Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ



Ընդիմադիր ազատ սիրիական բանակի ռազմական խորհրդի ղեկավար, գեներալ Մուստաֆա Ահմեդ աշ-Շեյխը Խուլա քաղաքում մայիսի 25-ին բանակային ստորաբաժանումների իրականացրած զանգվածային սպանություններից հետո, որոնց արդյունքում տանկերի ու հրանոթների հրետանու կրակից, ինչպես նաև դիմահար կրակոցներից զոհվել էր առնվազն 116 մարդ, այդ թվում՝ 34 երեխա, միջազգային հանրությանը կոչ է արել դիմել ռազմական միջամտության և օդային հարվածներ հասցնել կառավարական զորքերին, իսկ բոլոր ընդիմադիր զինված խմբավորումներից պահանջել է համակարգված ու լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել:

Խուլայի արյունահեղությունը խստորեն դատապարտել է ՄԱԿ անվտանգության խորհուրդը: Կառավարական զորքերի կողմից տանկերի ու հրետանու կիրառման փաստն ընդունել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն պնդել է, որ կառավարական զորքերը քաղաք չեն մտել և դիմահար կրակոցներով մարդկանց սպանել են ապստամբ ուժերը:
Իսկ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Ալեքսանդր Պանկինը, որը, սակայն, չի բացառել զանգվածային սպանությունների հրահրված լինելն այլ ուժերի կողմից, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել բավական մութ հանգամանքներում. «Խուլայում տեղի էր ունենում ոչ մեծ հակակառավարական ցույց, սակայն մերձակայքում կառավարական զորքեր չկային, և քանի որ սպանդը տեղի ունեցավ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի այցի նախօրեին և բոլորովին չէր համընկնում Սիրիայի կառավարության շահերին, նշանակում է, համընկնում էր խնդրի խաղաղ կարգավորման հակառակորդների շահերին»:
Ավելի ուշ սիրիական իրավապաշտպան կազմակերպությունները հայտնեցին Համա քաղաքի գնդակոծության հետևանքով 30 նոր զոհերի մասին, սակայն այլ աղբյուրներ դեռևս չեն հաստատել այդ տեղեկությունը:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, անցած տարվա մարտին սկիզբ առած հակամարտությունն արդեն խլել է ավելի քան 9.000 մարդու կյանք: Իսկ այլ աղբյուրներ հայտնում են 11.000 զոհերի մասին:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


29/05/2012