Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐ՝ ԵԶԴԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ



Մայիսի 24-ին ղարաբաղյան պատերազմին մասնակցած 14 եզդիներ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվեցին հայոց բանակի 20-ամյակի հուշամեդալներով։ Պարգեւատրվածներից Գյուլնարա Կոկլյանը մասնակցել է պատերազմին, որովհետեւ, ինչպես ինքը նշեց, պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Նա Ռազմիկ Պետրոսյանի հրամանատարությամբ գործող` Ապարանի ջոկատի կազմում մասնակցեց 1992-94թթ. ամենաթեժ կռիվներին` նվիրվածությամբ գործելով որպես բուժքույր Քարվաճառում, Գորիսում, Աղդամում, Ոսկեպարում: 1994-2011 թթ. հաստատվեց Քարվաճառում եւ ծառայեց զորամասերից մեկում, այժմ թոշակի է անցել:

«Երբ սկսվեց պատերազմը, ես ամուսնացած էի, երեխաներ ունեի, մեծ ու համերաշխ ընտանիքի մայր էի: Բնավորությամբ միշտ անվախ ու վճռական եմ եղել եւ համոզված էի, որ ոչ միայն տղամարդը, այլեւ կինը պետք է հայրենյաց կանչով պաշտպան կանգնի իր հարազատներին եւ հայրենակիցներին: Ուստի, անտեսելով բոլոր դժվարությունները, մեկնեցի ռազմաճակատ` վիրավորներին բուժելու»:

Կնոջը չզիջելու, նաեւ նրա սրտացավությամբ ու խիզախությամբ ոգեւորված ամուսինը` Ամարը, նույնպես միացավ ջոկատին եւ ծառայեց որպես կապավոր` մասնակցելով բազմաթիվ մարտերի. Օմարի լեռնանցքի, Քարվաճառի ազատագրում եւ այլն: Նա չցանկացավ պատերազմի դաշտում իր արածներից խոսել, միայն նշեց. «Ասեմ, որ կանայք ոչ թե որպես գթության քույր, այլ որպես զինվոր են մասնակցել Արցախյան գոյապայքարին: Բուժաշխատողը երբեք չի նստել ու սպասել, թե երբ է զինվորը վիրավորվելու, որ առաջին բուժօգնություն ցույց տա: Կանայք զինված մարտի մեջ են մտել, եւ երբ վիրավոր է եղել, ավտոմատը դարձյալ վայր չդնելով, օգնություն են ցույց տվել: Պատերազմին մասնակցել են ազգությամբ եզդի երկու կին, որոնցից մեկը Գյուլնարան է. ես հպարտ եմ»: Ամարը եզդիների մասնակցությունը բնական է համարում, քանի որ «եթե օգտվում ես քեզ սնած հողի բարիքներից, ուրեմն պարտավոր ես գոնե մի փոքրիկ բան անել նրա համար»: Գյուլնարայի թոշակի անցնելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Աշտարակի Սասունիկ գյուղ` Քարվաճառում թողնելով վեց երեխաներից աղջկան, որ ծառայում է որպես կապավոր տեղի զորամասում:

Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքով՝ եզդիները, մասնակցելով շարժմանը, բարձր պահեցին իրենց անունը. «Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի դարավոր բարեկամն է, դա մեր պարտքն է եղել, մենք մեր մասնակցությունը բերել ենք հանուն մեր երկրի, մեր ծննդավայրի, մեր բարեկամության, որը շատ խոր արմատներ ունի: Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, հարկ եղած դեպքում մենք նորից կռվելու ենք Արցախի պաշտպանության համար»:

Հայոց բանակի 20-ամյակի հուշամեդալով պարգեւատրվեց նաեւ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը, որի ղեկավարած ամբիոնն էլ այդ օրերին եզդիների շտաբն էր դարձել. «Պատերազմի առաջին օրերին Զովունի գյուղում տեղի ունեցավ մեծ ժողով, որտեղ հավաքվեցին եզդի մտավորականությունն ու հոգեւորակությունը եւ որոշեցին ստեղծել շտաբ. այն տեղակայվեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնում եւ գործեց 5 ամիս: Սկսվեց զենքի հավաքագրումը. հաջողվեց 3 ավտոմատ գտնել, ի դեպ, մեկը մեզ տրամադրեց Անդրանիկի զինակից, եզդի ժողովրդի զավակ, Սարդարապատի հերոսամարտի մասնակից Ջհանգիր աղայի որդի Ֆաթլաբեկը: Պատերազմի ընթացքում այդ շտաբը մի քանի հարյուր եզդի երիտասարդ ուղարկեց ճակատ եւ տվեց 40 զոհ: Մեր նորագույն պատմության մեջ եզդիների դերը, ըստ իս, պատշաճ չափով ուսումնասիրված եւ գնահատված չէ, պետք է այդ ուղղությամբ աշխատենք: Շատ քիչ դեպքերում է, երբ ուրիշ ժողովուրդներ մասնակցել են մեր ազգային պայքարին: Պետք է նշեմ` եզդիները իրենց մեր ժողովրդի անքակտելի մասն են համարում անգամ արտասահմանում»,- ասաց Գառնիկ Ասատրյանը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
Ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #21 (937) 31.05.2012 – 6.06.2012, Բանակ և հասարակություն


06/06/2012