Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԺՈՂՈՎ



Հունիսի 4-ին Երեւանի պետական համալսարանում մեկնարկեց «Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում» հանրապետական գիտաժողովը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտաժողովի բացման խոսքում կարեւորեց իրավիճակի, ընթացիկ քաղաքական գործընթացների ճիշտ գնահատումը եւ քայլերի կանխատեսումն ու գիտակցումը. «Այս գիտաժողովը մենք դիտում ենք որպես մի հանգրվան, որը թույլ կտա ի մի բերել որոշակի գիտելիքներ, համակարգել դրանք և, իհարկե, նայել առաջ` փորձելու նախանշել ուղղությունները»: Նրա խոսքով, մեր երկրում քաղաքագիտությունը դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելու: Ռեկտորը ցավով նկատեց, որ շատերի համար այն իբրեւ լուրջ մասնագիտություն չի դիտվում, մինչդեռ քաղաքագիտությունը շատ ավելի բարդ է, քան կարելի է կարծել, եւ շատ ավելի ստույգ, քան բնագիտական որոշ ճյուղեր` թեկուզ միայն այն պատճառով, որ այս ոլորտում սխալների համար հասարակությունը կարող է շատ ավելի թանկ վճարել: ԵՊՀ առաքելությունն այս գործում կադրերի պատրաստումն է:

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գիտական քարտուղար Աշոտ Մելքոնյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ Հայաստանը, չունենալով ռազմակրթական որեւէ հաստատություն, սակայն հասկանալով հարցի կարեւորությունը, ստեղծեց դրանք. «Ներկայումս այս ուսումնական համակարգը կայացել է. մենք ունենք ռազմակրթական հայեցակարգ եւ կարողանում ենք միջազգային ատյաններում հավասար գործընկերոջ պես հանդես գալ»: Նա հավելեց, որ շատ բաներ դեռ կան սովորելու, արդիականացնելու` ապագա սպաներին կրթելու համար։

Գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկույցներում անդրադարձան ինչպես Սիրիայում տիրող իրավիճակին, այնպես էլ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարցերին` դիտարկելով դրանք Հայաստանի անվտանգության տեսանկյունից։

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների ավագ փորձագետ Արա Մարջանյանը կարեւորեց գիտաժողովի անցկացումը եւ նշեց. «Ներկայումս թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Մեծ Միջին Արևելքի տարածաշրջանում ընթանում են կարևոր գործընթացներ, որոնք որոշիչ դերակատարում ունեն Հայաստանի անվտանգության համար: Այստեղ և՛ Իրանի ու Սիրիայի շուրջ ծավալվող դեպքերն են, և՛ այսպես կոչված «Արաբական գարնան» գործընթացները, և՛ մեր անմիջական հարևաններ` Ադրբեջանում և Վրաստանում ընթացող զարգացումները, հետընտրական պրոցեսները մեզ մոտ և Ռուսաստանի Դաշնությունում: Պատկերը ամբողջացնելու առումով անհրաժեշտ է նշել նաև ԱՄՆ-ում գալիք նախագահական ընտրությունները, Ֆրանսիայում` նախագահական ընտրություններում սոցիալիստ թեկնածուի հաղթանակը, Եվրամիության ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված իրողությունները, Ռուսաստան-Գերմանիա և Հունաստան-Իսրայել ձևավորվող համագործակցությունը, Եվրասիական Միության կայացման և ՆԱՏՕ-ի ընդլայնման միաժամանակյա ընթացքը և այլն: Այս բոլորը անմիջականորեն ներազդում են Հայաստանի անվտանգության տիրույթի վրա, առնչվում են տարածաշրջանի կայունության խնդրին»:

«Միջուկային Թուրքիան» թեմայով ներկայացված զեկույցում Մարջանյանը նշեց, որ Թուրքիան աստիճանաբար մոտենում է ռազմամիջուկային կարողությունների ստեղծման անհրաժեշտության գիտակցմանը, և մեծ է հավանականությունը, որ Թուրքիայում վճիռ է կայացված կամ կայացվում 2023թ. այս պետության 100-ամյա հոբելյանը դիմավորել սեփական ռազմամիջուկային կարողություններով: Ըստ բանախոսի` Թուրքիայում մտածում են նաեւ ՆԱՏՕ-ից` որպես ռազմական բաղադրիչից դուրս հզորանալու մասին. «Եվրոպայի հետ քաղաքական ինտեգրման ճանապարհին ծագած խոչընդոտները, տարիներ տևած անպտուղ բանակցությունները Թուրքիայում ամրապնդում են «Եվրոպայից հիասթափության» տրամադրությունը, սեփական կարողություններին ապավինելու, աշխարհի այլ տարածաշրջանների և տերությունների հետ սերտ համագործակցություն հաստատելու ցանկությունը։ Դա հարցականի տակ է դնում ՆԱՏՕ-ի ռազմական հատվածում Թուրքիայի գտնվելու արդյունավետությունը և աշխարհաքաղաքական նպատակահարմարությունը»: Զեկույցում նշվում է, որ ներկայիս ազգայնացվող և իսլամացվող Թուրքիայում առկա են սեփական «զսպման ռազմավարական ուժերի» ստեղծման անհրաժեշտության գիտակցումը, դրա գաղափարախոսական հենքը, քաղաքական կամքը և սոցիալական պատվերը:

Անդրադառնալով ռազմական բաղադրիչին` Մարջանյանը փաստեց, որ «տասնամյակներ շարունակ Թուրքիայի տարածքում առկա է ԱՄՆ/ՆԱՏՕ-ի ատոմային և ջերմամիջուկային զենքը. մի հանգամանք, որը ցավոք հստակորեն չի գիտակցվում միջազգային հանրության կողմից: Ներկայումս այն ներկայացված է մի քանի տասնյակ ազատ անկման B-61 ընտանիքի փոփոխական լիցքով մարտավարական ջերմամիջուկային ռումբերով»: Բանախոսը ընդգծեց, որ 2012թ. ԱՄՆ պաշտոնական փաստաթղթերի համաձայն` B-61 ընտանիքի մարտավարական ջերմամիջուկային ռումբերի շահագործման ժամկետի ավարտը 2023 թվականն է` զարմանալի զուգադիպությամբ դա Թուրքիայի 100-ամյա հոբելյանի տարին է. «Դատելով բաց աղբյուրներում բերվող տեղեկատվությունից` 1998-2009թթ. ժամանակահատվածում Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական ոլորտներն աննախադեպ զարգացում են ապրել: Այսպես` ավելի քան եռապատկվել են հետազոտական և զարգացման վրա ներքին համախառն ծախսերը (ՀԶՆԾ): Դրանք աճել են 1998թ. $2 մլրդ-ից մինչև $9 մլրդ-ի` 2009թ.: Այս ցուցանիշով Թուրքիան գերազանցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների միջին ցուցանիշն ավելի քան չորս անգամ: Կրկնապատկվել է այս ծախսերի համամասնությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ: Եռապատկվել է հետազոտական և զարգացման ոլորտներում զբաղված հետազոտողների թվաքանակը, աճել է երիտասարդ հետազոտողների տոկոսային բաղադրիչը»: Արա Մարջանյանը եզրակացրեց, որ այս ամենը Հայաստանի և Թուրքիայի մյուս հարևանների անվտանգության համար լուրջ և անմիջական սպառնալիք է:

«Հայրենիք եւ հայրենասիրություն. հոգեբանական վերլուծություն» թեմայով իր զեկույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը դիտարկեց թուրքերի կողմից քրիստոնյա ազգերի, մասնավորապես` հայերի հանդեպ վերաբերմունքը էթնոկենտրոնության տեսանկյունից եւ նշեց, որ այստեղ գերակշռում է Բ մակարդակի էթնոցենտրիզմը, որի պարագայում այլ ազգի նկատմամբ ատելությունը թեեւ ֆիզիկական ոչնչացման ձեւեր դեռեւս չի ընդունում, բայց այլազգիները համարվում են ստորակարգ. «Մենք` հայերս, իրավունք չունենք հաշվի չառնելու գիտականորեն հիմնավորված այն իրողությունը, որ էթնոկենտրոնության Բ մակարդակից անցումը դեպի ցեղասպանությունների հոգեբանական հիմք հանդիսացող Ա մակարդակ մեկ քայլ է ու կատարվում է շատ դյուրին: Այս պայմաններում միանգամայն տարակուսելի ու խիստ վտանգավոր է մեզանում թրքասիրության կոչեր եւ հորդորներ լսելը»:

Մեր խմբային ինքնագիտակցության եւ հոգեբանական ինքնապաշտպանության թուլացման արդյունքում, ըստ հոգեբանի, հաճախ նկատելի է դարձել, թե ինչպես նույնիսկ Հայրենիքի նկատմամբ ջերմ զգացմունքներ տածող մարդիկ խուսափում են հայրենասեր երեւալուց, որովհետեւ կարող են թիրախ դառնալ այս հարցում աղավաղված դիրքորոշում ունեցողների համար. «Իմ խորին համոզմամբ, այսօր հայրենասիրության պակաս կա. ոչ թե թատերականացված, այլ` իրական հայրենասիրության, երբ ազգիդ նպատակները դու ընկալում ես որպես քոնը, երբ Հայրենիքիդ հաղթանակները դու ընկալում ես որպես անձնական հաղթանակ: Այս պարագայում անձը հոգեբանորեն նույնանում է իր ազգի հետ եւ իրեն զգում է ընդհանրական էթնիկական մենք-ի անբաժանելի մասը»: Կարինե Նալչաջյանը նշեց, որ միայն այսպես հայերս ապագայից կարող ենք լավ լուրեր սպասել, մանավանդ որ Ադրբեջանի իշխանությունները, ինչպես նշեց զեկուցողներից ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրանտ Աստղիկ Խաչատրյանը, հրադադարից շատ չանցած, սկսեցին իրենց հանրությանը համոզել, որ Ադրբեջանի պարտությունը պատերազմում խիստ ժամանակավոր ու զուտ իրավիճակային է եղել` ադրբեջանցիներին պարտվածի բարոյահոգեբանական վիճակից դուրս բերելու նպատակով. «Հայ-ադրբեջանական հակամարտությունը, Ադրբեջանի «տարածքների օկուպացիան» սահմանվեց որպես Ադրբեջանի զարգացման միակ խոչընդոտ, ինչին պետք է վերջ դնել անհրաժեշտության դեպքում նաև ռազմական միջամտության ճանապարհով»:

Ադրբեջանը հանրության շրջանում չպարտվածի հոգեբանություն է ձևավորում` հիմնվելով երկու հիմնական թեզերի վրա. պատերազմն ավարտված չէ, եւ Հայաստանը հաղթել է միայն դրա առաջին փուլում, այժմ իրավիճակն այլ է, և ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին. «Նկատենք նաև, որ Ադրբեջանում լավ հասկանում են նաև հերոսների կարևորությունը, որը կամրապնդի չպարտվածի հոգեբանությունը, հենց այդ պատճառով սկսել են հորինել ինչպես հենց պատերազմի շրջանում, այնպես էլ արդեն պատերազմից հետո հերոսացածների կերպարներ: Այսպես՝ վերջին տարիներին մի առասպել են հորինել, թե դիվերսիոն հետախուզական ջոկատի ոմն հրամանատար Իբադ Հուսեյնով, իբր սպանել ու գլխատել է Հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին` Ավոյին: Նպատակն է համոզել, թե հայկական կողմի հաղթանակում իր նշանակալի ներդրումն ունեցած անձնավորությունը խիստ «անփառունակ» վախճան է ունեցել ադրբեջանցու ձեռքով: Բացի այդ, արդեն հետպատերազմյան շրջանում սահմանին զոհված զինվորներին հռչակում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար զոհված շեհիդներ, միջադեպեր են սադրում ու փորձում հերոսական պատմություններ կերտել նույնիսկ անհաջող դիվերսիաների դեպքում: Ընդ որում, հարկ է նկատել, որ սահմանին սադրանքներ անելով ու հայ զինվորների սպանելով` Ադրբեջանի ղեկավարությունը առավելագույնս փորձում է թաքցնել Հայաստանի պատասխան պատժիչ գործողությունների արդյունքում ավելի մեծ թվով ադրբեջանցի զինվորների սպանվելու փաստը` հայտարարելով, թե զինվորը ինքնասպան է եղել, կրակել է ընկերոջ վրա, զոհվել է ականի պայթյունից, հիվանդությունից է մահացել»,-նշեց բանախոսը:

Ի տարբերություն ադրբեջանականի` հայկական ԶԼՄ-ները, ըստ զեկուցող ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների բաժնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանի, չպարտվածի հոգեբանություն կերտելու գործում պասիվ են եւ հիմնականում քննադատում են բանակը: Նա անդրադարձավ հայկական մամուլում բանակի վերաբերյալ սոցիալական դիրքորոշումների ձեւավորմանը «Առավոտ» եւ «Հրապարակ» թերթերի օրինակով: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ի տարբերություն «Առավոտի»` «Հրապարակ» օրաթերթում բանակին վերաբերող նյութերի 92 %-ը բացասական է, 8 %-ը` չեզոք, դրական անդրադարձը բացակայում է. «Անգամ բանակի օրվան ու զորահանդեսին են բացասական անդրադարձել: Թերթերը մանրամասնորեն անդրադառնում են միջանձնային հարաբերությունների հետևանքով տեղի ունեցած միջադեպերին` քննադատելով զինվորականներին, սակայն հակառակորդի կողմից հրահրված պատահարներն ընդհանրապես քննադատության չեն արժանանում»: Զեկուցողը եզրակացրեց, որ բանակի վերաբերյալ բացասական սոցիալական դիրքորոշման ձեւավորման քաղաքականություն է վարվում. «Ըստ 2008թ. տվյալների` բանակը գործադիրի ամենավստահելի կառույցն էր, այժմ պատկերը փոխվել է, եւ այն պատճառով, որ ԶԼՄ-ները ոչ թե իրականությունն են լուսաբանում, այլ իրականություն են ստեղծում»:

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան նաեւ ռազմական փորձագետներ Դավիթ Ջամալյանը, Արծրուն Հովհաննիսյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և այլք։

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


13/06/2012