ Մեր հայրենիքի ամեն թիզը պարզապես հող չէ, այլ հայրենիք, որ պետք է պաշտպանվի։ Եվ եթե զորամաս է այդ տարածքում տեղակայված, ուրեմն առավել ևս կարևոր է ու անհրաժեշտ։ Այնպես որ, հեռավոր ու մոտակա զորամաս մեզ համար չի կարող լինել։ Բոլոր զորամասերն էլ հավասարապես կարևոր են»։

Բուժծառայության լեյտենանտ Բորիս Աբգարյանը սովորել է բժշկական համալսարանում և ծառայության զորամասային փուլն ավարտելուց հետո, որը տևելու է 3-5 տարի, մտադիր է շարունակելու կրթությունը օրդինատուրայում։ Հետո… նա դարձյալ վերադառնալու է ծառայության, որովհետև իր կյանքը միայն բանակում, զորամասում է պատկերացնում։ Իսկ մեր զորամասի մասին, որտեղ մենք հիմա երկուսով ծառայում ենք, հետևյալն է ասում. «Սա հենց իմ երազած զորամասն է։ Այստեղ ինձ ամուր ու վստահ եմ զգում, այստեղ ես անելիք ունեմ, ինձ սպասում են, ինձ սիրում են։ Գուցե նաև հրամանատարիս՝ Արցախյան պատերազմի բովով անցած Արարատ Մելքումյանի շնորհիվ է։ Բոլոր դեպքերում, սիրում և հպարտանում եմ զորամասի տղաներով՝ թե՛ սպա, թե՛ զինվոր»։

Այս փոքրիկ ակնարկը, հավատացեք, ծնվել է ընկերական անկեղծ սիրուց և հարգանքից։ Բարի ծառայություն, լեյտենանտ Բորիս Աբգարյան, բարի ծառայություն, իմ թանկագին հրամանատար և ընկեր։ Քո կերպարը ինձ կապում է բանակի և զինվորական ծառայության հետ։ Եվ համոզված եղիր, որ մի օր դարձյալ միասին ենք ծառայելու, բայց այս անգամ արդեն՝ որպես սպաներ։

ՆԺԴԵՀ ՍԻՐՈՒՆՅԱՆ
շարքային

Խորագիր՝ #19 (935) 17.05.2012 – 23.05.2012, Բանակ և հասարակություն


23/05/2012