ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՌԵՎԱՆԴՈՒԶԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ
Որքան շատ ես ծանոթանում Արեւմտյան Հայաստանի մեր բնակավայրերին, դիտում լուսանկարները, երբեմն տեսանյութեր, որ արվել են վերջին տարիներին, այնքան ավելի շատ ես հասկանում այն ահռելի, սոսկալի կորուստը, որ ունեցել է հայ ժողովուրդը 20-րդ դարի սկզբի թուրքական կառավարության իրականացրած ցեղասպանության արդյունքում: 1,5 միլիոն կամ միգուցե ավելի շատ զոհեր, դա դեռ խնդրի մի կողմն է: Բնօրրան է կորցրել հայ ժողովուրդը, այն կենսական տարածքը, որի վրա ապրելն է հետագա գոյատեւման ու զարգացման գրավականը: Մի ողջ ժողովրդի բնական ինքնապաշտպանական բնազդը թուրքական կառավարական կանոնավոր զորքերի ու թուրք-քրդական խուժանի վայրագությունների դեմ թուրքական իշխանությունն այսօր փորձում է հրամցնել որպես զինված առճակատում` հավասարը հավասարի դեմ, իբր զոհերը երկուստեք են եղել: Ինչեւէ, իրականությունն այն էր, որ ինքնաբուխ կերպով հայ երիտասարդները ոտքի էին կանգնում իենց հարազատ օջախը, հայ ժողովրդին ու հայրենիքը անհավասար կռվում պաշտպանելու համար: Ահա մի զինվորի պատմություն, ում անունը քչերին է հայտնի, ում արածը մի համեստ լումա է անկախ հայրենիքի կերտման գործում, բայց հենց այդ բազմաթիվ լումաներից է որ ձեւավորվեց, միս ու արյուն ստացավ մեր այսօրվա Հայաստանը:
Զգացնել տուր թշնամուդ, որ ամեն
վայրկյան պատրաստ ես պատերազմի,
եւ նա կհրաժարվի զենքի ուժով քեզ
անհանգստացնելու մտքից:
Բազմաթիվ բնակավայրերից, ինչպես հիմա ներկայիս Հայաստանից, 20-րդ դարասկզբին տնտեսական վատ պայմանների, թուրքական կառավարության կեղեքումների արդյունքում շատերն էին մեկնում այլ երկրներ աշխատանք փնտրելու: Երիտասարդ արաբկիրցի Մկրտիչ Ֆերեշեթյանն էլ պանդխտության ճամփեքով հասել էր Միացյալ Նահանգներ: Աշխատանք էր գտել, ու քանի որ դեռ ամուրի էր եւ ավյունով լի, ոչ միայն հաջողակ էր իր գործում, այլեւ ինքնամոռաց օգնում էր եղբոր ու քրոջ ընտանիքներին, որոնց մի մասին ինքն էր ԱՄՆ բերել, մի մասն էլ Պոլսում էին հանգրվանել: Սակայն Մկրտիչի սիրտը անհանգիստ էր: Հայրենի եզերքից մտահոգիչ լուրեր էին գալիս: 1915-16 թվականներն էին: Հայկական բնակավայրերը մեկը մյուսի ետեւից թուրքերի կողմից ենթարկվում էին կոտորածների: Եւ հանկարծ լսեց, որ հայրենիք մեկնելու ու թշնամու դեմ կռվելու համար կամավորականների են հավաքագրում: Առանց վայրկյան իսկ մտածելու անդամագրվեց եւ թվով 300 կամավորների շարքում Ամերիկայից եկավ հասավ եւ իր ընկերների հետ ընդգրկվեց 4-րդ կամավորական գնդի մեջ, որի հրամանատարն էր Զորավար Անդրանիկի զինակից մեր հերոսական հայդուկապետերից մեկը` քաջն Քեռին` Արշակ Գավաֆյանը: Շատ քիչ բան է հայտնի Մկրտիչ Ֆերեշեթյանի անցած մարտական ուղուց: Ընդամենը գիտենք, որ նա 4-րդ կամավորական գնդի շարքերում մասնակցել է նշանավոր ճակատամարտերի, եղել է Հայաստանի տարբեր ծայրերում` (կամավորական 4-րդ գունդը կռվել է Վանի, Սարիղամիշի ճակատներում), այնտեղ, որտեղ զինվորական ուժի կարիք կար, որտեղ պետք էր կռվել` տեղի հայ բնակչությանը կոտորածներից փրկելու համար: Ինչպես մյուս ֆիդայիները, ինքն էլ բազմաթիվ օրեր է անցկացրել բաց երկնքի տակ, բարձը եղել է քարը, իսկ վերմակը` երկինքը: Հատկապես հայտնի է նրա մասնակցությունը 1916թ.-ի մայիսի 12-ի հանրահայտ Ռեւանդուզի ճակատամարտին, որտեղ արիաբար կռվել է հայ-ռուսական համատեղ զորամիավորումների կազմում` իրենց մի քանի անգամ գերազանցող թուրքական 12-հազարանոց կանոնավոր բանակի եւ քրդական խուժանի դեմ: Ինչպես հայտնի է` այդ ճակատամարտում հայ զինվորներին շրջափակման օղակից դուրս բերելիս քրդերի վրա հանդուգն հարձակման ժամանակ մայիսի 15-ին պատահական գնդակից հերոսաբար զոհվում է մեծն հայդուկապետ Քեռին` հենց Մկրտիչի ու իր մի քանի զինակիցների ձեռքերի վրա: Ծանր է լինում կորուստը: Բայց Ռեւանդուզի կռիվը շարունակվում է մինչեւ մայիսի 18-ը, երբ ռուս-հայկական ուժերը վերջնական ու ջախջախիչ պարտության են մատնում թուրքական բանակին, որն ավելի քան հինգ հազար զոհ տալով` խուճապահար փախուստի է դիմում:
Ահա թե այս կապակցությամբ ինչ է գրում թեհրանահայերի «Ալիք» օրաթերթը.
«Մայիս 1916-ի 12-էն 18 երկարող օրերը բախտորոշ նշանակութիւն ունեցան հայ ժողովուրդի ազգային-քաղաքական ապագային համար:
Առաջին աշխարհամարտի թոհուբոհին մէջ, թուրք-ռուսական պատերազմի երկար ճակատի հարաւային` Պարսկաստանի հատւածին վրայ, թուրքական բանակը յաջողած էր պաշարման վտանգաւոր օղակի մէջ առնել ռուսական զօրքն ու հայ կամաւորականները. ջախջախիչ պարտութիւնն ու ստոյգ կործանումը կը սպառնային ռուս-հայկական կողմին:
Մայիսի 12-ին թուրքական 12-հազարանոց բանակը ուժեղ յարձակում մը գործեց պարսկական Ռեւանդուզ քաղաքին վրայ, ուր դիրքաւորւած էին ռուս-հայկական ուժերը: Թշնամին գրաւեց Ռեւանդուզը եզերող լեռնային բարձր դիրքերը եւ աստիճանաբար սկսաւ սեղմել պաշարման օղակը:
Ահա՛ այդ օրհասական պահուն, մայիսի 15-ին, քաջարի հերոս մը շրջեց ճակատագրի անիւին կործանարար թաւալումը: Հայ կամաւորական 4-րդ գունդի հրամանատար քաջ Քեռին ձեռնարկեց թուրքական պաշարման շղթան ճեղքելու յանդուգն գրոհի մը: Մայիսի 15-ին, իր վաշտերէն մէկուն եւ 4050 ձիաւորներու գլուխ անցած, Քեռի անակնկալօրէն յարձակում գործեց թուրքական դիրքերուն վրայ եւ ահեղ մարտով կրցաւ դէպի ձորը հրել թշնամի զօրքը: Քեռի յաջողեցաւ իր առաքելութեան մէջ. թուրքական պաշարումը ճեղքւեցաւ եւ Ռեւանդուզի մէջ դիրքաւորւած ռուս-հայկական ուժերը ընդհանուր յարձակողականի անցան: Բայց Ռեւանդուզի յաղթական գրոհի հերոսին համար ճակատագիրը վերապահած էր դառնագոյն իր խաղերէն մէկը. յաղթական իր թռիչքի աւարտին մահառիթ փամփուշտը յանկարծ ճակտէն հարւածեց առիւծակերպ հերոսին: Քեռի հազիւ կրցաւ «Վա՛յ, բալանե՛րս, ես խփւեցայ»… ճիչը արձակել ու վերջին շունչն աւանդեց:Քեռիի անկենդան մարմինը փոխադրւեցաւ Թեհրան, ուր մեծ շուքով, ժողովրդային սիրւած հերոսի փառքով, Դաշնակից ուժերու դեսպանական եւ հրամանատարական ներկայացուցիչներու մասնակցութեամբ, արժանացաւ պետական եւ ազգային յուղարկաւորութեան: Ապա մարտիրոս հերոսին անշունչ մարմինը փոխադրւեցաւ Թբիլիսի, որպէսզի հայոց Խոջիվանքի գերեզմանատան մէջ գտնէ իր յաւիտենական հանգիստը:»
Նույն թեմային է անդրադառնում նաեւ ամերիկահայերի «Ասպարեզ» օրաթերթը: Սակայն այն, օգտվելով ճակատամարտի ականատես ու մասնակից կամավոր Վարդան Իսկանդարյանի հուշերից, հավելյալ մանրամասներ է ներկայացնում Ռեւանդուզի ճակատամարտից` ցույց տալու համար դրա բուն նպատակը հայերի համար.
«Ոդիսական մըն է Քեռիի վերջին երթը հայ ազատագրական պայքարի ճանապարհին վրայ։ Անգիր դիւցազնավէպ պիտի մնայ Մուսուլը գրաւելու նպատակով արշաւող ռուսական բանակի իբրեւ յառաջապահ գումարտակ, Ուրմիոյ լիճէն (Պարսկաստան) հարաւ-արեւմուտք` Քիւրտիստանի անանցանելի լեռներուն վրայ, խիտ անտառներու, անդնդախոր ձորերու մէջ, գազանաբարոյ քիւրտ ցեղերու դէմ Քեռիի եւ Իշխան Յովսէփ Արղութեանի ղեկավարած Հայ Կամաւորական Եօթներորդ Գունդի աւելի քան 1200 հայ քաջերու մարտնչումներն ու խոյանքը դէպի Ռեւանտուզ` Իրաք, ուր եւ կը խզուի անոր առասպելական կեանքին թելը…։
Քեռիի մահը արդիւնքն էր ռուսական բանակի ամբարտաւան հրամանատարի ապիկարութեան։
Ան անտեսած էր Ռեւանտուզի մօտիկ ռազմագիտական երկու կարեւոր դիրքեր եւս գրաւելու` երկու հայ հրամանատարներուն առաջարկը, եւ ատով իսկ առիթ տուած էր փախուստի դիմած թուրք զօրամասին` վերադառնալով գրաւելու յիշեալ դիրքերը, պաշարելու ռուսներն ու հայերը, եւ անոնց թիկունքը խզելով` սովամահութեան վտանգին ենթարկելու զանոնք։
Շուտով կը սպառին ռուսական բանակին ռազմամթերքն ու պարէնի պաշարները, կը ցցուի գազանաբարոյ թուրք զինուորներու կողմէ կոտորուելու հեռանկարը, կը ջլատուի ռուս հրամանատարութեան` կռիւը շարունակելու կորովը, եւ, կամաւոր Վարդան Իսկէնտէրեանի համաձայն` «Մայիս 12-ին (1916) ռուս սպայութեան շարքերուն մէջ արդէն տարածուած էր փսփսուք, թէ ռուսները կը մտածեն անձնատուր ըլլալ թուրքերուն։ Այս մասին խօսք եղած էր շտաբին մէջ, ուր ներկայ էին Քեռին ու Իշխան Յ. Արղութեանը։
Թուրքերուն յանձնուի ՛լ… Միթէ նման նուաստութիւն ներելի՞ էր Քեռիի ու Իշխանի նման հին ֆէտայիներուն… Ու կը պոռթկայ անոնց արժանապատուութիւնը. «Դո՛ւք, ռուսներդ, կրնաք յանձնուիլ, բայց մենք անձնատուր չենք ըլլար։ Կը բաժնուինք պարտիզանական խումբերու, եւ կռուելով կ’անցնինք Պարսկաստան», կ’ըսեն հայ հրամանատարները»։
ՄԿՐՏԻՉ ՖԵՐԵՇԵԹՅԱՆ
Խորագիր՝ #21 (937) 31.05.2012 – 6.06.2012, Պատմության էջերից