Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԴԵԴՈՎՇՉԻՆԱՆ» ՓՈԽՈՒՄ Է ՁԵՎԱՉԱՓԸ



Շատերի պնդմամբ, ռուսական բանակում տարածված արատավոր ու հանցավոր այս երևույթի պատճառն այլևս ոչ թե զինվորի ծառայության ժամկետն է, այլ իրավազրկությունը: Երբ 2008 թվականի հունվարի 1-ից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մեկուկեսից կրճատվելով դարձավ մեկ տարի, անգամ ռուսական բանակի գեներալները չէին թաքցնում, որ հիմնական նպատակներից մեկն էլ «դեդովշչինայի» վերացումն էր: Սակայն անցած չորս տարիներին բանակում բռնության դեպքերի նվազում չարձանագրվեց, և, համաձայն պաշտոնական տվյալների, ՌԴ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերություններից 2011 թվականին տուժել է ավելի քան մեկուկես հազար զինծառայող:

ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրիդինսկին անցած հուլիսին զինդատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում խոստովանեց, որ ծառայության ժամկետի կրճատումը չտվեց ակնկալված արդյունքը. զինվորների նկատմամբ սպաների կիրառած բռնության դեպքերն աճեցին 15 տոկոսով, իսկ սերժանտների նմանօրինակ արարքները 2010 թվականի համեմատությամբ` երկու անգամ: Միայն անցած տարվա ութ ամիսների ընթացքում համածառայակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար ազատազրկման է դատապարտվել 1.400 զինծառայող, այսինքն` բանտ է ուղարկվել մի ողջ գունդ: Իսկ ինքնասպանությունների գերակշիռ պատճառը հենց ոչ կանոնադրային հարաբերություններն են:

Ծառայության ժամկետի կրճատման հետևանքով «դեդովշչինան», որպես այդպիսին, վերացավ և նրանից բխող զորանոցաքրեական ավանդույթներն ընդհատվեցին, սակայն բռնությունը մնաց, և ամեն զորամասում առաջացան ուժի ու բռնության նոր կենտրոններ: Մի զորամսում տերուտնօրինություն են անում հին զինծառայողները, մյուսում՝ նորակոչիկները, երրորդում` հայրենակիցները, ասենք սիբիրցիները, չորրորդում` ինչ-որ ուրիշ խմբավորում… Բռնության գոյությունը բանակում պայմանավորված է բանակի` փակ համակարգ լինելու և պարտադիր ժամկետային ծառայության զինվորի իրավազուրկ վիճակի հետ, քանի որ պարտադիր ժամկետային զինծառայողի իրավունքները ոչ մի տեղ հստակեցված չեն: Իսկ զինվորական կանոնադրություններն ընդամենը համակարգում են աշխատանքի իրականացման կարգն ու եղանակը:

Ըստ այդմ, հին ծառայողի իրավունքն ընդամենը փոխարինվեց ուժեղի իրավունքով, վերստին հանգեցնելով տարբեր հանցագործությունների` դրամաշորթության, բջջային հեռախոսները խլելու, վերակարգ չուղարկելու համար վճարելու և այլն: Եվ զինվորական ծառայության պայմանների մեղմացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը` ծառայության ժամկետի կրճատումը, բջջային հեռախոս ունենալու և կամ մեկ ժամ ավել քնի իրավունքը ոչ մի արդյունքի չհանգեցրին:

Զինվորական իրավապաշտպանների կարծիքով, միակ ելքը պայմանագրային զինծառայության տեսակարար կշռի ընդլայնումն է, քանի որ պայմանագրային զինծառայողն ունի իրավունքների բավական լայն ու հստակ շրջանակ: Դրա վառ օրինակը ՌԴ սահմանապահ ծառայությունն է. 2007 թվականից լրիվ անցումը պայմանագրային զինվորական ծառայության, զորատեսակում կտրուկ նվազեցրեց բռնության կիրառմամբ ուղեկցվող հանցագործությունները:

Խորագիր՝ Նորություններ


31/05/2012