Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՊԱՆԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՆԱՀԱՊԵՏԸ



Հանդես է եկել արգենտինական «Ուրական», «Ռիվեր Փլեյթ», կոլումբիական «Միլիոնարիոս», իսպանական «Ռեալ» և «Էսպանյոլ» ակումբներում: 1947-1961թթ. Արգենտինայի և Իսպանիայի հավաքականներում անցկացրել է 39 հանդիպում և դարձել 23 գոլի հեղինակ: Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (1957 և 1959թթ.): Եվրոպայի Չեմպիոնների հնգակի գավաթակիր (1956-1960թթ.): Այդ մրցաշարում դարձել է 49 գոլի հեղինակ: 1960թ.՝ միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող:

Համաշխարհային ֆուտբոլի ամենափայլուն ներկայացուցիչներից ` Ալֆրեդո Դի Ստեֆանոն, տիրապետում էր բարձր տեխնիկայի, գրոհները կազմակերպելու և ավարտելու մեծ վարպետ էր: Միաժամանակ առանձնանում էր ֆուտբոլի նկատմամբ մեծ նվիրվածությամբ: Իր ինքնակենսագրական գրքում Դի Ստեֆանոն խոստովանում է. «Ֆուտբոլը մեծագույն խաղ է, և երբ հանրահայտ թիմի կազմում ես, յուրաքանչյուր խաղ առանձնահատուկ է: Դա է պատճառը, որ նույնիսկ բարձր ջերմություն ունենալու դեպքում էլ մարզիչներին կարողանում էի համոզել, որ խաղադաշտ մտնեմ»:

Մեծագույն ֆուտբոլիստի կարիերան սկսվել է Արգենտինայում: Նրա պապն իտալացի էր և երիտասարդ տարիներին տեղափոխվել էր Բուենոս Այրես: Ալֆրեդոյի շիկահեր լինելը կապում են նրա մոր իսլանդուհի լինելու հետ:

1943թ. 17-ամյա Ալֆրեդոն դարձավ «Ռիվեր Փլեյթի» ֆուտբոլիստ: Թիմի մարզիչները մի քանի տասնյակ երիտասարդներից ընտրեցին ընդամենը երկուսին, որոնցից մեկն Ալֆրեդոն էր: Նա հանդես էր գալիս չորրորդ դիվիզիոնում, որտեղ խաղում էին 16-18 տարեկան ֆուտբոլիստները: Հաջորդ տարի նա ընդգրկվեց թիմի հիմնական կազմում, սակայն նրա մեկնարկային խաղն անհաջող էր. Ալֆրեդոն վնասվածք ստացավ, և նրա համար դժվար էր ամրապնդվել հիմնական կազմում: Դա էր պատճառը, որ սիրով ընդունեց «Ուրական» ակումբում վարձավճարով հանդես գալու առաջարկը: 1946թ. «Ռիվեր Փլեյթը» ֆուտբոլիստին վերադարձրեց հիմնական կազմ: 1947թ. Ալֆրեդոն իր նորամուտը նշեց Արգենտինայի հավաքականում: Ճիշտ է, ազգային հավաքականում անցկացրեց ընդամենը 6 հանդիպում, սակայն դա բավարար էր, որ քսանմեկամյա ֆուտբոլիստը թիմի հետ նվաճի Հարավային Ամերիկայի չեմպիոնի կոչումը:

«Ռիվեր Փլեյթի» կազմում Դի Ստեֆանոն խաղաց մինչև 1949թ., անցկացրեց 66 խաղ և դարձավ 40 գոլի հեղինակ: Արագաշարժության ու դիպուկության, ինչպես նաև մազերի գույնի համար լրագրողները նրան անվանեցին «Սպիտակ նետ»: Երբ Արգենտինայի ֆուտբոլիստները ցածր աշխատավարձի պատճառով գործադուլ հայտարարեցին, Դի Ստեֆանոն ևս մեկ ֆուտբոլիստի հետ տեղափոխվեց Կոլումբիական «Միլիոնարիոս»: Առաջին իսկ տարում նա դարձավ երկրի չեմպիոն: Տեղի թերթերը գովասանքով էին արտահայտվում նրա մասին. «Դի Ստեֆանոն աշխարհի ամենահզոր կենտրոնական հարձակվողն է»:

Ֆուտբոլիստի մարզական կենսագրությունում շրջադարձային էր 1952 թվականը. «Միլիոնարիոսը», ինչպես նաև տարբեր երկրների մի քանի թիմեր, այդ տարի հրավիրվեցին Իսպանիա` մասնակցելու Մադրիդի «Ռեալի» ստեղծման 50-ամյա հոբելյանին նվիրված մրցաշարին: Հաղթող դարձավ կոլումբիական թիմը, որը եզրափակչում 4:2 հաշվով հաղթեց «Ռեալին», իսկ գոլերից երկուսը հեղինակեց Դի Ստեֆանոն: Հանդիպման ավարտից հետո «Ռեալի» նախագահ Սանտյագո Բերնաբեուն հնչեցրեց իր «պատմական արտահայտությունը», որը հետագայում հաճախ էին հիշատակում իսպանացի լրագրողները. «Դի Ստեֆանոյին պետք է վերցնել»: Հաջորդ տարի նա ընտանիքի հետ տեղափոխվեց Մադրիդ:

1954 և 1955թթ. Դի Ստեֆանոն «Ռեալի» կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն: 1955թ. մեկնարկեց նոր միջազգային մրցաշարը` Եվրոպայի Չեմպիոնների գավաթի խաղարկությունը: Եզրափակիչ խաղում «Ռեալը» հաղթեց ֆրանսիական «Ռեյմսին»: Նույն թվականին Ալֆրեդո Դի Ստեֆանոն ստացավ Իսպանիայի քաղաքացիություն, ինչը հնարավորություն ընձեռեց հանդես գալու այդ երկրի հավաքականում: Նորամուտը կայացավ 1957թ. հոկտեմբերի 30-ին, Հոլանդիայի հավաքականի հետ բարեգործական խաղում: Հանդիպումը շահեցին իսպանացիները (5:1), և երեք գոլի հեղինակ դարձավ Դի Ստեֆանոն:

1957 թվականը մեծագույն ֆուտբոլիստի համար լավագույններից էր: «Ռեալը» կրկին դարձավ Իսպանիայի չեմպիոն, իսկ Դի Ստեֆանոն 31 գոլով` լավագույն ռմբարկու: Թիմը կրկին նվաճեց Եվրոպայի Չեմպիոնների գավաթը` եզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով իտալական «Ֆիորենտինային»: Գոլերից մեկի հեղինակը Ալֆրեդոն էր: Այդ տարի նա «Ֆրանսֆուտբոլ» հանդեսի կողմից ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ` արժանանալով «Ոսկե գնդակի»:

Հաջորդ տարի «Ռեալը» կրկին նվաճեց երկրի չեմպիոնի կոչումն ու Եվրոպայի Չեմպիոնների գավաթը: Եզրափակիչ խաղում «Ռեալին» չկարողացավ դիմակայել իտալական «Միլանը» (2:3): Այդ հանդիպմանը մեկ գոլ իր հաշվին գրանցեց Դի Ստեֆանոն: «Ռեալի» կազմն այդ տարիներին ուժեղացված էր առաջին մեծության աստղերով: Մասնավորապես, թիմը համալրել էին ֆրանսիացի Ռայմոն Կոպան և հունգարացի Ֆերենց Պուշկաշը:

1960թ. «Ռեալը» 5-րդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի Չեմպիոնների գավաթը: Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ եզրափակիչ հանդիպումը մտել է ֆուտբոլային պատմության մեջ, որպես ամենահետաքրքիր ու դիտարժան խաղերից մեկը. Դի Ստեֆանոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ Ֆերենց Պուշկաշը խփեց 4 գոլ: Հանդիպումն ավարտվեց եզրափակիչ խաղերին ոչ բնորոշ 7:3 հաշվով:

Սակայն նույնիսկ ամենաուժեղ թիմերը չեն կարող մշտապես հաղթել: 1961թ. Եվրոպայի Չեմպիոնների գավաթի խաղարկությունում «Ռեալը» 1/8 եզրափակիչում զիջեց իր մշտական մրցակցին` «Բարսելոնային»: Հաջորդ տարի «Ռեալը» հասավ եզրափակիչ, սակայն վճռական խաղում պարտվեց «Բենֆիկային» (3:5): Անհաջող էր այդ տարին նաև Իսպանիայի հավաքականի համար: Դի Ստեֆանոն թիմի հետ մեկնեց աշխարհի առաջնություն, սակայն վնասվածքի պատճառով չմասնակցեց և ոչ մի խաղի: Իսպանացիները չկարողացան հաղթահարել նույնիսկ խմբային փուլի արգելքը:

1964թ. «Ռեալը» կրկին պարտվեց Եվրոպայի Չեմպիոնների գավաթի եզրափակիչում: Դրանից հետո մեծագույն ֆուտբոլիստը հեռացավ թիմից, որում հանդես էր եկել 11 տարի: «Ռեալի» կազմում Դի Ստեֆանոն անցկացրեց 510 խաղ և դարձավ 418 գոլի հեղինակ: «Ռեալից» հեռանալիս նրան բավական շահավետ առաջարկ արեց Շոտլանդիայի «Սելթիկը», սակայն Դի Ստեֆանոն ընտելացել էր Իսպանիային և չընդունեց հրավերը: Երկու խաղաշրջան հանդես գալով «Էսպանյոլում»` 40-ամյա լեգենդը որոշեց դադարեցնել մրցելույթները և անցավ մարզչական աշխատանքի: Այս ոլորտում ունեցավ ինչպես թռիչքներ, այնպես էլ անկումներ: Նա Իսպանիայից մեկնեց Արգենտինա, վերադարձավ, կրկին մեկնեց ու դարձյալ հետ եկավ: Տարբեր տարիների Արգենտինայում չեմպիոնության հասցրեց «Բոկա Հունիորսին» և հարազատ «Ռիվեր Փլեյթին»: Իսպանիայում նրա գլխավորությամբ չեմպիոն դարձավ «Վալենսիան»:

Դի Ստեֆանոն իսպանական ֆուտբոլի նահապետն է, այդ երկրի ֆուտբոլային հպարտությունը: Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան Ալֆրեդո Դի Ստեֆանոյին ընդգրկել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների տասնյակում:

Էջը՝ ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆԻ
ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #23 (939) 14.06.2012 – 20.06.2012, Մարզաշխարհ


20/06/2012