Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ ԿԿԵՆՏՐՈՆԱՆԱ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ



Սինգապուրում ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված տարածաշրջանային խորհրդակցությունում՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ նախատեսվում է 2020 թվականին Խաղաղ օվկիանոսում կենտրոնացնել ամերիկյան ռազմական նավատորմի 60 տոկոսը: Պանետտայի պնդմամբ, «դա կնպաստի կայունության ամրապնդմանը և զարգացման նոր հնարավորություններ կընձեռի կենսականորեն կարևոր այս տարածաշրջանին»: ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտնել է, որ դրա իրականացման համար տարիներ են անհրաժեշտ, սակայն ամերիկյան պաշտպանական գերատեսչությունն ունի բավարար ֆինանսական միջոցներ այդ ծրագրերն իրականացնելու համար: Նա միաժամանակ հստակեցրել է, որ Միացյալ Նահանգների ռազմավարությունում կատարվող փոփոխություններն ուղղված չեն Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելուն: Իր հերթին, պաշտոնական Պեկինը դժգոհություն է հայտնել ամերիկյան զինվորականների ուշադրության կենտրոնում Ասիայի հայտնվելու կապակցությամբ:

Անցած նոյեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը հայտարարել էր անվտանագության ապահովման քաղաքականության գերակա ուղղություն. «Միացյալ Նահանգները խաղաղօվկիանոսյան տերություն են, և մենք մտադիր չենք հեռանալ այստեղից»:

Ներկայում Խաղաղ օվկիանոսում գտնվում է ամերիկյան 285 ռազմանավ, որոնց զգալի մասը, սակայն, պետք է փոխարինվի նորերով, քանի որ մաշվածության պատճառով ենթակա չէ վերանորոգման:

ԱՄՆ-ը մտադիր է ոչ միայն մեծացնել այստեղ տեղակայվող ռազմանավերի քանակը, այլև արդիականացնել նրանց սպառազինությունը: Իսկ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վաշինգտոնն Արևմտյան Ասիայում գտնվող իր ռազմաբազաներից մեկն է ուղարկել անհայտ քանակությամբ ժամանակակից «F-22 Raptor» կործանիչ ռմբակոծիչներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


04/06/2012