ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՐՅՈՒՆԱԼԻ ԴՐԱՄԱՅԻ ՊԱՏՃԱՌԸ
Ղազախստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Արքանքերգեն» սահմանապահ ուղեկալում 14 զինվորի ու անտառապահի սպանության պատճառ են եղել անձնակազմի շրջանում ոչ կանոնադրային հարաբերություններն ու ներքին հակասությունները: Ուղեկալի պետը մայիսի 28-ից 30-ը զորամասից ուղեկալի հետ կապի բացակայությունը միտումնավոր թաքցնելու մեղադրանքով ձերբակալվել է: Այրված ուղեկալի մոտակայքում մեկ շաբաթ առաջ հայտնաբերվել էր կենդանի մնացած միակ զինվորը՝ Վլադիսլավ Չելախը, որը նաև միակ ռուսն էր անձնակազմում: Նրա մոտ գտնվել են նաև սպանված հրամանատարի ատրճանակը, ինչպես նաև իր զոհերից մի քանիսին պատկանող բջջային հեռախոսները, քաղաքացիական հագուստ և նոութբուք: Գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Չելեխը խոստովանել է, որ գիտակցությունը մթագնած վիճակում սպանել է համածառայակիցներին ու անտառապահին, ապա հրդեհել ուղեկալը: Նա պնդել է, որ աջակիցներ ու անմիջական մեղսակիցներ չի ունեցել և ողջ հանցագործությունը միայնակ է կատարել:
Ղազախստանի 31-րդ հեռուստաալիքի «Ինֆորմբյուրո» ծրագրի մեկնաբանը գլխավոր դատախազության հաղորդագրությունը որակել է որպես «խայտառակություն»՝ հրաժարվելով եթերում ընթերցել այն:
Խորագիր՝ Նորություններ