Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ



Մայիսյան Եռատոնն այս անգամ յուրօրինակ ձևով նշեց Երևանի N 77 դպրոցը։ Պաշտպանության նախարարության աջակցությամբ դպրոցի մի խումբ աշակերտներ, ուսուցիչներ, ազատամարտիկներ, «Հանուն ազգիս փրկության» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության հետ նվերներով (գրքեր, գրենական պիտույքներ, հագուստ) ուղևորվեցին Արցախ աշխարհ։ Երկար ճանապարհը աներևակայելիորեն կարճվեց աշակերտների երգով, պարով, հումորով, ազատամարտիկներ՝ Սամվել Փափազյանի, Գայանե Փափազյանի, Արմեն Մինասյանի, Հրաչիկ Բաբաջանյանի` Արցախյան պատերազմի մասին հետաքրքիր պատմություններով։

Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի՝ Կարեն Առաքելյանի անունը կրող դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը` տնօրեն Կարինե Ասրիյանի գլխավորությամբ, ջերմ և սրտաբուխ ընդունելություն ցուցաբերեցին։ 20 տարի առաջ Կիչանում թեժ կռիվներ էին ընթացել, ու գյուղը հայտնվել էր թշնամու ձեռքում։ Այսօր Կիչանի դպրոցում հայոց այբուբենն է հնչում, հայերենն է թևածում՝ աղոթքի պես մեղմ, զենքի պես հատու։

Գյուղը մեծ կորուստներ է կրել, ու դպրոցի ամեն դասարան անվանակոչված էր զոհված քաջորդիներից մեկի անունով։ Դպրոցականները երգում էին, պարում, ասմունքում, ու գյուղը թնդում էր աշխույժ շուրջպարից, հնչում էին հայրենասիրական երգեր։ Կիչանի և Երևանի N 77 դպրոցները փոխհամաձայնությամբ այսուհետ համարվում են քույր դպրոցներ։

Այդուհետ հյուրերն այցելեցին ԼՂՀ ՊԲ N զորամաս և իրենց երգուպարով բազում հաճելի պահեր մատուցեցին զինվորներին։ Զինվորների և երեխաների միջև ռազմական գիտելիքների շուրջ մրցույթ-ստուգատես անցկացվեց։ Տեսնել էր պետք, թե զենք քանդել-հավաքելիս աշակերտներն ի՜նչ ջանասիրությամբ էին փորձում զարմացնել ծառայող տղաներին։ Զորամասում խիստ կարգուկանոն էր, բարեկարգ պայմաններ։ Հրամանատարը՝ փոխգնդապետ Կ. Ջալավյանը, ում մասին զինվորները խոսելիս ակնածանքով ասում էին՝ «մեր ատեցը», իրոք, հայրական հոգատարությամբ և ուշադրությամբ էր վերաբերվում զինվորներին։ Ու հիմա այդ նույն վերաբերմունքն էր ցուցաբերում աշակերտների հանդեպ։ Վերջիններս մեկ օր ապրեցին զինվորական կարգացուցակով. առավոտ վաղ՝ 6.30-ին վազեցին զինվորների հետ, զինվորներին հավասար, մարզվեցին, համտեսեցին զինվորական կերակուրը, մասնակցեցին երեկոյան անվանականչին։ Մի խոսքով՝ ապրեցին ու շնչեցին զինվորական օդը, ու իրենք էլ մի քիչ զինվորացան։ Միջոցառման ավարտին «Հանուն ազգիս փրկության» կազմակերպության նախագահ Ս. Փափազյանը «Ազատամարտիկ» հուշամեդալով պարգևատրեց զորամասի հրամանատարին՝ բանակ-հասարակություն կապերը սերտ պահելու համար։ Հրամանատարն էլ անչափ կարևորելով ռազմահայրենասիրական դաստիարակության դերը դպրոցում, հպարտությամբ նշեց, որ մենք այլևս պարտություններ չենք ունենալու, քանզի մատաղ սերունդը դաստիարակվում է հայրենասեր և քաջարի ոգով, նա միաժամանակ շնորհակալություն հայտնեց թե՛ բարեգործական կազմակերպությանը, թե՛ դպրոցի անձնակազմին և զորամասի կողմից N 77 դպրոցին նվիրեց աստվածաշնչյան թեմայով նկար՝ «Քրիստոսի սիրով, հույսով և հավատով, մատաղ սերնդին հայրենասիրությամբ և քրիստոնավայել դաստիարակելու համար» մակագրությամբ։ Պատվոգրեր, շնորհակալագրեր, հուշագրեր հանձնվեցին նաև Կիչանի դպրոցի տնօրենին, Երևանի N 77 դպրոցի անձնակազմին, զինղեկ փոխգնդապետ Գ. Մկրտչյանին։

Աշակերտներն այցելեցին նաև Դադիվանք, Գանձասար, Շուշիի Սուրբ Հովհաննես, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, տեսան Շուշիի «Տանկ» հուշարձանը։ Այցելությունը և՛ ռազմահայրենասիրական, և՛ ճանաչողական նպատակ ուներ. աշակերտները տեսան Արցախի շքեղ բնաշխարհը, հմայվեցին պատմամշակութային արժեքներով, շնչեցին Արցախի հերոսական օդը, շփվեցին արցախցի հասակակիցների հետ, զորամաս զինվորներին այցելելով էլ ևս մեկ անգամ համոզվեցին՝ մեր հողն ու ջուրը հուսալի պաշտպաններ ունի։ Բոլորի համար էլ աննկարագրելի, տպավորիչ ճամփորդություն էր։

Մանե Հակոբյան (14 տ.) – Անչափ տպավորված եմ։ Անմոռաց ուխտագնացություն էր։ Ամեն ինչ հիասքանչ էր, թե՛ բնությունը, թե՛ բնության պես շքեղ եկեղեցիները, և՛ Կիչանի դպրոցում, և՛ զորամասում ամեն ինչ շատ հետաքրքիր անցավ, հագեցած։ Ե՛վ զինվորականների, և՛ դպրոցականների հետ այնպես էինք մտերմացել, կարծես հազար տարվա ծանոթներ լինեինք։ Դեռ չվերադարձած՝ արդեն բոլորին կարոտել էինք։ Ինձ համար չկա այլևս երևանցի, ղարաբաղցի, լոռեցի կամ այլ նմանատիպ հասկացություն, մենք բոլորս մի երկրի զավակներ ենք։ Մենք բոլորս հայ ենք։

Դավիթ Դարբինյան (10 տ.) – Արցախում շատ լավ էր, օդը՝ մաքուր-մաքուր։ Առաջին անգամ զորամասում եղա և հրամանատարին խոսք եմ տվել՝ 8 տարի հետո գնալու եմ այդտեղ ծառայելու։

Էլիզա Մելքոնյան (14 տ.) – Ինձ համար անակնկալ էր Արցախի բնության շքեղությունը. Կիչանի դպրոցից դուրս էինք գալիս ու շուրջբոլորը կանաչ, սարեր ու ձորեր, զորամասում շրջակայքը ևս ամբողջովին կանաչապատ էր։ Զինվորների համար անձրևի պատճառով զորամասի ներսում համերգ տվեցինք։ Մեզ հետ եկած ազատամարտիկներն էլ, հրամանատարն էլ պատմեցին Արցախյան պատերազմի մասին, զոհված ընկերներից։ Այստեղ ամեն քար ու թուփ իրենց համար է՛լ ավելի էր սրբացել ու հարազատացել։ Շատ եմ ուզում, որ պատերազմ չլինի, մարդիկ չտեսնեն պատերազմի ցավն ու դառնությունը, ու ոչ ոք հարազատ ու ընկեր չկորցնի։

Դավիթ Նալբանդյան (12 տ.) – Պատերազմ չլինելու համար պետք է ուժեղ բանակ ունենանք։ Մեր հողն այսօր մերը չէր լինի, եթե ազատամարտիկները չկռվեին, եթե բանակը չլիներ։ Ես մարզիկ եմ դառնալու, բայց առաջին հերթին պետք է ծառայեմ։

Հենրիկ Մինասյան (14 տ.) – Ես էլ եմ մարզիկ դառնալու, բայց ես էլ նախևառաջ պետք է ծառայեմ։ Եթե երկիրդ խաղաղ է, բոլոր նպատակներդ էլ կարող ես իրագործել։ Ուզում եմ ուժեղ լինի մեր բանակը, մեր երկիրը, որ թշնամին չհամարձակվի ոտք դնել մեր հողի վրա։

Հակոբ Պետրոսյան (12 տ.) – Ինչ գեղեցիկ էին Արցախի եկեղեցիները։ Դադիվանքում, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում շարականներ երգեցի։ Եկեղեցում օտարազգիներ կային ու հիացած լսում էին մեր հայկական հոգևոր երաժշտությունը։ Զորամասում էլ զինվորների համար ռազմական երգեր երգեցի, նրանք ոգևորված ձայնակցում էին, ծափահարում։ Ես երգիչ եմ դառնալու, բայց առաջին հերթին ծառայելու եմ հայրենիքիս։

Ռիմա Ապետնակյան (ուսուցչուհի) – Անչափ տպավորված եմ։ Անկեղծ լինեմ՝ մեր բանակին բացասաբար էի նայում։ Հիմա կարծիքս փոխել եմ. ես տեսա զինվորի գոհունակությունը, վստահությունը։ Չգիտեմ ուրիշ զորամասերում ինչպես է, բայց առանց վարանելու կասեմ՝ եթե ամենուր նման կարգուկանոն լինի, նման դրական մթնոլորտ, մենք հրաշալի օրինապաշտ և հզոր բանակ կունենանք։

Լենա Գրիգորյան (ուսուցչուհի) – Մեր աշակերտները լրջորեն և ամենայն պատասխանատվությամբ էին նախապատրաստվել ու հրաշալի հանդես եկան և՛ Կիչանի դպրոցում, և՛ զորամասում։ Ես էլ եմ անչափ տպավորված զորամասի խիստ կարգապահությունից, հրամանատարի ուշադրությունից, զորամասում իրոք փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ էր։ Համոզված եմ, որ բանակում կարգապահական խնդիրների կարգավորումը կախված է հրամանատարից։ Նա է լավագույն օրինակը, զինվորը պետք է հավատա իր հրամանատարին, հարգի, վստահի, ինչի ականատեսը մենք եղանք։ Զորամասի հրամանատարին կբնութագրեմ երկու բառով՝ հրաշալի մարդ, հրաշալի հրամանատար։

Գայանե Բաբայան (ուսուցչուհի) – Մեզ և՛ դպրոցում, և՛ զորամասում անկեղծ սրտով ու ջերմությամբ ընդունեցին։ Երեխաներն արագ մտերմացան, գիշերը խարույկ վառեցին ու խարույկի շուրջ զրուցեցին իրենց երազանքների, նպատակների մասին։ Այս շփումները նպաստում են համերաշխության, ընկերական մթնոլորտի ձևավորմանը։ Զորամասում էլ զինվորներին ուրախացրին և ուրախացան։ Զինվորները շատ էին ոգևորվել, անընդմեջ ծափերով խրախուսում էին մեր աշակերտներին։ Հրամանատարն էլ չափազանց կիրթ ու հիանալի անձնավորություն էր։ Ամեն ինչ շատ բարձր մակարդակով անցավ։

Գրիգոր Մկրտչյան (զինղեկ) – Ռազմագիտություն առարկան դասավանդելիս միայն տեսական գիտելիքներ հաղորդելը բավարար չէ։ Աշակերտը պետք է այցելի զորամասեր, շփվի զինվորների հետ, լինի այն վայրերում, որոնք ազատագրվել են թանկ և հարազատ մարդկանց կյանքի գնով։

Նարա Պետրոսյան (տնօրեն) – Աշակերտների ոգևորությունն անսահման էր։ Չեմ կարող չողջունել նաև ծնողների պատրաստակամությունը։ Նրանք գիտակցում են նմանաբնույթ այցերի, շփումների կարևորությունը, անհրաժեշտությունը։ Երեխաները շփվելով միմյանց հետ մտերմանում են, հարազատանում, հասկանում, որ միասնականության մեջ է ուժը, պետք է մեկտեղել մեր ուժը, մեր գիտելիքը՝ հանուն մեր երկրի պաշտպանության, հանուն մեր երկրի հզորության։ Սեպտեմբերի 21-ին Կիչանի դպրոցականներն են մեզ այցելելու։ Որոշել ենք ընդլայնել համագործակցության շրջանակը, կապեր կհաստատենք ՌԴ հայկական համայնքներում գործող դպրոցների հետ, կայցելենք այլ զորամասեր։ Վերջում կցանկանայի շնորհակալական ջերմ խոսքեր հայտնել պաշտպանության նախարարությանը, քաղաքապետարանի կրթության վարչությանը, «Հանուն ազգիս փրկության» ռազմահայրենասիրական կազմակերպությանը այս հիասքանչ ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #20 (936) 24.05.2012 – 30.05.2012, Բանակ և հասարակություն


30/05/2012