ԳԱՂԱՓԱՐԻ ԶԻՆՎՈՐԸ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է…
Փոխգնդապետ Ս. Տիտանյանը ծառայել է տարբեր զորամասերում։ Դասակի հրամանատարից հասել է գումարտակի հրամանատարի պաշտոնի։ Սերում է զինվորական ընտանիքից։ Հայրը՝ Միքայել Տիտանյանը, գնդապետ է, հրետանավոր։ Հարգանքի արժանի զինվորական, որն իր ավանդը բերեց Արցախյան ազատամարտին։ Եղբայրը՝ Մուշեղը (այժմ փոխգնդապետ), դեռ 16-ը չլրացած, նույնպես միացել է հորը և այժմ մարտավարություն է դասավանդում Գյումրիի մանկավարժական համալսարանի ռազմական ամբիոնում։
Սարգիս Տիտանյանը միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա։ Ստացել է լեյտենանտի կոչում և վերադառնալով` անցել ծառայության։ Վերապատրաստվել է Հունաստանի բարձրագույն սպայական ակադեմիայում։ Տիրապետում է 4 լեզուների։ Գրագետ է, կիրթ, իսկական զինվորական։ Հետաքրքիր մի դրվագ է հիշում Հունաստանում իր ուսանելու տարիներից.
-Համալսարանի պետ գեներալ-գնդապետ Պապադոպոլոսը մի անգամ հանձնարարել էր դասը վարել մեզ՝ կուրսանտներիս։ Ամեն ազգի ներկայացուցիչ պետք է ներկայացներ իր երկրի, իր ժողովրդի պատմությունը։ Ես համառոտ ներկայացրի մեր ժողովրդի պատմական անցյալը, թվարկեցի մեր ժողովրդի նշանավոր մարդկանց անունները, ովքեր հայտնի են աշխարհով մեկ։ Երբ ավարտին մոտեցավ դասը, գեներալ-գնդապետն ինձ շնորհակալություն հայտնեց, գովեստի խոսքեր ասաց, ապա ավելացրեց.
-Ճիշտ է, Հայաստանը չունի նավթ, օգտակար հանածոներ, սակայն ունի գիտական մեծ միտք և նշանավոր անհատներ, իսկ ապագան միշտ նրանն է, ով ունի անհատներ, որոնք տեսնում են ապագան…
Վերադառնալով հայրենիք` երիտասարդ սպան անցել է ծառայության և ինչ օղակ էլ որ ղեկավարել է, ամենուր ունեցել է հաջողություններ։ Արժանացել է տարբեր պարգևների ու խրախուսանքների՝ «Մարտական ծառայություն», «Ծովակալ Իսակով» «Անբասիր ծառայության» I, II աստիճանի մեդալներ։
-Բարձր մարտական պատրաստության հասնելու համար յուրաքանչյուր նոր ուսումնական փուլի նախապատրաստական շրջանում ստորաբաժանման անձնակազմի առջև խնդիր է դրվում ամենից առաջ ազատվել նախկինում եղած թերություններից և ապա առաջ գնալ։ Ինչպես նախորդ, ընթացիկ փուլում ևս առաջին հերթին շտկվել են բացթողումները, համալրվել է ուսումնանյութական բազան, վերապատրաստման դասընթացներ են անցկացվել թե՛ սպաների և թե՛ կրտսեր օղակների հրամանատարների հետ,- ասում է գումարտակի հրամանատարը։
ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
Գնդապետ Ա.Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Թումանյանի և գումարտակի հրամանատար Ս. Տիտանյանի ուղեկցությամբ բարձրանում ենք մարտական հենակետեր։ Տարիներ առաջ այստեղ թեժ մարտեր են ընթացել։ Ճանապարհին հրամանատարները պատմում են սահմանային այս հատվածի ինքնապաշտպանական մարտերի մասին, որտեղ թե՛ թվաքանակով և թե՛ տեխնիկայով առավելությունը միշտ եղել է թշնամու կողմը, սակայն հայ ազատամարտիկը, զինվորը իր ոգով և հող հայրենիի անմնացորդ սիրով միշտ հաղթել է։ Պատմում են նրանց մասին, ովքեր խիզախել են ու իրենց արյամբ ձուլվել այս հողին՝ իրենց մասին հերոսական ասքերն ու պատմությունները ավանդելով իրենց փոխարինած նորաստեղծ բանակի զինվորներին։
…Առաջին իսկ հենակետը թե՛ իր հարմարավետությամբ, թե՛ շրջակայքի ձևավորումով հաճելի տպավորություն թողեց։ Բլինդաժը ամուր էր, լուսավոր, մաքուր և կահավորված ըստ ժամանակակից պահանջների։ Զինվորական այս կացարանը ներառում էր ննջարան, զինվորական ճաշարան, խոհանոցային բաժին, առանձնացված զինանոց և այլ հարմարություններ, որոնք անհրաժեշտ են մարտական ծառայությունը լիարժեք կատարելու համար։ Ասեմ, որ բոլոր հենակետերում հարմարությունները նույնն էին։ Մեծ ուշադրություն է դարձվում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների սննդի պահպանմանը։ Այդ նպատակով հենակետերին հատկացվել են սննդամթերքի պահպանման համար չժանգոտող մետաղից պատրաստված հատուկ «սառնարան- պահարաններ», որոնք երկար ժամանակ պահպանում են սննդամթերքի և՛ թարմությունը, և՛ որակը։ Ջուրը լցվում է չժանգոտող մետաղից պատրաստված տակառների մեջ. և, ինչպես հավաստում էին զինվորները, նույնիսկ շոգ օրերին պահպանում է իր սառնությունը։ Կային ընթերցանության, ժամանցի անկյուններ։ Որոշ բլինդաժներ ունեին նաև կից ամառային ճաշարաններ։ Գրեթե ամենուր կար մարզական գույք։ Ինչպես ժամանցի, այնպես էլ մարզական գույքը վկայությունն էր այն բանի, որ մարտական հենակետերում հիմնական ուշադրությունը դարձվում է ֆիզպատրաստությանը, մարտավարությանը և ՀՊՊ-ին։ Զինվորների նախաձեռնությամբ կառուցվել են փոքրիկ մատուռներ, և ինչպես նշեց զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Թումանյանը, զինվորները քաջ ծանոթ են եկեղեցական տոներին և այդ օրերին հավատով ու լավատեսությամբ մոմեր են վառում մատուռներում։ Այս գարնանը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և առաջնորդությամբ Աշոտ Երկաթ թագավորի խաչը պտույտ կատարեց զորամասի մարտական հենակետերով։ Զորամասի մարտական համարյա ամեն մի հենակետ ունի իր մատուռը։ Նրանցից հատկապես նշանավոր է այս մատուռը, որտեղ եղել են Վ. Սարգսյանը, Ս. Սարգսյանը, Ս. Օհանյանը,- ասաց Ա. Թումանյանը։
ՏՂԵՐՔԸ
Խրամուղու հենց սկզբնամասում զգացվեց վերջին տարիների ինժեներական ու ամրաշինական մեծ ծավալի աշխատանքը։ Խրամուղիների երթևեկելի մասը սալապատվել է, եղանակային վատ պայմաններում կարելի է ազատ քայլել։ Ճակատային հատվածները ամրացվել են, բարձրացվել, ինչպես նաև խորացվել, որը մեր զինվորներին աննկատ է դարձնում թշնամու կողմից։ Տեխնիկայի, սպառազինության ժամանակակից տեսակներին զուգահեռ մեծածավալ աշխատանքներ են կատարվել նաև նոր տիպի դիտակետեր ու ամրախորշեր կառուցելու ուղղությամբ։ Այս ինժեներական աշխատանքներն ավելի անվտանգ և ավելի մեծ դիտարկելի տեսադաշտ են ապահովում մեր զինվորների համար։
Հենակետերում ջերմ ու մտերմիկ զրույց էր ծավալվում զինվորների հետ։ Նրանք սրտանց մեզ հյուրասիրում էին։ Շարքային, հրաձիգ Դավիթ Գասպարյանը, հերթապահությունն ավարտելով, իջնում է դիրքերից, զրահաբաճկոնը հանելով` հագնում է խոհարարի սպիտակ խալաթը, ու բացելով «սառնարան-պահեստը», անցնում իր ամենօրյա գործին։ Դավիթի մասին գովեստի խոսքեր է ասում գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ կապիտան Զ. Մխիթարյանը. «Սովորում է «Հայբուսակում», ապագա իրավաբան է։ Ընկերները հերթափոխից հետո հանգստանում են, իսկ Դավիթը միշտ ժամանակին հասցնում է նրանց կերակրել»։
Կրտսեր սերժանտ Վարդան Համբարձումյանը մեկ տարվա ծառայող է, սովորում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, որպես հեռուստառեժիսոր.
-Ծառայությունից հետո իմ հաղորդումներում անպայման պատկերելու եմ մեր զինվորների ընկերասիրությունը, հայրենասիրությունը,- խոստանում է նա։
Կրտսեր սերժանտ Նարեկ Գրիգորյանը դիտորդի իր պարտականությունները կատարելով` իջնում է հենակետ և միանում մեր զրույցին։ Զորակոչվել է ֆրանսիական համալսարանի 2-րդ կուրսից։ Տիրապետում է ռուսերենին, ֆրանսերենին, անգլերենին։ Նրան հարցեր ենք տալիս։ Գոհ ենք Նարեկի պատասխաններից։ Ծառայության այս մեկ տարվա ընթացքում նա արդեն որոշակիորեն տիրապետում է նաև ադրբեջաներենին։
Հենակետի ավագ, ավագ սերժանտ Արմեն Մարտիրոսյանը իրականացնում է հերթափոխը. դիտորդներ Անդրանիկ Ավդալյանին և Էդիկ Հակոբյանին գնում են փոխարինելու Ֆրունզե Սահակյանն ու Հրայր Հովհաննիսյանը։
Արմեն Մարտիրոսյանը պայմանագրային հիմունքներով է անցել ծառայության։
-Արդեն երկու տարի է՝ մարտական հերթապահություն եմ իրականացնում զորամասի տարբեր հենակետերում։ Ծառայողական լավ հարաբերություններ են։ Սահմանին կանգնած զինվորը իր մտածելակերպով, իր հոգեբանությամբ միշտ տարբերվում է։ Ընկերասեր են, նվիրված մեկմեկու,- ասում է ավագ սերժանտը։
Գևորգ և Հայկ Նահապետյանները եղբայրներ են, Արթիկից, շուտով զորացրվելու են։ Տանը նրանց սպասում են ծնողները՝ Արշակ հայրն ու Սուսաննա մայրը, տատը՝ Սեդան։
-Գոհ ենք ծառայությունից։ Այս երկու տարիներին զգացինք, թե ինչ է կարոտը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը։ Իրոք, ասվածները լոկ բառեր չեն։ Ուրախ եմ, որ պատվով կատարեցինք մեր պարտքը։ Ճիշտ է՝ հակառակորդը մնում է հակառակորդ, բայց հայ զինվորը, վստահ եմ, որ արժանի հակահարված կտա նրա ամեն մի ոտնձգությանը,- ասաց Գևորգը՝ բարի ծառայություն մաղթելով իր զինվոր ընկերներին։
…Զրույցը անմիջական է, ջերմ։ Մեզ հետաքրքրում է նրանց ծառայողական առօրյան, սննդի քանակն ու որակը, հիգիենիկ, առողջական խնդիրները, զինվոր-սպա փոխհարաբերությունները, նրանց պատկերացումները հայրենիքի, հայրենասիրության մասին։ Գիտե՞ն, թե ինչ պատասխանատու սահմանային հատված են պաշտպանում։ Զինվորների պատասխանները գոհացուցիչ էին. գոհ էին իրենց ծառայությունից։ Գնդացրորդ Փայլակ Պետրոսյանը, ավագ հրաձիգ Օնիկ Մարտիրոսյանը, դիպուկահար Զորիկ Դանիելյանը և մյուսները։
Մարտական հենակետերից իջնելիս անցնում ենք սահմանամերձ բնակավայրերի միջով, որոնցից մեկը գտնվում է առաջնագծից 300 մ հեռավորության վրա։ Մարդիկ զբաղված են գարնանային աշխատանքով։ Զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Թումանյանը պատմում է զորամասի և բնակչության փոխհարաբերությունների, դպրոցներում կազմակերպված բազում հանդիպումների, դպրոցականների զորամաս փոխադարձ այցելությունների մասին։
-Բնակչությունը մեզ վստահում է, մենք միշտ արժանի հակահարված ենք տվել թշնամուն,- ասում է փոխգնդապետը։
-Գուցե պատահականություն է, գուցե նաև ճակատագիր, որ իմ ծառայությունն անցնում է մարտական այս հենակետերում, որտեղից ամեն օր նայում եմ իմ նախնիների ծննդավայրին,- ասում է փոխգնդապետը։
Երբ զորամաս մտանք, աչքի ընկավ մեծ ցուցապաստառին նախարարի ուղերձի վերջին նախադասությունը.
-Գաղափարի զինվորը անպարտելի է…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան