Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՐԱԾ ՑԵՂԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ



WikiLeaks-յան գաղտնազերծված փաստաթղթերից մեկը վկայում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամերիկացի դիվանագետների հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները նման են սառցաբեկորի, որի միայն 10 տոկոսն է տեսանելի, իսկ մնացած 90-ը թաքնված է կողմնակի հայացքից: Ստորև ներկայացվող հոդվածը այդ 90 տոկոսը հայտնաբերելու փորձ է:

Մեր նախորդ հոդվածում («Յոթ պատերազմ՝ հանուն Մեծ Քրդստանի՞», «Հայ զինվոր», թիվ 10, 2012թ., էջ 5) արդեն անդրադարձել ենք Մերձավորարևելյան տարածաշրջանում հրեական կորած ցեղերից մեկը (ըստ վարկածներից մեկի՝ քրդերին) «գտնելու» և նրան պետականություն ստեղծելու հնարավորություն ընձեռելու գաղափարին, որն ընկած է քաղաքականության մեջ կրոնամիստիկական սկզբունքներով առաջնորդվող հրեադավան գործիչների գործունեության հիմքում: Պարզվում է, որ այս խնդրին առնչվում է նաև Ադրբեջանը:

ԿՈՐԱԾ ՑԵՂԵՐԸ

Մ.թ.ա. 928թ. աստվածաշնչյան Իսրայելի (Հակոբ նախահոր՝ Աբրահամի թոռան) 12 որդիներից տասի սերունդները ստեղծում են Իսրայելի թագավորությունը (Էրեց-Իսրաել): Մ.թ.ա. 733-722թթ. Ասորեստանը գրավում է այն և գերի տանում հրեա բնակչությանը: Վերջինս ձուլվում ու տարրալուծվում է տեղի բնակչության մեջ: Այսպիսով, կորած է համարվում Իսրայելի ոչ թե մեկ (ինչպես նշել էինք մեր նախորդ հոդվածում), այլ տասը ցեղ: Իսկ եթե հաշվի առնենք, որ այսօր իրենց ծագումը կարողանում են ապացուցել միայն Ղևիի ցեղի (քահանաների) հետնորդները, ապա կորած ցեղերը տասնմեկն են (ըստ հրեադավան հեղինակների՝ տասներկուսը. նրանք, չգիտես ինչու, Հովսեփ Գեղեցիկի փոխարեն հաշվում են նրա որդիներին՝ Եփրեմին ու Մանասեին, և ցեղերի թիվը մեկով ավելանում է):

Միևնույն ժամանակ, Աստվածաշնչում Եզեկիելի մարգարեություններից մի քանիսը (47:13, 48:1-7, 23-29) հրեադավան հեղինակները մեկնում են այն իմաստով, որ վախճանաբանական ժամանակներում (աշխարհի վերջում) Իսրայել պետությունը վերածնվելու է և բաղկացած է լինելու 12 ցեղերից, չհաշված Ղևիի ցեղը: Այսինքն՝ տասներեք ցեղից:

Քրիստոնյան, հավատալով մարգարեությանը, սպասում է դրա իրականացմանը: Իսկ հրեադավանը, հավատալով մարգարեությանը, փորձում է ամեն կերպ արագացնել դրա իրականացումը, քանի որ համոզված է այդ անելու իր կարողության մեջ: Ահա ինչու հրեադավան (քաղաքական) գործիչները փորձում են ա) գտնել Իսրայելի կորած ցեղերը, բ) նպաստել նրանց անկախություն ձեռք բերելուն և հեռանկարում՝ համախմբմանը: Ընդ որում, եթե առաջին խնդիրը հնարավոր չէ լուծել գիտական ճշգրտությամբ (այսինքն՝ ապացուցել, որ տվյալ ցեղը իսրայելական է), համենայն դեպս իրականացվում է երկրորդը:

Այս ենթադրությունն անել է ստիպում այն փաստը, որ Իսրայելի կորած ցեղերի որոնումները հրեադավաններին «հասցրել են» աշխարհի տարբեր անկյուններ՝ ստիպելով առաջ քաշել ամենաաներևակայելի վարկածները, որոնցից շատերի գիտականությունը նույնիսկ չի էլ կարևորվում: Դեռևս 1-2-րդ դդ. Հովսեփոս Փլաբիոսն է գրել, որ «տասը ցեղերն ապրում են Եփրատից այն կողմ և այնքան բազմամարդ են, որ հնարավոր չէ հաշվել»: Թալմուդի որոշ օրենսգետներ համարում էին, որ տասը ցեղերը Բաբելոնի մերձակայքում են (Իրաքում), մյուսները նրանց փնտրում էին Աֆրիկայում, Կովկասում, Իրանում (Բենիամին Տուդելցին իր «Ճամփորդությունների գրքում» նկարագրել է Իրանի հյուսիս-արելքում գտնվող անկախ հրեական պետություն, որտեղ բնակվել են Դանի, Ասերի, Զաբուղոնի և Նեփթաղիմի ցեղերը՝ Հովսեփ Ամարղալ խա-Ղևիի առաջնորդությամբ), Եթովպիայում, Բիրմայում, Կամբոջիայում, Աֆղանստանում (սա առանձին խոսակցության նյութ է. ըստ վարկածներից մեկի՝ Աֆղանստանը համարվում է շումերների նախահայրենիքը, իսկ շումերները, իրենց հերթին, համարվում են հրեաների նախնիները), Հնդկաստանում, Չինաստանում, Քրդստանում, Հյուսիսային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում: 19-րդ դարում Անգլիայում ծագեց նույնիսկ հատուկ շարժում՝ Բրիթիշ Իսրաել, որի ջատագովները անգլոսաքսերին համարում էին կորած ցեղերի սերունդ:

Այսպիսով, կորած ցեղերի մասին կան բազմաթիվ առասպելներ, բայց ոչ՝ պատմական հավաստի տեղեկություններ: Այս պայմաններում ծնվում են նոր վարկածներ, որոնք գիտությանը միգուցե պետք չեն, սակայն լիովին բավարար են՝ քաղաքական գործիչների երևակայությունը բորբոքելու և նրանց գործի մղելու համար:

ԽԱԶԱՐՆԵՐԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ

Այդպիսի մի վարկած է այն, որ ադրբեջանցիների նախնիներից են եղել հուդայականություն դավանող խազարները: Այս վարկածն առանց կասկածի ենթարկվելու մեջբերվում է Համացանցի մի շարք ադրբեջանական կայքերում, որոնցում ներկայացվում է Ադրբեջանի պատմությունը և ադրբեջանցիների ծագումը: Իսկ Համացանցում իր համարձակ վարկածներով բավականին հայտնի հեղինակներից մեկը՝ Անդրեյ Զելևը, պնդում է, որ ադրբեջանցիներն առաջացել են իրանական և թյուրքական տարրերի խառնումից, ընդ որում՝ իրանական տարրը թաթերն են կամ լեռնային հրեաները, իսկ թյուրքականը՝ օղուզներն ու խազարները, որոնք երկուսն էլ հուդայականություն են դավանել և հետո միայն ընդունել մահմեդականություն (նշվում է, օրինակ, որ օղուզների թագավոր Սելջուկի չորս որդիներից մեկի անունը եղել է Իսրայել, իսկ թոռներից մեկի անունը՝ Դավիթ, օղուզներն էլ սերտ կապեր են ունեցել հրեադավան խազարների հետ): Այսպիսով, ադրբեջանցիների երեք նախնիներն էլ, իբր, հրեադավան են եղել, և որ «ադրբեջանցիներն ու հրեաները եղբայրական ժողովուրդներ են»: Փոքր-ինչ մանրամասն անդրադառնանք այս խնդրին:

Խազարները թյուրքական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդ են: Հոների արշավանքներից հետո՝ 4-րդ դարում, ներխուժել են Արևելյան Եվրոպա, ապա բնակվել Արևմտյան Մերձկասպյան երկրամասերում՝ Սուլակ գետի (Հյուսիսային Դաղստանում) և ստորին Վոլգայի միջև: 560-ական թթ. ենթարկվել են Թյուրքական խաքանությանը (Կենտրոնական Ասիայում), որի անկումից (պատճառը ներքին հակասություններն ու չինական Սույ արքայատոհմի հարվածներն են եղել) հետո՝ 7-րդ դարի երկրորդ կեսին ստեղծել են Խազարական խաքանությունը: Սա վաղ ֆեոդալական պետական կազմավորում է, որն առաջացել է Ստորին Պովոլժիեում և Հյուսիսային Կովկասի արևելյան մասում: Մայրաքաղաքը մինչև 8-րդ դարը Սեմենդերն էր (Դաղստանում), ապա՝ Իթիլը (Աստրախանից հյուսիս): 7-րդ դարի երկրորդ կեսին խազարներն իրենց ենթարկեցին մերձազովյան բուլղարների մի մասին, ինչպես նաև սավիրների ու հոների թագավորությունը մերձափնյա Դաղստանում: Նույն ժամանակ Աղվանքը (որի տարածքում այսօր Ադրբեջանն է) հարկատու դարձավ Խազարական խաքանությանը: Դաշինք կնքվեց Բյուզանդիայի հետ՝ ընդդեմ արաբական խալիֆայության: Խազարական խաքանության կազմի մեջ մտած հոների առաջնորդը 680-ական թթ. դիմեց հայոց և աղվանից հոգևորականներին՝ քրիստոնեություն ընդունելու համար: Աղվանից իշխան Վարազ-Տրդատը Խազարական խաքանություն ուղարկեց Իսրայել եպիսկոպոսին, որը քրիստոնյա դարձրեց հոների իշխաններին: Հետագայում՝ 8-րդ դարի վերջին, խաքանության վերնախավը (թագավոր Օբադիայի գլխավորությամբ) ընդունեց եբրայական կրոնը: Մինչ այդ՝ 730-40թթ. Բուլան անունով իշխաններից մեկն արդեն իսկ ընդունել էր հուդայականություն և իր անունը փոխել Սաբրիելի: Նրա հետ հուդայականություն էին ընդունել էթնիկ խազարները: Խազարական խաքանության՝ հուդայականություն ընդունելուց հետո բազմաթիվ հրեաներ Բյուզանդիայից (նրանց հալածում էին հույներին դավաճանելու և արաբներին օգնելու համար) և Իրանից (մազդեականության հալածյալ հետևորդները) գաղթեցին Խազարիա, որը դարձավ հրեական պետություն նաև էթնիկ իմաստով:

Խազարական խաքանության զորաջոկատները բազմիցս (685, 762, 764, 765, 785թթ.) ներխուժել են Հայաստան, Վիրք (հասել են մինչև Թիֆլիս) և Աղվանք: Խազարիա ասելով նեղ իմաստով հասկանում են խազարների քոչվորության վայրերը, լայն իմաստով՝ Խազարական խաքանության տարածքը: Վերջինս, փաստորեն, ընդգրկել է նաև Ադրբեջանի, Վրաստանի, տարածքը, ինչպես նաև Հայաստանի մի մասը: Միջնադարյան հրեա ճանապարհորդ Բենիամին Տուդելցին գրել է Ադրբեջանում մեծաթիվ հրեա բնակչության, հազարավոր սինագոգների (հրեական աղոթատների) և Կասպից ծովի ավազանում՝ «Կիզիլ-Ուզեն գետի ափին» գտնվող հրեական թագավորության մասին: Անդրեյ Զելևի խոսքով, «էլ ավելի հին է ներկայում իրանցի գաղութարարների օկուպացրած Հարավային Ադրբեջանի հրեաների պատմությունը»: Փաստորեն, Մեծ Ադրբեջանի ստեղծումը Զելևի նման մտածողները համարում են հրեաների հայրենիքի ազատագրում և մարգարեությունների իրականացման նախադրյալ:

Պատմագիտության մեջ գոյություն ունի խազարների հետնորդների հիմնախնդիրը. արաբական աղբյուրներից հայտնի է, որ Խազարական խաքանության կործանումից հետո խազարները չեն ոչնչացել: Միևնույն ժամանակ, 12-րդ դարից մինչև 17-րդ դարը նշված տարածաշրջանում հրեաների մասին ոչ մի տեղեկություն չկա, և նաև դրանով է բացատրվում վարկածների առատությունը այն հարցի վերաբերյալ, թե այսօր ո՞ր ժողովուրդն է խազարների հետնորդը: Վերոշարադրյալից արդեն պարզ է, որ խնդիրը կարևոր է նաև հրեաների համար: Վարկածներից մեկն արդեն քննարկեցինք՝ ադրբեջանցիները: Ըստ մյուս վարկածների՝ խազարները դարձել են կումիկներ (ամենահիմնավորն է), կազակներ (սա հայտնի պատմաբան Լև Գումիլյովի վարկածն է, որը այլոց կարծիքով ոչնչով հիմնավորված չէ), աշկենազի՝ արևելաեվրոպական հրեաներ (սա տարածված, բայց անհիմն վարկած է) կամ… չեչեններ (մեզ արդեն ծանոթ Անդրեյ Զելևի վարկածն է, որը հիմնված է չեչենների և խազարների լեզուներում ընդհանուր բառերի գոյության, ինչպես նաև աշխարհագրական փաստարկների վրա. խազարների առաջին մայրաքաղաքը գտնվել է Չեչնիայի տարածքում): Չեչենների վերաբերյալ վարկածը հետաքրքիր է այն առումով, որ Չեչնիան 1990-ականներին ձգտում էր անկախության, ինչը կարող է մեկնաբանվել որպես Խազարական հրեադավան պետությունը վերստեղծելու մի փորձ:

Այսպիսով, միանգամայն հնարավոր է, որ իսրայելա-ադրբեջանական ռազմաքաղաքական սերտ համագործակցությունն ունի նաև կրոնամիստիկական շերտ:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #21 (937) 31.05.2012 – 6.06.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


06/06/2012