Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՄՈՆԹԵԻ ԳՈՐԾԸ



«Աստղաձոր գյուղը, որտեղ ես ծնվել եմ, գտնվում է Սևանա լճի հարավային ափին: Հիմնադրվել է 1830 թվականին` Ալաշկերտից և Վանից գաղթած հայերի կողմից: Գյուղի անցյալի մասին պատմում են հայտնաբերված երկաթի դարի դամբարանները, գյուղում պահպանված 15-րդ դարի կիսավեր սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, 13-րդ դարի սբ. Հռիփսիմե եկեղեցին, խաչքարեր, կիկլոպյան ամրոցի ավերակներ: Այս ամենի պատճառով գյուղը միշտ առեղծվածային է թվացել, բայց այն շատ սիրելի է ինձ համար: Իմ համագյուղացիները, չնայած կլիմայական ոչ բարենպաստ պայմաններին (գյուղի կլիման խիստ ցրտաշունչ է, ձմեռը` երկարատև, իսկ ամառը չորային է և սակավ տեղումներով), հողագործությամբ են զբաղվում: Մեզ մոտ հողի հանդեպ հարգանք կա, սեր, ասում են` հողը դաստիարակում է»,-պատմում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սան Հակոբ Հակոբյանն ու անկեղծանում, որ երբեք չի մտածել քաղաքում ապրելու մասին, համոզված էր` կմեծանա, դաշտ կբարձրանա, կօգնի ծնողներին: «Բայց մեծացա ու հասկացա, որ հողին տեր լինելու, հողի վրա կյանք կառուցելու համար պետք է այն պաշտպանեմ: Ուստի, երբ դպրոցի պատին փակցված տեսա հայտարարությունը, որն առաջարկում էր ռազմամարզական վարժարանի սան դառնալ, չհապաղեցի: Եկա տուն եւ հայրիկիս հետ համաձայնեցրի իմ զինվորական դառնալու որոշումը: Ընդունվեցի»:

Առաջին օրերի անծանոթ դժվարությունները հաղթահարվեցին բավական դյուրին, քանի որ Հակոբը հավատարիմ էր իր սկզբունքներին եւ զինվորական դառնալու համոզմունքին. «Առավոտյան վերկացով ինձ չես վախեցնի (ծիծաղում է): Իսկ ահա երեսուն հոգով նույն սենյակում քնելն ու արթնանալը նորություն էր: Ամենադժվարը թերեւս կարոտին դիմանալն է: Հիշում եմ` երկու շաբաթ արդեն դիմացել էի եւ առաջին երկօրյա արձակուրդս ստացա: Շատ էի անհամբեր, բայց մի քանի կիլոմետր էր մնացել, երբ փոխադրամիջոցը փչացավ, լարվածությունս էլ կրկնապատկվեց: Եվ երբ հասանք Աստղաձոր, չկարողացա ինձ զսպել եւ ինչքան ուժ ունեի գոռացի`բարեւ, գյո՛ւղ»…

Վարժարանում Հակոբը ոչ միայն ֆիզիկական տվյալներն է բարելավել, այլեւ նվաճումներ ունի կրթական ոլորտում. առաջին տարում մասնակցել է օլիմպիադայի «Պատմություն» առարկայից եւ, հաղթահարելով բոլոր փուլերը, հանրապետականում արժանացել պատվոգրի: 2010թ. «Մենք հաղթանակի սերունդն ենք» թեմայով Հակոբի շարադրությունը ճանաչվեց լավագույնը զինված ուժերում: 2011թ. մասնակցեց «Պատմություն» առարկայից վիկտորինայի, որին մասնակցում էին ռազմական ինստիտուտների կուրսանտները, ռազմական թեքումով ֆակուլտետների ուսանողները, ռազմական վարժարանների սաները, եւ զբաղեցրեց առաջին տեղը, արժանացավ «Գարեգին Նժդեհ» կրթաթոշակի:

Վարժարանում կազմակերպվում են նաև շախմատի, վոլեյբոլի եւ այլ մարզաձեւերից առաջնություններ: Հակոբը շախմատի չեմպիոնի կոչմանն էլ է արժանացել. «Վարժարանում հմտացա շախմատ խաղալու գործում, ինչը իմ հիմնական հետաքրքրությունն է: Շախմատը ենթադրում է հմուտ ռազմավարություն եւ մարտավարություն, երբ դրանք հստակ են, ապա կարող ես դրական արդյունքի հասնել, ինչպես մարտի դաշտում»:

Հակոբը վստահ է` ինչքան շատ պատանիներ ընդունվեն վարժարան, այնքան կշատանան Մոնթե Մելքոնյանի գործի շարունակողները. «Ավոյի նման գիտելիքով զինված, համարձակ ու ոգով ամուր լինենք, նրա նման կառչած լինենք հայրենի հողին, եւ մեկ մետր հող մեզնից կորզելը ադրբեջանցու համար անկարելի կդառնա: Եվ եթե ուզում ենք նրա հիշատակը հարգել, ուրեմն ոչ թե իր կենացը խմենք, այլ գործը շարունակենք»…

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
Ավագ լեյտենանտ
Լուսանկարը` հեղինակի

Խորագիր՝ #20 (936) 24.05.2012 – 30.05.2012, Բանակ և հասարակություն


30/05/2012