Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԼԱՅՆԱՑՎԵՑ



1992թ.

ՍԵՊՏԵՄԲԵՐ

Սեպտեմբերի 8-9-ի մարտերում այնպես էլ չկարողանալով ճեղքել Մարտակերտի ճակատը, թշնամին ուժգին հրետակոծման ենթարկեց Էդիլլուն, Աբդալ-Գյուլափլու հատվածն ու Բերդաշենը:

Սեպտեմբերի 9-ին հայերը վերստին ազատագրեցին Դրմբոնն ու Մեհմանան, իսկ ադրբեջանցիները Բաքվում դիակները ցուցադրելով բողոքի ցույցեր էին անում:

Նույն օրը ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց զինակոչիկներին և պահեստազորայիններին առնչվող խնդիրների արագ լուծման նպատակով կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբ ստեղծելու մասին: Շտաբի ղեկավար նշանակվեց ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանը, անդամներ` ՀՀ պաշտպանության, առողջապահության և նյութական ռեսուրսների նախարարներ Վազգեն Սարգսյանը, Արա Բաբլոյանն ու Վահան Մելքոնյանը:

Սեպտեմբերի 12-ին ազատագրվեցին Պողոսագոմերն ու Վաղուհասին հսկող մեկ բարձունք: Վաղուհասի մարտերում զոհվեց ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, շնորհաշատ ու հայտնի լրագրող Սամվել Շահմուրադյանը: Շարունակվեցին Հադրութի, Էդիլլուի ու Մելիքաշենի խելագար հրետակոծումը և մարտերը Տավուշի սահմաններում:

Վիճակն աստիճանաբար բարդանում էր մարդասիրական միջանցքում, ուր Սաֆյան-Սուարասի հատվածում թշնամու հարձակումը ետ մղվեց սիսիանցի ութ ազատամարտիկների կյանքերի գնով:

Թեև միայն վերջին օրերին թշնամին կորցրել էր 300 զինվոր, բայց չէր համաձայնում ժամանակավոր զինադադարի հաստատման առաջարկին: Մարդասիրական միջանցքում ծանր մարտերը շարունակվում էին:

Սեպտեմբերի 14-ին Վազգեն Մանուկյանը նշանակվեց պաշտպանության պետական նախարար:

Սեպտեմբերի 15-ին մարտեր էին Սյունիքի սահմանների ողջ երկայնքով: Հայկական ուժերը Սիսիանում ետ մղեցին Բռնակոթ, իսկ Մարտակերտի ճակատում` Մեհմանա ու Ջանյաթաղ գյուղերի ուղղությամբ թշնամու գրոհները:

Սեպտեմբերի 17-ին, «ՕՍԱ-ԱԿ» հմ. 11 և 21 մարտական մեքենաների համաձայնեցված գործողությունների արդյունքում՝ Ջանհասանի մերձակայքում ոչնչացվեց ադրբեջանական ռազմական ուղղաթիռը, իսկ Բաքուն հայտարարեց, որ հայկական կողմը… Թովուզում քիմիական զենք է կիրառել:

Սեպտեմբերի 18-ին ժամեր տևած ուժգին հրթիռահրետակոծման ենթարկվեց Կապանը: Հարձակման անցնելով Վաղուհաս-Մեհմանա-Դրմբոն ուղղություններով՝ Ինքնապաշտպանության ուժերն ու «Մահապարտների» գումարտակը գրավեցին Վաղուհասը: Թուրքերն Ասկերանում հարձակման անցնելով Քարագլխի, իսկ Մարտունիում՝ Աբդալ-Գյուլափլուի ուղղություններով, նահանջելիս մարտադաշտում ավելի քան 100 դիակ թողեցին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ստեղծվեց… զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության և ադրբեջանական ռազմական պատմության ուսումնասիրման բաժին:

Սեպտեմբերի 20-ին «ՕՍԱ-ԱԿ» հմ. 11 մարտական մեքենայից արձակված հրթիռներով Ստեփանակերտի երկնքում ոչնչացվեց թշնամու ինքնաթիռը:

Նույն օրը Շահումյանի պարտիզանները ոչնչացրին թշնամու 2 զրահամեքենաներից ու 11 բեռնատարներից կազմված շարասյունը: Թշնամին կորցրեց 54 զինվոր: Ուժգին հրետակոծումն ու թշնամու հարձակմանը դիմակայելը Գորիսին 10 զոհ արժեցան, իսկ մարդասիրական միջանցքի Ղոչազի ու Սաֆյանի հատվածներում ծանր մարտեր էին:

Էլչիբեյի հրամանագրով հոկտեմբերի 9-ը հայտարարվեց Ադրբեջանի զինված ուժերի օր, և որոշվեց այդ օրը զորահանդես անցկացնել:

Սեպտեմբերի 23-ին ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իշխանությունների առաջնահերթ խնդիրներն են կանոնավոր բանակի ստեղծումը, համընդհանուր զորահավաքի անցկացումն ու պայքարը հանցավորության դեմ: Ռուսաստանն Ադրբեջանի սահմանների պաշտպանությունը հանձնելով Բաքվի տնօրինությանը, սկսեց Նախիջևանում տեղակայված սահմանապահ զորքերն առանց զենքի տեղափոխել Դաղստան:

Նույն օրը, Մարտունի քաղաքի ուղղությամբ ձեռնարկված երկու անհաջող հարձակումների արդյունքում կորցնելով մի քանի միավոր զրահատեխնիկա և տասնյակ զինվորներ, Բաքուն հայտարարեց… շրջկենտրոնը գրավելու մասին: Ձախողվեցին նաև Չլդրանի ու Վաղուհասի վրա թշնամու գրոհները, իսկ ազատամարտիկները Ղոչազի հատվածում վերատիրացան նախօրեին ծանր մարտում իրենց հանձնած դիրքերին:

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ռազմածովային ուժերի շտաբի պետը հայտարարեց, որ… իրենց հանձնված 15, այդ թվում նաև ականորսիչ, դեսանտային ու պահապան նավերը բավարար չեն ապահովելու «Ադրբեջանի ծովային սահմանների պաշտպանությունը»:

Սեպտեմբերի 28-ին, թեև զինադադարի մասին անընդհատ հայտարարություններին, արյունալի մարտեր էին Վանք-Առաջաձոր-Կիչան-Ղազանչի հատվածում, կռիվներ ու հրետակոծումներ Հայաստանի ողջ սահմաններում և մարդասիրական միջանցքում:

Սեպտեմբերի 29-ին, հոծ ամպամածության պայմաններում Գյուլիստանի լեռնանցքի մոտ 25468 կողային համարով «ՄԻ-8-ը» բախվեց լեռնագագաթին: Ուղղաթիռում գտնվող հինգ մարտիկները, անձնակազմի հրամանատար Հրայր Կիրակոսյանը, երկրորդ օդաչու Էդուարդ Խաչիկյանը և բորտմեխանիկ Գառնիկ Դանիելյանը զոհվեցին:

Սեպտեմբերի 30-ին թշնամին գրավեց Չլդրանը, և Կիչանի մատույցներում անընդատ կռիվներ էին, իսկ մարդասիրական միջանցքում իրադրությունը գնալով վատանում էր:

Սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 1-ի կռիվներում մարդասիրական միջանցքում զոհվեցին 9 և վիրավորվեցին 30 ազատամարտիկներ:

ՀՈԿՏԵՄԲԵՐ

Հոկտեմբերի 1-2-ին վնասազերծվեցին Մարտունու շրջանի Ամիրանլար, Մուղանլու, Կուրապատկինո գյուղերի և ռազմավարական նշանակության Ղարուչուխ լեռան թշնամական հենակետերը, որոնք սպառնում էին Մարտունի շրջկենտրոնին, Ճարտարին ու Մաճկալաշենին: Հակառակորդը թողեց 60 դիակ, 3 տանկ ու 2 զրահամեքենա:

Հոկտեմբերի 5-ին Լիսագորի երկնքում «ՕՍԱ-ԱԿ» հմ. 21 մարտական մեքենայից արձակված հրթիռներով խոցվեց ադրբեջանական ինքնաթիռը:

Հոկտեմբերի 7-10-ին Զերթիի հատվածի ծանր կռիվներում հայկական կողմը վերատիրացավ մի շարք կարևոր դիրքերի: Այդ մարտերում վիրավորվեց նաև հրթիռահրետանային զորքերի վարչության պետ, այսօր պահեստի գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը:

Հոկտեմբերի 8-ին մարդասիրական միջանցքում, ըստ սարքավորումների տվյալների, «Ստրելա-2»-ով ոչնչացվեց թշնամու ուղղաթիռը:

Հոկտեմբերի 14-ի երեկոյից սկսված առատ ձյունը դադարեցրեց ինչպես մարտական գործողությունները ԼՂՀ սահմաններում, այնպես էլ երթևեկությունը մարդասիրական միջանցքում:

Հոկտեմբերի կեսերին մի քանի հաջող գործողություններ իրականացվեցին գրավյալ Շահումյանում: Բայց այս ամենն ի զորու չէին կանգնեցնելու Մարտակերտի երկրորդ նահանջը:

Հոկտեմբերի 19-ին հայկական ուժերը մարդասիրական միջանցքի երկու ճակատներում անցան հզոր հակահարձակման: Այդ օրը ՀՀ զինված ուժերում թեև սակավաթիվ մարտկոցներով, առաջին անգամ դասական հրետանային նախապատրաստություն իրականացվեց. առավոտյան ժամը 5-ին սկսվեց բոլոր նշանակետերի համաժամանակյա խոցումը: Մեզնից անժամանակ հեռացած գնդապետ Ալբերտ Դավթյանը ղեկավարում էր հարավային, իսկ այսօր գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը՝ հյուսիսային թևի հրետանին: 35 րոպե շարունակ խփում էին խրամատներին, բլինդաժներին, խոշոր զինատեսակների կրակակետերին, հայտնի ու հայտնաբերվող, շարժվող ու անշարժ նշանակետերին, հետո՝ ըստ գործողության ընթացքի: Թշնամին փախավ, ու հետևակն ինքնաբերաբար շարժվեց առաջ և փայլուն կատարեց իր մարտական խնդիրը:

Դա նման լայնածավալ հակահարձակման առաջին հրետանային ապահովումն էր: Այդ օրը միջանցքի լայնությունը, որը որոշ տեղերում նեղացել էր մինչ 3-4 կիլոմետր (Զաբուխի անցակետն ավտոմատային կրակի գոտում էր), հասավ 25-26 կիլոմետրի:

Հոկտեմբերի 22-ին կազմավորվեց Մարտակերտի պաշտպանական շրջանը, որի հրամանատար նշանակվեց շրջանի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը՝ 1993-ի աշնանը դավադիր գնդակից զոհված Նորայր Դանիելյանը: Նա 1990-ին գաղափարակից երիտասարդների հետ հիմնադրել էր սահմանամերձ Քաջավան գյուղը, ապա շուրջ մեկուկես տարի անցկացրել ադրբեջանական գերության մեջ, իսկ ազատվելուց անմիջապես հետո վերստին ձեռնամուխ եղել հայրենի շրջանի ինքնապաշտպանության կազմակերպմանը:

Հոկտեմբերի 23-24-ին մարդասիրական միջանցքում ոչնչացվեց «կյանքի ճանապարհին» ու Գորիսի սահմանամերձ բնակավայրերին սպառնացող Մազմազակի հենակետը:

Ալիև-Էլչիբեյ հակամարտության արդյունքում զինված հեղաշրջման փորձ տեղի ունեցավ Նախիջևանում, ուր ԱԺՃ-ն ժամանակավորապես գրավեց ՆԳՆ-ն:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը որոշեց հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել պահեստազորի սպաների զորակոչ:

Հոկտեմբերի 28-ին «ՕՍԱ-ԱԿ» հմ. 11 մարտական մեքենայից արձակված հրթիռներով Մարտակերտի երկնքում ոչնչացվեց թշնամու «ՄԻ-24» ուղղաթիռը:

Նույն օրը նույն հաշվարկը Մարտակերտի երկնքում ոչնչացրեց ռմբանետման հարմարեցված «Լ-39» ուսումնավարժական ինքնաթիռը:

Հոկտեմբերի 31-ին «ՕՍԱ-ԱԿ» հմ. 11 մարտական մեքենայից արձակված հրթիռներով խոցվեց թշնամու ինքնաթիռը:

Նույն օրը Մարտակերտի ճակատում Ալավերդուց Հովիկ անունով մարտիկը «Ստրելա-2» դյուրակիր կայանքով ոչնչացրեց Դրմբոնն ու Չլդրանը ռմբակոծող թշնամական ինքնաթիռը:

ՆՈՅԵՄԲԵՐ

Նոյեմբերի 4-ին Կապանի վրա աննախադեպ թվով՝ շուրջ 300 արկ ու հրթիռ արձակվեց: Քաղաքում կային զոհեր ու մեծ ավերածություններ:

Նոյեմբերի 6-ին ծանր կռիվներ էին միջանցքի հարավային ճակատում:

Ամսվա սկզբից ծանր վիճակ էր Առաջաձորում: Թեև նոյեմբերի 12-15-ի հակահարձակման արդյունքում ազատագրվեցին 5 գյուղեր, բայց Մարտակերտի ճակատն ի վերջո կայունացավ Առաջաձորի ենթաշրջանում: Իսկ Աղդամից հեռահար հրետանին գրեթե ամեն օր հրետակոծում էր Ստեփանակերտը:

Նոյեմբերի 11-ին Ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին Վաղուհասը, Կճողուտն ու Հարությունագոմերը և երեք կողմից շրջապատելով ընդհուպ մոտեցան Չլդրանին:

Նոյեմբերի 12-ին չդադարող հրետակոծման ու մարտերի պատճառով Կապան քաղաքում տագնապ հայտարարվեց, չէին գործում դպրոցներն ու մանկապարտեզները:

ՀՀ կառավարությունը որոշեց Վերակառուցման և զարգացման համաշխարհային բանկի տրամադրած գումարից հատկացնել սահմանամերձ բնակավայրերի վերականգնմանը 20 տարով անտոկոս:

Նույն օրը Դոնի Ռոստովում սկսվեց Սաֆոնովի փոխարեն սխալմամբ գնդապետ Բլախոտինին սպանած 4 հայորդիների դատավարությունը:

Թշնամին փորձելով կանխել Չլդրանի անկումը, օդային հարված հասցրեց Քոլատակին և ուժգին հրետակոծեց Մարտակերտի ողջ ճակատը:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #21 (937) 31.05.2012 – 6.06.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


06/06/2012