Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ



Մայիսի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 10-րդ համագումարը: Հոբելյանական համագումարին մասնակցում էին 207 պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր ԱՊՀ երկրներից: Համագումարի պատվավոր հյուրն էր նավատորմի ծովակալ Ալեքսեյ Իվանի Սորոկինը: Համագումարի ընթացքում ամփոփվեց վետերանների խորհրդի 2 տարվա կատարած աշխատանքը, ներկայացվեց վետերանների միավորման վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը` վետերանների միավորման գործող կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունների մասին:

Մինչեւ օրակարգով նախատեսված զեկույցներին անդրադառնալը, ընթերցվեց նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասված էր. «Պատերազմի և աշխատանքի վետերանները տարիներ շարունակ եղել և այսօր էլ շարունակում են հասարակության ու հատկապես երիտասարդ սերունդների համար կյանքի և քաղաքացու ուղեցույց լինել: Մեր հայրենիքը, որով լիարժեք հպարտանում ենք, այսօր հեռուն նայող ժամանակակից պետություն է` առաջին հերթին նրանց սխրանքի ու նվիրման շնորհիվ: Ապրելով մեզ հետ նույն քաղաքում կամ փողոցում, կիսելով նույն հոգսերն ու խնդիրները` մեր վետերանները միաժամանակ իրենց մեջ են ամբարում այն ամբողջ հերոսականությունն ու լույսը, որ մեր ժողովուրդը կրում է դեռևս հազարամյակների խորքից: Մենք գլուխ ենք խոնարհում մեր վետերանների առջև և վստահեցնում, որ նրանց օրինակով դեռ շատ սերունդներ ենք դաստիարակելու»: Ողջույնի խոսքում Սերժ Սարգսյանը մաղթում էր վետերաններին քաջառողջություն և երջանկություն, գործելու ու ապրելու անսպառ եռանդ:

ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը իր ելույթում նշեց, որ 10-րդ համագումարը տեղի է ունենում պետության համար կարեւորագույն իրադարձությունների հոբելյանական տարում եւ շնորհավորեց բոլորին հաղթանակների կապակցությամբ: Նա նշեց, որ վետերանների` պատերազմի դաշտում գործած սխրանքը երբեք չի մոռացվի, եւ այսօր էլ նրանք իրենց ներդրումն ունեն մեր անկախ հայրենիքի պաշտպանության եւ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում. «Թե մենք, թե մատաղ սերունդը զգում է ձեր փորձառության եւ տարիների ընթացքում կուտակած իմաստնության կարիքը»,-նշեց փոխնախարարն ու ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունը միշտ սատարել եւ շարունակելու է սատարել վետերաններին: Դավիթ Տոնոյանը նավատորմի ծովակալ Ալեքսեյ Սորոկինին հանձնեց «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալ:

2010թ. հունիսի 1-ից մինչեւ 2012թ. մայիսի 30-ն ընկած ժամանակաշրջանում ՀՀ վետերանների միավորման խորհրդի կատարած աշխատանքները ամփոփ զեկույցով ներկայացրեց ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը. «Հաշվետու ժամանակահատվածում մեր հիմնական եւ կարեւորագույն խնդիրը եղել եւ մնում է վետերանների սոցիալական ապահովվածության բարելավումը, նրանց օրինական իրավունքների եւ արտոնությունների պաշտպանումը, նրանց նկատմամբ մարդկային հոգատարության դրսեւորումը: Մեր հաջորդ կարեւոր խնդիրը նախազորակոչային ու զորակոչային տարիքի երիտասարդության եւ բնակչության հետ տարվող ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների կազմակերպումն է»: Վերոնշյալ խնդիրներով զբաղվում են վետերանական 405 կազմակերպություններ, 49 տարածքային, քաղաքային խորհուրդներ, վետերանական 2 կոմիտեներ, 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի վետերանների խորհուրդը: «Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության վրա անչափ դրական ազդեցություն են թողնում այցելությունները հիվանդ եւ անկողնային վիճակում գտնվող վետերաններին»,-ասաց Ս.Եսայանը:

Նա նշեց նաև այն կազմակերպությունները, որոնք աշխատել են նշանակալի թերացումներով: Զեկույցում նշվեցին այն բարերարների անունները, որոնք օգնության ձեռք են մեկնում կարիքավոր վետերաններին. «Վանաձորի «Վանմետ» ատամնաբուժական կենտրոնը, օրինակ, վետերանների ատամների պրոթեզավորման եւ բուժման ծառայություն է մատուցում, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը 1 մլն դրամ է հատկացրել զոհված վետերանների այրիներին, Դավիթաշենի ՏԻՄ-ը հոգացել է վետերանների խորհրդի աշխատասենյակի հեռախոսի, ջրի եւ այլ ծախսեր: Գովասանքի են արժանի նաեւ լայն թափ ստացող այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են տուրիստական արշավները, էքսկուրսիաները: Այսպես, օրինակ, թալինցի երկու վետերան այցելել է Արցախ եւ նպատակ կա 89-րդ Թամանյան դիվիզիայի հետքերով գնալու մինչեւ Սեւաստոպոլ: Արմավիրում 12 վետերանի համար կազմակերպվել է էքսկուրսիա դեպի Արեւմտյան Հայաստան եւ այլն»:

Սիմոն Եսայանը համագումարի ժամանակ հայտարարեց, որ մեր վետերանների հոգսերն, այսուամենայնիվ, շատ են: Նրանց հուզող հարցերը, խնդիրները հասցվում են պատկան մարմիններին, սակայն ոչ մի տեղաշարժ առայժմ չկա` «բացառությամբ այն փոքրաթիվ եւ աննշան որոշումների, որոնք աղոտ լույս են վետերանների կյանքում` մայրամուտից առաջ»: Խոսքը կառավարության որոշման մասին է, ըստ որի՝ պատվովճարներին եւ հաշմանդամության թոշակին 5000-ական դրամ ավելացվեց: «Ցավով պետք է նշեմ, որ այդ կենսաթոշակը չի ապահովում մեր վետերանների անգամ նվազագույն ապրուստն ու սոցիալական խնդիրների լուծումը»,- ասաց գնդապետ Եսայանը` որպես ելք առաջարկելով 2 անգամ բարձրացնել վետերաններին տրվող կենսաթոշակները:

Նա նկատեց նաեւ, որ վերջերս բազմաթիվ հուշահամալիրներ ու թանգարաններ են բացվել, սակայն հեռավոր գյուղերում եղածները վաղուց մոռացության են մատնված. «Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգի համայնքում գտնվող հուշահամալիրը անտերության է մատնված: Մեր ջանքերով չենք կարող վերականգնել հուշահամալիրը, հարկավոր է պետական աջակցություն»:

Վետերանների 10-րդ համագումարը որոշեց 207 մասնակիցների անունից ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնել` երկրի ղեկավարի հետ վետերանական ակտիվի հանդիպում կազմակերպելու համար, ինչպես նաեւ հստակեցվեցին գերակա խնդիրները:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Բանակ և հասարակություն


13/06/2012