ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԱԿՈՒՄ Է… ՎԱԽԻՑ
* «Jamestown». «Հայաստանը ձեռք է բերելու «երկիր-երկիր» դասի նորագույն հրթիռներ»:
* Ադրբեջանի բնակչությունը վախենում է պատերազմից եւ երկրաշարժից:
* Թ.Էր. «Հեյդար Ալիեւը տարածքներ հանձնեց հանուն իշխանության»: Իսկ որդի՞ն:
ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ
Հունվարի 20-ին Հորադիզի մերձակայքում տեղակայված հենակետերից թշնամու ինտենսիվ հրաձգության հետեւանքով զոհվեց ԼՂՀ ՊԲ զինծառայող Հովիկ Սուքիասյանը: Ըստ նախնական տեղեկությունների` ՊԲ պատասխան գործողությունների արդյունքում թշնամու կորուստներն ավելի շատ են:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն իրավացիորեն նկատում է, որ թշնամին սահմանում սրում է իրադրությունը, որպեսզի ազդի միջազգային հանրության վրա` պատերազմի սպառնալիքով ԼՂՀ հարցում իրեն ձեռնտու քաղաքական որոշումներ կորզելու նպատակով: Դա վկայում է, որ «ռազմական շանտաժը միակ ռեսուրսն է, որ մնացել է Ադրբեջանին» («panorama.am», 22.01.2011): Այլ կերպ ասած` դիվանագիտական եւ քարոզչական ոլորտներում Ադրբեջանը պարտություն է կրում:
Բայց կա եւս մի հանգամանք. ադրբեջանական հասարակությունն ու հատկապես զինծառայողներն այլեւս չեն դիմանում հոգեբանական լարվածությանը, որն առաջացել է Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների պատճառով: Ադրբեջանցի զինվորներն ամեն օր սպասում են պատերազմի: Սպասում են վախով:
Այն, որ ադրբեջանական հասարակությունը ծանր սպասման մեջ է, ապացուցվում է տագնապալի լուրերի եւ ասեկոսեների տարածմամբ: «Ենի մուսավաթը» հունվարի 13-ի համարում եզրակացնում է` «Ղարաբաղում ցանկացած պահի կարող են ռազմական գործողություններ սկսվել»: Իսկ «Ազերբայջանսկիյե իզվեստիյա» թերթը հունվարի 21-ին արտատպել է Ջեյմսթաունի հիմնադրամի (www.jamestown.org) վերլուծական հոդվածը, որում ենթադրություն է արվում, որ Հայաստանն է առաջիկա 5 տարիներին ձեռք բերելու «երկիր-երկիր» դասի նորագույն հրթիռներ («novosti.az», 21.01.2011):
Ադրբեջանական հասարակությունն այնքան է վախենում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ոչնչացումից, որ հունվարի 19-ին Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին հաղորդելիս ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, նախ, տեղեկացրել է, որ խողովակաշարը չի տուժել, եւ հետո միայն հաղորդել, որ զոհեր եւ ավերածություններ չկան («trend.az», 20.01.2011): Ի դեպ, մի շարք փաստեր (արտակարգ իրավիճակների նախարարության զորավարժությունների սցենարները, սեյսմիկ կայանների ստեղծումը երկրի ամբողջ տարածքում, նույնիսկ թույլ երկրաշարժերի մասին տեղեկության հրապարակումը) վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունը երկրաշարժի վտանգ է տեսնում, եւ բնակչությունը վախենում է:
ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՎԱՐԿԱԲԵԿՎՈՒՄ Է
Եթե Ադրբեջանի բնակչությունը վախենում է պատերազմից ու երկրաշարժից, ապա իշխանությունը` ներքաղաքական ցնցումներից եւ հեղափոխությունից: Ալիեւի վարչակարգի համար ամենավտանգավորն այն է, որ վերջերս նա անընդհատ վարկաբեկվում է սեփական ժողովրդի աչքում:
Հունվարի 15-ին Հարավային Սուդանում (Աֆրիկա) տեղի ունեցած հանրաքվեն, որի արդյունքում պետք է վերջնականապես որոշվի դրա քաղաքական կարգավիճակը (նախնական տվյալներով` հարավսուդանցիների մեծ մասը քվեարկել է Սուդանից անկախանալու օգտին), ադրբեջանական հասարակության մեջ հերթական անգամ կասկած սերմանեց ԼՂՀ հարցում Իլհամ Ալիեւի վարած քաղաքականության արդյունավետության նկատմամբ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 22-ին էլ Ալիեւի քաղաքականության հաջողությանը կասկածել ստիպեց Հաագայի միջազգային դատարանի որոշումը, ըստ որի Կոսովոյի անկախության հռչակումը համարվեց միանգամայն օրինական:
Քաջ գիտակցելով սեփական հեղինակությանը հասցված հարվածը` Ադրբեջանի իշխանությունը շտապեց հանգստացնել ժողովրդին: Հունվարի 18-ին Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը հայտարարեց, որ «Հարավային Սուդանի անկախության հռչակումը չի կարող նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի համար»: Նույնը, ինչ անցյալ տարի` Հաագայի դատարանի վճռից հետո: Բայց այսօր նախագահականից հնչած հայտարարությունն արդեն պակաս համոզիչ էր, մանավանդ որ ուղեկցվեց մեկ այլ հիասթափությամբ:
Հունվարի 13-ին Բաքու էր այցելել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա ասել էր, որ «Եվրամիությունը, բնականաբար, կողմ է իր գործընկերների, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Իսկ ահա Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում Ժ. Բարրոզուի այդ խոսքերը չկան. դրանց փոխարեն ուրիշ արտահայտություններ են: Ադրբեջանի իշխանությունն այնքան ցավագին է ընդունել դա, որ արտգործնախարարությունը «խոր մտահոգություն է հայտնել» Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հատվածը հանելու առթիվ («apa.az», 20.01.2011):
«Հիրավի, արդյո՞ք դա նշանակում է, որ Եվրամիության դիրքորոշումը փոխվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության կամ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,- հարցնում է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը («regnum.ru», 21.01.2011):
ՎԱԽԵՆԱԼՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏՃԱՌԸ
Ադրբեջանի իշխանությունը վախենում է նաեւ իր երկրում Իրանի ազդեցության մեծացումից. միայն սրանով կարելի է բացատրել այն հետեւողականությունը, որով Ալիեւի վարչակարգը ճնշում է մահմեդական կուսակցության հետեւորդներին եւ պարզապես հավատացյալ մահմեդականներին: Կանանց համար նախատեսված հատուկ գլխաշորով` հիջաբով դպրոց հաճախելն արգելող կարգադրության գործադրումից հետո Ադրբեջանում սկսվեցին հավատացյալների ընդվզումները, որոնք քաղաքականացվեցին հունվարի 7-ին, երբ ձերբակալվեց մահմեդական կուսակցության ղեկավար Մովսում Սամեդովը: Նրան առաջադրված մեղադրանքների թվում կա նաեւ հետեւյալը` իշխանության բռնի զավթում («apa.az», 21.01.2011):
Ուշագրավ է, որ, մեկնաբանելով մահմեդական կուսակցության ղեկավարի եւ մի շարք անդամների ձերբակալությունը, պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին հայտարարել է, որ «նրանց մեծ մասը Իրանի գործակալներ են» («Բիզիմ յոլ», 15.01.2011): Բաքվեցի աստվածաբան Իլգար Իբրահիմօղլուի խոսքով, դեռ երբեք կրոնական հարցի շուրջ ծագած խժդժությունը Ադրբեջանում այսքան երկար (շուրջ երկու ամիս) չէր տեւել: Իբրահիմօղլուի կարծիքով, «իրավիճակը ճգնաժամային է». մահմեդականները կարող են դուրս գալ քաղաքական պայքարի («regnum.ru», 19.01.2011):
Հետաքրքիր է, որ Ալիեւի իշխանության «տակը փորողները» շահարկում են նաեւ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները: Մասնավորապես, «Ազադլիգ» ընդդիմադիր օրաթերթը շարունակաբար տպագրում է թուրք դիվանագետ Թուրգութ Էրի «Ազատությունից դեպի բռնապետություն» գիրքը, որում, մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) դեմ չէր պայքարում, որովհետեւ Նախիջեւանի նախարարներից մի քանիսը ազգությամբ քուրդ էին, որ նրա թիկնազորի ղեկավար Բեյլար Էյուբովն ու Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազ Էլդար Հասանովը կապված էին ՔԲԿ-ի քուրդ ահաբեկիչների հետ, որ Հեյդար Ալիեւը իր դեմ հեղաշրջման փորձին մասնակցելու համար հանիրավի մեղադրում էր Թուրքիային, որ նա սպանեց Թուրքիայի հանդեպ սերն Ադրբեջանում, որ Հեյդար Ալիեւն իր իշխանությունն ամրապնդելու համար խուսափել է հայերի դեմ վճռական ռազմական գործողություններ իրականացնելուց եւ այլն: «Ազադլիգը» լուրեր է տարածում նաեւ, որ Թուրքիայում հարկային մարմինները ստուգում են Իլհամ Ալիեւի բիզնեսի օրինականությունը (Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը օրերս հերքեց այս տեղեկությունը):
Ընդդիմադիր մեկ այլ թերթ` «Ենի մուսավաթը», գրում է, որ Բաքվի` պատմական արժեք ունեցող շենքերը քանդվում են քրդական մաֆիայի պահանջով, իսկ մաֆիայի պարագլուխը ներկայիս քաղաքապետ Հաջիբալա Աբուտալիբովն է:
Ընդդիմադիրների հաշվարկը ճշգրիտ է. Իլհամ Ալիեւին տապալելու համար պետք է սասանել նրա հոր` Հեյդար Ալիեւի հեղինակությունը: Գործընթացն ակտիվացել է, եւ Իլհամը զգում է, որ վտանգը մեծանում է: Պետք է շեղել հասարակության ուշադրությունը: Ահա եւ հայերի վրա կրակելու երկրորդ պատճառը:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ