Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԻՆ ԱՍԻԱ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԲԱԼԿԱՆՆԵՐ



Ռուս հայտնի գրող և հրապարակախոս, «Ճգնաժամ. ինչպես է այն ստեղծվում» և «Ով է ֆինանսավորում Ռուսաստանի փլուզումը» բեստսելլերների հեղինակ Նիկոլայ Ստարիկովի պնդմամբ, միջինասիական ժողովուրդներին խաղաղություն կբերի միայն Ռուսաստանի հետ ռազմական ու տնտեսական դաշինքի ստեղծումը:

Միջին Ասիայում այժմ ձևավորվում է անկայունության առանցք, և ավելին՝ առաջիկայում կարող են միավորվել Աֆղանստանի, Տաջիկստանի ու Ղրղզստանի կոնֆլիկտային գոտիները: Առավել ևս, երբ շատերի համոզմամբ, Միացյալ Նահանգներն իր ֆինանսական ու տնտեսական դժվարին խնդիրների լուծման և աստղաբաշխական չափերի հասած պետական պարտքի կրճատման ճանապարհը տեսնում է աշխարհի տարբեր հատվածներում անկայունություն ու բախումներ հրահրելու մեջ: Նման հատվածներից մեկն էլ Միջին Ասիան ու Աֆղանստանն են, որտեղից ամերիկյան զորքերը երկու տարի անց կհեռանան և կասկած չկա, որ Վաշինգտոնն իսկույն կսկսի ֆինանսավորել և զինել նրանց, ում դեմ այսօր կռվում է: Առավել ևս, որ այդ դեպքում, ողջ տարածաշրջանն ապակայնունացնելու նպատակով կկարողանա իսլամ գրոհայիններ ուղարկել Տաջիկստան: Եվ այս ամենը՝ Ռուսաստանից ոչ հեռու և Չինաստանի սահմանի անմիջական հարևանությամբ, ինչն առավել գայթակղիչ է դարձնում Միջին Ասիան Եվրասիական մայրցամաքի Բալկանների՝ վառոդի տակառի վերածելու սցենարը:

Ի վերջո, գաղտնիք չէ, որ Օշի ջարդերի ժամանակ հայտնվել էին հակամարտող կողմերին անծանոթ դիպուկահարներ, որոնք նույն բարեխղճությամբ կրակում էին երկու կողմի կանանց ու երեխաների վրա: Եվ շատերը, մատնացույց անելով Մանասի ռազմաբազան, ակնարկում են այս դիպուկահարների ու ամերիկյան հատուկ ծառայությունների միջև սերտ կապի մասին:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը, հեռանալով Միջին Ասիայից, խախտեց այս պետությունների սահմանների պահպանման դարավոր սկզբունքները, բայց այժմ, վերստին ստանձնելով տաջիկաաֆղանական սահմանի պաշտպանությունը, կարծես թե սկսում է վերադառնալ Միջին Ասիա, որի պետությունների փրկության միակ ելքը միասնական տնտեսական տարածքի, հակաօդային ու հակահրթիռային միասնական պաշտպանության համակարգերի ձևավորումն է, ինչին, իհարկե, հնարավորինս կխանգարի Արևմուտքը, հատկապես Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան:

Ի տարբերություն ժողովրդավարության, տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից միանգամայն ցանկալի է նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունները մինչև 2020 թվականը երկարաձգելու նախաձեռնությունը, քանի որ դա բավական կամրապնդի հարավի, արևմուտքի և հյուսիսի միջև մասնատվելու վտանգի առջև կանգնած Ղազախստանի ներքին կայունությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


31/05/2012