Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՀՅՈՒՐ



Հայոց բանակի 19-ամյակին ընդառաջ` Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի անդամները, խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանի գլխավորությամբ, հունվարի 23-ին ուղեւորվեցին Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ զորամասերից մեկը:
2003 թթ.-ի վեր համալսարանի ուսանողական խորհուրդը նախաձեռնում է նման այցելություններ. «Տարվա ընթացքում հինգից վեց անգամ այցելում ենք զորամասեր: Մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկն ենք համարում բանակի հետ համագործակցությունը, քանի որ բանակը երիտասարդ ուժի խտացումն է»,-նշեց Վ. Գասպարյանը: Այս տարվա առաջին այցելության վայրը պատահական չէր ընտրված` ուսանողները գիտակցում են սահմանային գոտիներում ծառայող զինվորների առաքելությունը:
Մայրաքաղաքից երկու հարյուրից ավելի կիլոմետր հեռավորությունը հաղթահարվեց աննկատ:
Զորամասում ուսանողներին սպասում էին հարյուրավոր զինվորներն ու զորամասի հրամանատարական կազմը, որոնք այցելուներին ուղեկցեցին զորամասի տարբեր ստորաբաժանումներ, ներկայացրին զինվորների առօրյան, զորամասի տեղակայման վայրի նշանակությունն ու կարեւորությունը: Ուսանողների աչքից չվրիպեցին նորակառույց մատուռը, զորամասի վերանորոգված հատվածը, ակումբը: Նրանք եղան նաեւ ճաշարանում, համտեսեցին բանակային սնունդը եւ խոստովանեցին. «Ոլոռով ապուրը բանակում շատ համեղ են պատրաստում»:
Շրջայցից հետո ուսանողները շարահրապարակում կազմակերպեցին մշակութային միջոցառում, որի ժամանակ ասմունքեցին, հանդես եկան հայրենասիրական, զինվորների խնդրանքով` նաեւ սիրային թեմատիկ կատարումներով: Զինվորները պարի էին հրավիրում զորամաս այցելած աղջիկներին, իսկ ովքեր համարձակություն չէին դրսեւորում, զորամասի հրամանատար գնդապետ Ս. Ղազարյանն էր միջամտում: Շարքային Մ. Թունյանցը կատակով նշեց. «Մեզ ավելի բարի, հանդուրժող լինելու համար գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ շփվել է պետք: Առանց աղջիկների կյանքը շատ անհետաքրքիր է: Ես ուրախ եմ, որ նրանք եկան զորամաս, ծանոթացան մեր կյանքին եւ նույնիսկ համաձայնեցին պարել»:
Զինվորներից ոմանք էլ առանց կաշկանդվելու վերցրին բարձրախոսն ու կատարեցին իրենց սիրելի երգերը` անակնկալի բերելով ընկերներին:
Միջոցառման ավարտին զորամասի հրամանատարի ներկայացրած լավագույն զինվորները` Արտյոմ Պետրոսյանը, Նիկոլայ Խաչատրյանը, Նորայր Ադամյանը, Մարտին Սահակյանը, Նաիրի Երկափեշյանը ուսանողական խորհրդի կողմից պարգեւատրվեցին: Քանի որ այդ պահին լավագույնները դիրքերում էին, նրանց պատվոգրերն եւ հուշանվերները ստացան ընկերները եւ խոստացան փոխանցել: Բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գնդապետ Ա. Սարգսյանը եւ զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ս. Խաչատրյանը կարեւորեցին միջոցառումը եւ նշեցին, որ սահմանամերձ գոտում ծառայող զինվորը, կտրված լինելով քաղաքացիական կյանքից, կատարելով ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածություն պահանջող կարեւոր առաջադրանք, նման միջոցառումների շնորհիվ թոթափում է ծառայողական հոգսերը եւ բարձր տրամադրությամբ շարունակում կատարել իր պարտականությունները: Զորամասի հրամանատար գնդապետ Ս. Ղազարյանն էլ ավելացրեց. «Զինվորի հանգստի կազմակերպումը կարեւոր է մարտունակության բարձր որակ ապահովելու համար»:
Միջոցառման ավարտից հետո զինվորական համազգեստով ոգեւորված աղջիկները ցանկություն հայտնեցին փորձել այն, կամ գոնե լուսանկարվել զինվորների հետ: Ուսանողներից Դավիթը, Սամվելը, Վահեն, Արտակն ու Սամսոնն էլ զինվորների հետ երկար զրուցելուց հետո արձանագրեցին. «Մեր բանակը հզորանում է, ամեն այցելությունից հետո ավելի ենք համոզվում: Տղաները շատ առույգ են, համարձակ: Նրանք հայոց սահմանների անառիկության միակ եւ վստահելի երաշխիքն են ու ամեն գնով պատրաստ են դիմակայել թշնամու ոտնձգություններին»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #03 (868) 26.01.2011- 2.02.2011, Բանակ և հասարակություն


04/02/2011