Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԶՊ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



Մայիսի 23-ին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ամփոփվեցին «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադայի արդյունքները: Օլիմպիադայի եզրափակիչ փուլին, որը տեղի ունեցավ մայիսի 21-23-ը, մասնակցել են Երևանի և մարզերի 11 թիմերի 88 աշակերտներ: Մրցաշարի առաջին օրը հարցերի միջոցով ստուգվեցին մասնակիցների տեսական գիտելիքները, այնուհետեւ գործնական առաջադրանքներ կատարվեցին մի շարք մարզաձեւերից` շարային պատրաստություն, կրակային պատրաստություն («Մենամարտ» վարժասարքով), նռնակի նետում, զենքի քանդում-հավաքում, արգելագոտիների հաղթահարում:

ՆԶՊ օլիմպիադայի եզրափակիչ փուլում թիմային հաշվարկով առաջին տեղը գրավեց Կոտայքի մարզի թիմը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Լոռիի և Արմավիրի մարզերի թիմերը: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ պատվոգրերով ու արժեքավոր նվերներով խրախուսվեցին առանձին մարզաձևերում հաղթած թիմերն ու աշակերտները, ինչպես նաև նրանց զինղեկները, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպաները` աշակերտներին հյուրընկալելու և օլիմպիադայի հանրապետական փուլը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների հաղթող թիմերին եւ անհատ աշակերտներին շնորհավորեցին եւ պարգեւներ հանձնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանն ու գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:

Վ. Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ օլիմպիադայի բոլոր մասնակիցները, անկախ զբաղեցրած տեղից, հաղթողներ են: Նա ընդգծեց, որ ՆԶՊ-ն զորակոչային նախապատրաստության եւ Հայաստանի պաշտպանության ամրապնդման կարեւոր օղակն է, ինչը աշակերտներին հնարավորություն է տալիս ծանոթանալու հայրենիքի պաշտպանության անհրաժեշտ միջոցներին. «Հատկանշական է, որ շուրջ 3 օր տեւած ՆԶՊ օլիմպիադան անցկացվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որը մեր բարձրագույն սպայական կազմի պատրաստման դարբնոցն է: Համոզված եմ, որ ձեզնից շատերն իրենց ոգեւորությունը կկիսեն հասակակիցների հետ եւ կտրամադրեն նրանց հաջորդ օլիմպիադային անպայման մասնակցելուն, իսկ ոմանք էլ կընտրեն հենց զինվորականի ուղին եւ կդառնան հայրենիքի նվիրյալ զինվորներ»:

Հաղթանակած թիմի պատասխանատու զինղեկ լեյտենանտ Կարեն Զաքարյանը զինղեկներից ամենաերիտասարդն է, բայց դա չխանգարեց բարելավել թիմի անցած տարվա ցուցանիշը:

«Առաջին անգամ թիմը 5-րդ տեղն էր զբաղեցրել, այս տարվա կտրուկ առաջընթացը պայմանավորված էր մասնակիցների համերաշխությամբ, համախմբվածությամբ, պատասխանատվության զգացումով, ֆիզիկական ուժով, նաեւ` աշակերտները «զինված էին» մասնագիտական գիտելիքներով: Ես առաջարկում եմ, որ հետագայում մրցեն նաեւ զինղեկները»,- ասաց լեյտենանտ Զաքարյանը:

Աշակերտներից Դավիթ Բակլաչյանն էլ համեմատեց անցած եւ այս տարվա իր զգացողությունները եւ նշեց, որ հիմա անբացատրելի ոգեւորությամբ է համակված. «Անցած տարի էլ եմ մասնակցել եւ կարծում եմ` ՆԶՊ օլիմպիադան տարբերվում է նրանով, որ համատեղ անցկացրած մի քանի օրերը լավագույն հնարավորություն են` ծանոթանալու, ընկերանալու տարբեր մարզերի պատանիների հետ»: Թիմի միակ աղջիկը` տասներեքամյա Արփինեն, հասցրել էր մտերմանալ Շիրակի թիմի հետ, որի 7 մասնակցից 6-ը աղջիկներ էին եւ աչքի էին ընկել շարային պատրաստությունից, թեպետ այս մրցաձեւում իրեն հավասարը չուներ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սան Հակոբ Հովսեփյանը` որը զբաղեցրեց առաջին տեղը: «Ընդգրկված էի Երեւանը ներկայացնող թիմում: Առաջին անգամ էի մասնակցում եւ շարային վարժաձեւերը` շարային քայլք, շրջադարձ տեղում, շրջադարձ քայլի ժամանակ եւ այլն, կատարել եմ գերազանց: Իմ առավելությունը համարում եմ փորձը, որը ձեռք եմ բերել վարժարանում ուսանելուս 2 տարիների ընթացքում»,- նկատեց Հակոբը:

Մյուս առարկաներից անցկացվող հանրապետական օլիմպիադաների ավարտից հետո հաղթողները կպարգևատրվեն նաեւ Կրթության և գիտության նախարարության կողմից:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #21 (937) 31.05.2012 – 6.06.2012, Բանակ և հասարակություն


06/06/2012