Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՏՈՒՑՈՒՄ



Պատմում է Բորիս Հարությունյանը

Ապրում էինք Ադրբեջանի Իսմայիլի շրջանի հայկական Նորաշեն գյուղում։ Ծնողներս մանկավարժներ էին, դասավանդում էին գյուղի միջնակարգ դպրոցում։ Ես դպրոցական էի։ Ադրբեջանցի երեխաների կողմից թշնամանք միշտ զգում էինք, սակայն մեր մեծերը, մեր դպրոցի մանկավարժները մեզ այնպես էին դաստիարակել, որ միշտ կարողանում էինք պահել մեր արժանապատվությունը։ Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ես դպրոցական էի։ Ադրբեջանցիների թշնամանքը դարձավ բացահայտ։ Նրանք առիթը բաց չէին թողնում՝ ոհմակով հարձակվելու, կռիվ անելու, իսկ պետական մարմիններն էլ միշտ նրանց էին պաշտպանում։ Արդեն միասին ապրելն անհնար էր, եւ 1988-ին թողեցինք մեր շենը, մեր տունը ու բնակություն հաստատեցինք Վարդենիսի Շատջրեկ գյուղում։ Հայաստան գալու ճանապարհին մեր մեքենան ստուգման պատրվակով կանգնեցրին ադրբեջանցի օմօնականները եւ գումար պահանջեցին։ Ինձանից տարիքով մի լակոտ ինձ հարվածեց։ Վիրավորանքից սիրտս ճաք էր տալիս, ոնց թե… Ծնողներս մի կերպ ինձ հետ պահեցին…
Միջնակարգն ավարտեցի Շատջրեկ գյուղում, բայց մինչ ավարտելն արդեն անդամագրվել էի Հենրիկ Մուրադյանի ջոկատին։ Մինչեւ սրտիս խորքը վիրավորված էի ու ամեն կերպ փորձում էի պատասխան տալ ադրբեջանցիներին։ Ջոկատում տարիքով ամենափոքրն էի՝ Ճուտ էին ասում ինձ։ Ծնողներս ամեն կերպ օգնում էին ջոկատի տղաներին, մեր ազատագրական շարժմանը։ Պարզ է, դեմ էին, որ իրենց մինուճարը ճակատ գնա, սակայն ոչ մի անգամ արգելք չեղան, զգում էին, որ վիրավորանքը չեմ մոռանում։ Եվ միշտ կռվի գնալիս մտքումս ասում էի. «Ա՜յ թե էն սրիկային կհանդիպեմ»։ Երեխայական ցանկություն էր։ Վիրավորանքս վերջնականապես անցավ այն ժամանակ, երբ մենք կարողացանք թշնամուն ապացուցել, որ ոհմակով գործելու բնազդն ուրիշ է, ճակատ ճակատի, տղամարդավարի կռիվը՝ ուրիշ…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #04 (869) 02.02.2011 – 09.02.2011, Ազգային բանակ


10/02/2011