ԶՈՐԱԿՈՉ
Մայիսի 22-ին մեր երկրում սկսվեց այս տարվա առաջին՝ գարնանային զորակոչը։ Հավաքակայանից, հարյուրավոր երիտասարդների պես, բանակ մեկնեց նաև Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Թաթուլ գյուղի բնակիչ, տասնութամյա Սամվել Դանիելյանը։
-Մեր գյուղն ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունն է կրում։ Իմ սերնդի տղաները ծնվել են այն ժամանակ, երբ նա արդեն հերոսաբար զոհվել էր հայոց Արցախ աշխարհի ազատագրման համար և դարձել բոլոր հայերի, թալինցիների փառքն ու հպարտությունը։ Գյուղի բոլոր տղաները դեռ մանկուց երդվում են, որ ծառայելու են հայկական բանակում, ձգտելու են ամբողջացնել Թաթուլ Կրպեյանի մեծ երազանքը,- մեզ հետ զրուցելիս ասաց Սամվելը։ Նա նաև նշեց, որ գյուղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հրազդանի պետական հումանիտար համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և այժմ սովորում է երկրորդ կուրսում։
Հանգամանքների բերումով, որդու ծառայության վայրն իմանալու համար հավաքակայան էին եկել ոչ թե ծնողները՝ Շողիկն ու Ենոքը, այլ զինակոչիկի քույրը՝ Արմինեն, և հորաքույրերը՝ Լիդան ու Ցողիկը։
-Մեր բանակը մեր դարավոր երազանքն է։ Մեր նախնիները սասունցիներ են, բնօրրանից քշվել, թուրքական յաթաղանի զոհ են դարձել հենց բանակ, երկրի տեր զինվոր չունենալու պատճառով։ Իմ տղան՝ Ռուզվելտ Իգիթյանը, զինվոր է և այժմ ծառայում է սահմանում՝ գնդապետ Մ. Մախսուդյանի զորամասում։ Մենք ուրախ սրտով, բաց ճակատով ենք բանակ ճանապարհում Սամվելին։ Թող գնա, մասնակցի երկրի խաղաղության պահպանման մեծ գործին ու բարով-խերով վերադառնա տուն։ Ամեն օր աղոթում եմ մեր բանակի, բոլոր զինվորների հաջողության համար, թող նրանք լինեն առողջ, համերաշխ, միասնական, ու նրանց երբեք չլքի արիությունը,- հուզված ասաց տիկին Լիդան։
Ազգային բանակ ծառայության ուղևորվեցին նաև Արտաշատ քաղաքի բնակիչներ Արմինե և Գագիկ ամուսինների զույգ որդիները՝ Գոռ և Տիգրան Բաղդասարյանները։
-Մեր տրամադրությունը շատ լավ է, ութերորդ դասարանից դպրոցից դուրս ենք եկել և ուսումը շարունակել Երկրապահ կամավորականների միությունում։ Շատ լավ տիրապետում ենք հրաձգային զենքին, ձեռնամարտի հնարքներին, հմտացել ենք շարային, ֆիզիկական պատրաստության մեջ։ Զինվոր դառնալը, բանակում ծառայելը մեր երազանքն է եղել, ավելին՝ մենք ծանոթ ենք զինվորական կյանքին։ Բազմիցս մասնակցել ենք ճամբարային հավաքների, առաջնագծում զինվորների հետ կատարել ենք մարտական հերթապահություն, և այժմ ոչ մի նշանակություն չունի, թե որ զորամասում կծառայենք,- ասաց Գոռը։
Աշտարակցիներ Համլետ Շահինյանը, Թովմաս Խաչատրյանը, Ռազմիկ Բաղդասարյանը նույնպես լավ տրամադրությամբ էին մեկնում ծառայության։
-Եղբայրս՝ Հարություն Խաչատրյանը (նա մորս ազգանունն է կրում) այժմ ծառայության մեջ է։ Ես մեքենա նորոգելու վարպետ եմ, արդեն հինգ տարի է, այսինքն՝ դպրոցական տարիներից զբաղվում եմ այդ գործով,- իր մասին ասաց Համլետը։
-Ես տնտեսագիտական համալսարանում եմ սովորում, հետն էլ սպորտով եմ զբաղվում՝ ծանրամարտ, ըմբշամարտ,- ներկայանալով նշեց Թովմասը։
Ռազմիկ Բաղդասարյանը հանդիպել էր ընկերոջը՝ մայրաքաղաքի Շահումյանի շրջանից զորակոչված Հայկազ Վարդանյանին, և նրանք ջերմ զրուցում էին։ Հայկազն ուսումն ընդմիջել էր ֆիզկուլտուրայի, իսկ Ռազմիկը՝ ագրարային համալսարանում։
ԱՅՍ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
-Փոփոխություն է կատարվել «Զինապարտության մասին» օրենքում,- ասաց մանդատային խմբի ղեկավար փոխգնդապետ Արթուր Գալստյանը։ -Օրենքի 11-րդ հոդվածի յոթերորդ կետը ենթարկվել է որոշ փոփոխության։ Եթե զինակոչիկը միակողմանի ծնողազուրկ է և ընտանիքում ունի չափահաս, այսինքն՝ 18 տարին լրացած քույր կամ եղբայր, ապա նա նախկինի պես արտոնությունից չի օգտվում։ Երկկողմանի ծնողազուրկներն օգտվում են արտոնությունից։ Այդ իրավունքից օգտվում են նաև պատերազմի, զինվորական ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց ընտանիքների անդամները։
-Այս զորակոչի առանձնահատկությունն այն է, որ հանրակրթական դպրոցներում կատարված բարեփոխումների արդյունքում, անմիջապես զինվորական ծառայություն են անցնելու 12-րդ դասարաններն ավարտած տղաները։ Իհարկե նրանք, որոնց 18 տարին լրանում է առնվազն զորակոչի օրը։ Դպրոցի բոլոր շրջանավարտներին տրվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հնարավորություն։ Նրանք մասնակցելու են միասնական քննությանը և պարզելու են` ընդունվել են բուհ, թե ոչ, ընդունվել են անվճար, տարկետումից օգտվող տեղերում, թե վճարովի համակարգում, ինչը տարկետման իրավունք չի ապահովում։ Այս ամենը հաշվի առնելով, զորակոչն սկսել ենք մի փոքր ուշ, բայց կավարտենք ոչ թե նախկինի պես հունիսի վերջին, այլ հուլիսի վերջին։ Կարծում եմ, այս հանգամանքը որևէ կերպ չի ազդի զորակոչը կազմակերպված անցկացնելու, առաջադրանքը կատարելու վրա։ Իսկ այժմ զորակոչվում են այն տղաները, որոնք դպրոցից դուրս են եկել ութերորդ դասարանից, սովորում են քոլեջներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, զինկոմիսարիատների ուղեգրով սովորել են ավտոդպրոցներում (ձեռք են բերել մեխանիկ-վարորդի վկայական)։ Ասեմ նաև, որ զորակոչի հանրապետական հանձնաժողովի, անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից խնդիր է դրվել լինել չափազանց հոգատար և ուշադիր, ամեն ինչ անել, որպեսզի որևէ հիվանդ երիտասարդ չհայտնվի բանակում։ Միաժամանակ, պահանջվում է գործընթացը կազմակերպել թափանցիկ, բացառել կողմնակի ցանկացած միջամտություն և ազդեցություն։ Այսինքն՝ ամեն ինչ անել արդար, օրենքի տառին համապատասխան,- ասաց հանրապետական զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ գնդապետ Գագիկ Հարությունյանը։ Այնուհետև նա հրավիրեց զինկոմիսարիատների ներկայացուցիչներին խորհրդակցության և վերջիններիս մեկ անգամ ևս հրահանգեց լինելու չափազանց ուշադիր և յուրաքանչյուր կասկածի դեպքում խորհրդակցել վերադասի և համապատասխան կառույցների պատասխանատուների հետ։
♦♦♦
Ռազմական ոստիկանության փոփոխված աշխատանքային խումբը ղեկավարում է փոխգնդապետ Արմեն Հարությունյանը։ Նրանք ամեն ինչ անում են հավաքականի տարածքում և մերձակայքում կարգուկանոնի, աշխատանքային բնականոն պայմանների պահպանման ուղղությամբ։
-Կազմակերպելու ենք զինակոչիկների տեղափոխությունը և հետևում ենք, թե ինչպես են իրենց զգում վարորդները, տեխնիկապես ինչ վիճակում են ավտոբուսները։ Երկար ուղերթների ընթացքում մեր ներկայացուցիչները բացատրական աշխատանք կկատարեն, տղաներին կհորդորեն միմյանց հետ ընկերանալ, մտերմանալ, լինել հարգալից, համբերատար, հանդուրժող։ Մենք մշտապես կապ ենք պահպանելու մեր ներկայացուցիչների, ինչպես նաև ՌՈ տարածքային կառույցների հետ, որպեսզի առաջացող բոլոր խնդիրները շատ արագ լուծվեն, և մեր տղաները բարեհաջող հասնեն իրենց զորամասերը։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան