Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓԵՐԵԶԱԿՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՄԲ



Մայիսի 24-ին Եվրախորհրդարանում ընդունվեց մի բանաձև, որով կոչ արվեց Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել խոսքի և հավաքների ազատության ճնշումները: Այդ բանաձևով նաև առաջ քաշվեց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Հիշեցնենք, որ այս մասին նշված է նաև այս տարվա մայիսի 24-ին հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության 2011 թվականի ամենամյա զեկույցում: Մասնավորապես՝ նշված է, որ Ադրբեջանում իշխանության բոլոր թևերը փաստացի վերահսկում է երկրի նախագահը: Մարդու իրավունքների խախտումների շարքում նշված են խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բազմաթիվ բռնությունները, քաղաքական հաշվեհարդարները, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին տեղեկությունները: Բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ սուր քննադատության ենթարկեցին Ադրբեջանի իշխանություններին սեփական ժողովրդի նկատմամբ հրոսակային պահելաձևի համար: Ադրբեջանի հասցեին քննադատությունների ալիքի ուժգնացումը կարելի է բացատրել «Եվրատեսիլ» մրցույթով, որը ակամայից միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի վրա: Եվրախորհրդարանի, հեղինակավոր կառույցների և լրատվամիջոցների միաժամանակյա տված սուր գնահատականները սառը ցնցուղի ազդեցություն ունեցան Ադրբեջանի վերնախավի համար: Երգի մրցույթը գլուխ բերելուն պես ադրբեջանցիները բազմաթիվ հաճոյախոսություններ և գովեստի խոսքեր էին ակնկալում, բայց ստացվեց ճիշտ հակառակը: Միջազգային հանրությանը հատկապես զայրացրեց այն փաստը, որ մրցույթը պատշաճ կազմակերպելու նպատակով շատ մարդիկ բռնի տարհանվեցին իրենց տներից: Տեղի ունեցածը հիշեցնում է Ադրբեջանի` աշխարհի ամենամեծ ու բարձր դրոշի մասին զավեշտալի պատմությունը. դրոշը վեր բարձրանալուց հետո սկսեց պատռվել, մի անգամ էլ վայր ընկավ 160 մ բարձրությունից: Ռուսի ասած` «Хотели как лучше, а получилось как всегда»: Ի դեպ, դրոշի այդ յուրօրինակ «ռեկորդը» տաջիկները բարձրության առումով արդեն գերազանցել են:

Ադրբեջանի վիճակում հայտնված երկրները սովորաբար կա՛մ տեղի են տալիս, ընդունում իրենց բացթողումները և փորձում իրենց քայլերով ապացուցել, որ ձգտում են ժողովրդավարության, կա՛մ հակառակը` մտնում են քաղաքական բանավեճի մեջ և փաստարկներով ապացուցում, որ գնահատականները կա՛մ չափազանցված են, կա՛մ ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Բայց Ադրբեջանում այսօր շատ պատկառելի պաշտոններ զբաղեցնող մարդիկ խոսում են «հայ լոբբիստների միջազգային դավադրության մասին»: Նրանց թվում է նաև Ադրբեջանի Մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովը, որը կարծում է, որ որոշ մութ ուժեր նախանձում են Ադրբեջանին և հակաադրբեջանական գործունեությամբ են զբաղված: Իսկ ադրբեջանական «Լուսաբանում հանուն հարուստ Ադրբեջանի» հասարակական միավորման նախագահ Իրադա Ալիևան էլ ավելի հեռու է գնում` հայտարարելով, թե Human Rights Watch և Amnesty International միջազգային հեղինակություն վայելող կազմակերպությունների ներկայացրած հաշվետվությունները պատրաստվում են հայկական սփյուռքի պատվերով և ֆինանսավորմամբ: «Դավադրության տեսության» մեկ այլ կողմնակից է Ադրբեջանի «Անա Վեթեն» կուսակցությունը, որի հայտարարության մեջ նշված է. «Հայկական լոբբիի կողմից ֆինանսավորվող և կազմակերպվող հակաադրբեջանական արշավի միջոցով շարունակվում է զրպարտությունը մեր երկրի նկատմամբ: Ադրբեջանի հզորացումը, մեր արտաքին անկախ քաղաքականության հաջող արդյունքները դեռևս ամենից շատ անհանգստացնում են Ադրբեջանին թշնամի երկրներին»: Քանի կար` Ադրբեջանը ի լուր աշխարհի հայտարարում էր, որ ունի մեկ թշնամի` Հայաստանի Հանրապետությունը: Բայց մայիսի 24-ի բանաձևից և «Եվրատեսիլից» հետո թշնամիները «շատացան»:

Ադրբեջանի իրավաբանների կոնֆեդերացիայի քարտուղար Նադիր Ադիլովը հայտարարում է, որ Human Rights Watch-ը երկակի ստանդարտներով է առաջնորդվում, իսկ մեկ այլ ադրբեջանցի փորձագետ` Այդին Քերիմովը, Human Rights Watch-ին մեղադրում է երկերեսանիության մեջ: Այսինքն, ըստ էության, երկուսն էլ նույն բանն են ասում: Նրանք երկուսն էլ գտնում են, որ այդ կազմակերպությունը քամահրանքով է վերաբերվում Ադրբեջանի հաջողություններին և, ժողովրդի լեզվով ասած, միայն «վատն» է տեսնում: Իրենց փորձագետ համարող այս պարոնները կա՛մ գաղափար չունեն Human Rights Watch կազմակերպության գործունեության մասին, ինչն արդեն իսկ վկայում է նրանց` որպես իրավաբանի ցածր որակավորման մասին, կա՛մ էլ պարզապես միմոսությամբ են զբաղված` փորձելով հաճոյանալ Ալիևի վարչակարգին:

Human Rights Watch-ը ոչ պետական կազմակերպություն է, որը զբաղվում է ավելի քան 70 երկրներում մարդու իրավունքների խախտումների դիտարկմամբ, հետաքննությամբ և փաստաթղթավորմամբ: Ասել կուզի` կազմակերպությունը բացահայտում և ամրագրում է մարդու իրավունքների խախտման դեպքերը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում դրա վրա: Human Rights Watch-ը գովեստներով և գովաբանությամբ չի զբաղվում: Պետք է նաև չմոռանալ, որ այս կազմակերպությունը որոշ խախտումներ է արձանագրել նաև Հայաստանում: Ի՞նչ երկակի ստանդարտների մասին է խոսքը: Human Rights Watch-ը նաև հայտնի է նրանով, որ 2005 թվականին հանդգնել է դատի տալ ԱՄՆ այն ժամանակվա պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդին` ամերիկյան բանտերում կտտանքների վրա աչք փակելու համար: Սա ԱՄՆ կառավարության բարձրագույն անդամների դեմ առաջին հայցերից մեկն էր:

Ադրբեջանցի չինովնիկների մյուս թիրախը խաղաղության Նոբելյան դափնեկիր հեղինակավոր Amnesty International կազմակերպությունն է: Եվ դարձյալ` նույն տգետ ու անհիմն մեղադրանքները: Զերծ մնալով այս կազմակերպության հիմնական գործառույթների թվարկումից` միայն հիշեցնենք, որ Amnesty International -ը, ինչպես և Human Rights Watch-ի եկամտի աղբյուրները թափանցիկ են, և այդ մասին հաշվետվությունները տեղադրված են նման կազմակերպությունների պաշտոնական կայքերում: Հայկական «լոբբիի» ֆինանսավորման մասին ադրբեջանական առասպելները ցնդաբանություն են հիշեցնում:

Ընդհանրապես, ադրբեջանցի քաղաքական գործիչները փերեզակների (չարչիների) հոգեբանությամբ են առաջնորդվում: Նրանց պատկերացմամբ, չկա ոչինչ` բացի նավթից և տնտեսական շահից, և նրանք չեն էլ փորձում թաքցնել իրենց այդ համոզմունքը: Նրանց համար անհասկանալի են այնպիսի համամարդկային արժեքները, ինչպիսիք են մարդու իրավունքները և խոսքի ազատությունը: Եվրոպային զայրացնում է նման դիվանագիտական ոչ ճկուն պահվածքն ու չափի զգացողության բացակայությունը, ինչի ցցուն վկայությունն է մայիսի 24-ի բանաձևի վերաբերյալ իր վրդովմունքն արտահայտող Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքների բաժնի պետ Ֆուադ Ալեքսերովի հայտարարությունը. «Գտնում եմ, որ Եվրախորհրդարանի դիրքորոշումը սխալ է: Եվրոպայի հարավային սահմանների մոտ գտնվող Ադրբեջանը Եվրոպայի համար այլընտրանքային էներգիայի աղբյուր է և հանդես է գալիս որպես Եվրոպայի տնտեսական անվտանգության և անկախության կարևորագույն բաղադրիչ»: Ուղղակի ապշել կարելի է:

ԳՐԻՇԱ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Ռազմաքաղաքական


13/06/2012