ԻՐԱՆԸ ԿԻԲԵՌՆԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Է ՄՇԱԿՈՒՄ
Երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Գոլյամ-Ռեզա Ջալիլին հայտարարել է, որ Իրանի գիտնականներն ու ինժեներները ձեռնամուխ են եղել կիբեռնետիկ հարձակումներից պաշտպանվելու նպատակով երկրի համակարգչային պաշտպանության ծրագրի մշակմանը:
Իրանն արդեն իսկ ունի համակարգչային հրամանատարություն, և այժմ մշակվում է նրա հայեցակարգը, որն ունի բացառապես պաշտպանական ուղղվածություն, ինչպես նաև նոր համակարգչային վիրուսներից պաշտպանության եղանակները:
Այնինչ, նախկինում Թեհրանը հայտարարում էր, որ հարկ եղած դեպքում իրեն իրավունք է վերապահում վարելու նաև կիբեռնետիկ հարձակողական գործողություններ:
Ջալիլին հիշեցրել է, որ վերջին տարիներին Իրանը բազմիցս ենթարկվել է կիբեռնետիկ հարձակումների, որոնց նպատակն էր կաթվածահար անել երկրի տնտեսությունը, և բոլոր այդ հարձակումները ժամանակին հայտնաբերվել ու չեզոքացվել են:
Սակայն համակարգչային անվտանգության ասպարեզի փորձագետները պնդում են, որ վերջին երկու տարիներին համակարգչային վիրուսներն առնվազն չորս անգամ ներթափանցել են Իրանի առանցքային նշանակության, այդ թվում նաև նավթավերամշակման ու միջուկային ծրագրերի համակարգչային ցանցեր:
Համարվում է, որ այդ վիրուսներից «Stuxnet»-ն ու «Flame»-ն անհնար էր ստեղծել առանց պետական կառույցների աջակցության, ինչում Թեհրանը մեղադրում է Վաշինգտոնին ու Թել-Ավիվին, որոնք, սակայն, ժխտում են իրենց մասնակցությունն այդ վիրուսների ստեղծմանը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Տարածաշրջան