Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՌԵՎԱՆԴՈՒԶԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ



Սկիզբը` նախորդ համարում

Զորահանդեսը Երեւանում՝ Հայաստանի անկախության հռչակման առաջին տարեդարձի առթիվ

Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, ով, ի դեպ, նույնպես կանգնած է եղել կամավորական շարժման ակունքներում, իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում անդրադառնում է հայ կամավորականների խաղացած դերին թե՛ հայկական ապագա զինված ուժերի կազմավորման եւ թե՛ հայերի համատարած ջարդերը որոշ չափով կանխելու գործում:

«Իրականության մեջ կամավորական խմբերը խաղացին գլխավորապես զինվորական դեր եւ այս տեսակետից անգնահատելի ծառայություն հասցրին ռուսական բանակին: Նրանք ոչ միայն առաջապահ-հետախուզական պաշտոններ էին կատարում, այլեւ մասնակցում էին ընդհանուր ճակատամարտերի կամ լուծում էին ռազմական ուրույն խնդիրներ»,- գրում է Վրացյանը:

Հիմա նորից վերադառնանք մեր պատմությանը: Ռեւանդուզում տարած հաղթանակից հետո կամավորական 4-րդ գնդի մարտիկներ Մկրտիչ Ֆերեշեթյանն ու զինակից ընկերները շատ ուրիշ մարտերի են մասնակցում, նաեւ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին, եւ այլ կամավորների հետ, ենթադրաբար 1918 թվականի ամռանը, գալիս են Երեւան ու մասնակցում նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը եւ Հայաստանի խորհրդի կազմավորմանը հաջորդած զորահանդեսին:

Ահա այստեղից էլ հայտնի է մի հետաքրքիր միջադեպ նրա կյանքից, որ պահպանվել է հարազատների հուշերում:

Երբ զորքերը, նաեւ Մկրտիչն ու իր զինակից կամավորական ընկերները, արդեն հանդիսավորությամբ շարված են լինում Աստաֆյան (ներկայիս Աբովյան) փողոցում, (քանի որ հետագայում կնոջ հուշերում նա այդ փողոցը նկարագրել է երկհարկանի շենքերով սալահատակ մի փողոց, որի երկու մայթեզրերով առուներ էին հոսում), հանկարծ զորքերի շարքերին է մոտենում մի կառք, որի վրա բազմած պաշտոնյան ակնհայտորեն մահմեդականի հագուկապ է ունենում: Զինվորները ապշած իրար երեսի են նայում` չհասկանալով, թե ով է եկողը: Պարզվում է, որ այդ տարիներին Երեւանը ըստ երեւույթին ունեցել է երկու քաղաքագլուխ: Երեւանի հայկական ու մահմեդական թաղերն ունեցել են առանձին քաղաքագլուխներ: (Կողմնակիորեն դա են հաստատում նաեւ Սիմոն Վրացյանի հուշերը` իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում, թեպետ որոշ աղբյուրներում նշված է, թե այդ տարիներին Երեւանի քաղաքագլուխն է եղել Թադևոս Թոշյանը: Իր հուշերում Վրացյանը հիշատակում է, որ Հայաստանի խորհրդի առաջին նիստի բացմանը պատվավոր հյուրերի թվում ավստրո-հունգարական, ռուսական, պարսկական, թուրքական, գերմանական եւ այլ պաշտոնական պատվիրակությունների կողքին մասնակցում էր նաեւ տեղի մահմեդականների պատվիրակությունը): Համենայն դեպս` կամավորների շարքի հարեւանությամբ կանգնած սպաներից մեկը նրանց բացատրում է, թե դա Երեւանի քաղաքագլուխն է, եւ կառքի մոտենալուն պես զինվորները պետք է գլուխ տան, կարգն է այդպես: Պատկերացրեք տարիներ շարունակ թուրքերի դեմ կռիվ տված այդ մարդկանց վիճակը, երբ հանկարծ իրենց առաջարկում են խոնարհվել թուրքին: Կամավորների ջոկատը խրոխտ ու անդրդվելի կանգնում է: Նկատելով դա` թուրք քաղաքագլուխը կարգադրում է կառքը կանգնեցնել, իջնում է, դանդաղ մոտենում զինվորներից մեկին եւ առաջարկում խոնարհվել: Զինվորը բանի տեղ չի դնում: Այդ պահին թուրք պաշտոնյան թքում է նրա երեսին: Պատասխանը չի ուշանում. Մի հուժկու հարված, եւ թուրքը մեջքի վրա կիսամեռ փռվում է մայթեզրով հոսող առվի մեջ: Քաղաքագլխին ուղեկցող զինված թուրքերը մոտ են վազում, որ բռնեն հարվածողին, սակայն հայ զինվորի ընկերները մեկ մարդու պես սվինավոր հրացանները առաջ պարզած` չեն թողնում մոտենալ ընկերոջը: Զինվորական ղեկավարության մեծ ջանքերի գնով միջադեպը ժամանակավորապես հարթվում է: Զորահանդեսից հետո զինվորները գնում են զորանոց: Սակայն տագնապը սրանով չի ավարտվում: Երեկոյան դարձյալ այս թուրքերի պատվիրակությունը գալիս է զորանոց` սպայակազմից պահանջելու, որ իրենց հանձնեն «կարգազանցին»` իբր թե դատելու համար: Զինվորի ընկերները, նաեւ Մկրտիչը, վճռականորեն ոտքի են կանգնում, մերժում պահանջն ու հայտարարում, որ բոլորը մեկ մարդու պես զենքը ձեռքին կմեռնեն, բայց չեն գնա այդ քայլին` հստակ իմանալով, թե ինչ ճակատագրի կարժանանա իրենց ընկերը: Այդպես էլ թուրքերը չեն հասնում իրենց նպատակին, սակայն այս հպարտ զինվորը` խորապես վրդովված այն փաստից, որ իր անկախ երկրի մայրաքաղաքում, որի պետականության կայացման համար նաեւ ինքն է արյուն թափել, թուրքերը իրենց զգում են ինչպես սեփական տանը, իսկ իրենք` որպես տնվոր, դառնացած դրամ է հավաքում ընկերներից ու մի օր էլ ծածուկ հեռանում Հայաստանից:

Այնուհետեւ զինվորական պարտքը կատարելուց հետո, երբ արդեն կանոնավոր բանակ է ստեղծվում, եւ այնտեղ մնում են միայն զորակոչային տարիքի երիտասարդները, իսկ կամավորական ջոկատները ցրվում են, Մկրտիչը, ենթադրաբար 1918-ի վերջին կամ 1919-ի սկզբին, մեկնում է Հարավային Ռուսաստան, ըստ երեւույթին հայրենակիցների կամ զինակից ընկերների մոտ: Այնտեղ նա` արդեն բավական հասուն տարիքի մարդ, ծանոթանում է եղեռնից փրկված եւ իր հարազատներին ու բարեկեցիկ հայրական օջախը կորցրած շավշետցի (Արդվինի շրջանի գյուղերից) մի տարագիր հայ աղջկա` Երանուհու հետ, ընտանիք է կազմում, անցնում աշխատանքի: Սակայն նորաստեղծ ընտանիքին վիճակված չէր երկար ապրել խաղաղ պայմաններում:

Վեհափառ Հայրապետը օրհնում է հայ կամավորներին

Ճիշտ է, ցարական իշխանությունը տապալված էր, սակայն ժողովրդավարական երկիր կառուցելու նպատակով ձեւավորված ռուսական ժամանակավոր կառավարությունն էլ էր տապալվել: Բոլշեւիկների սանձազերծած քաղաքացիական պատերազմը այդ տարիներին տակնուվրա էր անում ողջ Ռուսաստանը: Մոսկվան եւ Կենտրոնական Ռուսաստանը բոլշեւիկների ձեռքում էին: 1919 թվականին Նովոչերկասսկում ձեւավորվում է «Հարավային Ռուսաստանի կամավորական բանակը»` գեներալ Անտոն Դենիկինի գլխավորությամբ, որը Կուբանից սկսում է մարտնչել բոլշեւիկների դեմ` երկրում ժողովրդավարական իշխանությունը վերականգնելու նպատակով: Այդ զինված ուժերում կային նաեւ ռուսական Կովկասյան բանակի կազմում թուրքերի դեմ Ռեւանդուզի մարտերում կռված զինվորներ (ի դեպ, Հայաստանի անկախության հռչակումից անմիջապես հետո Դոնի եւ Կուբանի ռուսական սպիտակ գվարդիական կառավարությունների մոտ Հայաստանի պատվիրակն էր ապագա վարչապետ Սիմոն Վրացյանը):

Մկրտիչը, լավ իմանալով անգլերեն, որպես զինվորական թարգմանիչ 1919 թվականի կեսերին գեներալ Դենիկինի զորքերին աջակցող անգլիական զրահագնացքով իր դեռատի կնոջ հետ Կրասնոդարից հասնում է Կուրսկ: Սակայն արեւմտյան ճակատում Լեհաստանի հետ բոլշեւիկների հաստատած հրադադարը հնարավորություն է տալիս նրանց հավելյալ ուժեր ուղղելու դենիկինյան բանակի դեմ, եւ Մոսկվայի մատույցներում վերջիններս պարտություն են կրում ու 1920-թ-ին նահանջում ետ` դեպի Նովոռոսիյսկ: Այդ թոհուբոհի միջից, երբ մի օր սպիտակ գվարդիականներն էին քաղաքում իշխում, մի օր էլ բոլշեւիկները, Մկրտիչը կնոջ հետ մեծ դժվարությամբ անգլիական նավով հեռանում է Նովոռոսիյսկից: Պոլսի մատույցներում հիշելով, որ այնտեղ բարեկամներ ունի, չի շարունակում ճանապարհը եւ կնոջ հետ ափ են իջնում Կոստանդնուպոլսում:

Այստեղ 20-ական թվականների սկզբին դեռ հոծ հայ համայնք կար: Եւ ընդհանրապես այդ քաղաքը, կարելի է ասել, թուրքական չէր, եվրոպական երկրների, մասնավորապես` Անտանտի անդամների հովանավորության տակ էր Առաջին համաշխարհայինից հետո, իսկ ազգաբնակչությունը հիմնականում հույներ, հայեր, բուլղարներ, ալբանացիներ եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ էին: Շատ կային նաեւ անգլիացիներ, իտալացիներ, հեղափոխությունից հետո Ռուսաստանից փախած ռուս զինվորականների ընտանիքներ եւ քիչ թվով թուրքեր: Թուրք ազգաբնակչությունը հիմնականում ապրում էր ծայրամասերում: Սակայն պարբերաբար, պետական հովանավորությամբ, հրդեհվում էին հիմնականում հունական փայտաշեն թաղամասերը, եւ միաժամանակ գյուղերից ներգաղթողների հաշվին թուրքական կառավարությունը քաղաքը նպատակասլաց կերպով լցնում էր թուրքերով:

Պոլսում ծնվում են Մկրտիչի երեխաները: Լինելով ձեռքի շնորհք ունեցող մարդ` նա աշխատանքի է անցնում որպես հացթուխ, հետո դառնում խոհարար: Սակայն ապրուստը դժվար էր հայթայթվում: Իր բարեկամներից, որոնց ժամանակին ինքը Միացյալ Նահանգներում բազմիցս օգնել էր, ոչ մի օգնության այդպես էլ չի արժանանում: Չորս մանկահասակ երեխաներին պահելու համար ստիպված որպես որմնադիր վարպետ աշխատանքի է անցնում շինարարություններից մեկում, սակայն առողջությունն արդեն քայքայված էր: Տարիներ շարունակ բաց երկնքի տակ անցկացրած զինվորական անցյալը զգացնել էր տալիս: Շատ չանցած՝ ծանր հիվանդանում է ու 1932թ.-ին վախճանվում` կնոջ փխրուն ուսերին թողնելով 4 բալիկների ճակատագիրը: Հայրենասեր զինվորի հերոս կինը մեծ զրկանքներով միայնակ մեծացնում է զավակներին, կրթության տալիս, սակայն շատ չանցած, երբ իմանում է, որ տղաները շուտով հնարավոր է թուրքական բանակ զորակոչվեն, թերեւս իր պապենական տան շեմին դավադրորեն սպանված հորն ու եղբորը հիշելով ու մտքում մերժելով այդ հեռանկարը իր զավակների համար` անմիջապես վերցնում է 4 երեխաներին ու գալիս Հայաստան: Թեեւ այդ ժամանակ Հայաստանում արդեն խորհրդային կարգեր էին, շատ վտանգավոր էր այնտեղ ապրելը` լինելով ֆիդայու կին, ու բացի այդ էլ` Հայաստանում ոչ մի հարազատ չուներ, այնուամենայնիվ արհամարհելով ամեն ինչ, մեծ զոհողություններով հասնում է Հայաստան: Նույնիսկ իր վերջին ունեցածը` ամուսնական մատանին է փոխանակում տոմսի հետ ու նավով Օդեսայով հասնում է հայրենիք` իր ամուսնու հայրենադարձ հայրենակիցների հիմնած Նոր Արաբկիր: Սրանով կարծես մասամբ իրագործում է ամուսնու երազանքը` զավակներին բերում է նրա ծննդավայրի անունը կրող վերընձյուղված օջախը…

Այս հոդվածում հայ կամավորականների հատուկենտ հուշերի միջոցով ես փորձեցի թռուցիկ ներկայացնել 20-րդ դարասկզբին` հայության համար դժնդակ ու միեւնույն ժամանակ հերոսական այդ տարիներին նրանց անցած ուղին, ականատեսների վկայությունների պատառիկների միջոցով ներկայացնել հայկական զինված ուժերի պատմության մեջ նշանակալից անցքերից մեկը` Ռեւանդուզի ճակատամարտը, որում տարած հաղթանակով հայերը, ըստ էության, առժամանակ կտրեցին թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի արեւելք` նաեւ ժամանակավորապես զերծ պահելով պարսկահայությանը կոտորածի վտանգից: Անկասկած, այս եւ նմանատիպ այլ ճակատամարտեր, որոնք պատմության հոլովույթում կարծես ստվերում են մնացել, արժանի են մասնագետների ավելի խորը եւ համապարփակ ուսումնասիրության ու վերլուծության թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ պատմագիտական տեսանկյունից, ինչեւէ…

Օրերս լրացավ Ռեւանդուզի ճակատամարտում տարած հաղթանակի 96-ամյակը: Եւս մի փառավոր էջ հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերի պատմությունից: Իսկ դրա հիմնական կերտողները մեր քաջ հայդուկապետերի կողքին նաեւ հասարակ ու նվիրյալ զինվորներն էին, որոնք թեեւ իրենց համեստությամբ մնացին պատմությանը անհայտ, բայց մեզ թողեցին իրենց հավաքական պայքարի ամենամեծ արդյունքը` Անկախ Հայաստանը, որը պետք է աչքի լույսի պես պահպանենք ու զարգացնենք հավետ` որպես իրենցից մեզ ժառանգած անգին մասունք:

ՄԿՐՏԻՉ ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Պատմության էջերից


13/06/2012