«ՆԱՐՈՏ-ԿԱՐՈՏ» ՏԵՍԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Նարոտ-կարոտ». այս վերնագիրն է կրում «Սասուն» համույթի ռազմահայրենասիրական երգերի նոր տեսասկավառակը, որի շնորհանդեսը փետրվարի 3-ին տեղի ունեցավ պաշտպանության նախարարությունում` նախարար Սեյրան Օհանյանի անմիջական նախաձեռնությամբ:
Համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հեղինակած սկավառակում տեղ են գտել տասներկու հայրենասիրական երգ եւ մարտական պար: Համույթը ուղեւորվել է Արեւմտյան Հայաստան եւ յուրաքանչյուր գավառին բնորոշ երգ-երաժշտությամբ, պար ու տարազով ամբողջացրել տեսահոլովակների նկարահանումը:
Նման նախաձեռնությունների նշանակությունը հայ զինվորի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում կարեւորեց ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը եւ տեղեկացրեց, որ տեսասկավառակի մեծ քանակություն կառաքվի զորամասեր: Այն փաստը, որ տեսասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ պաշտպանության նախարարությունում, միջոցառման մասնակիցները որակեցին որպես իրական մշակութային արժեքներով ու հայրենասիրությամբ հայ զինվորին դաստիարակելու, տոգորելու պաշտպանական գերատեսչության ղեկավարության հավատամք եւ պատրաստակամություն: Հայոց բանակի ոգին պետք է սնվի եւ զորանա հայոց մշակույթով, կարծում է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը. «Հայրենիքի սերը չափվում է ոգու արիությամբ, եւ որքան մեծ է այդ սերը հայրենի հողի նկատմամբ, այնքան ամուր ու անառիկ են այդ երկրի սահմանները: Հայոց ոգին սնվում է իր հողի վրա ապրող ու արարող ժողովրդի ազգային մշակույթից` օրորոցային երգից մինչեւ մարտական քայլերգ»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #03 (868) 26.01.2011- 2.02.2011, Բանակ և հասարակություն, Նորություններ