ԱՐԱԳԱՑՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԼԿ-ՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
ՌԴ օդատիեզերական զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն հայտարարել է, որ զորատեսակի հրամանատարությունը մտադիր է նախապես ծրագրված 2020 թվականից անհամեմատ շուտ ավարտել «Воронеж» դասի նոր ռադիոլոկացիոն կայանների ցանցի գործարկումը: Օստապենկոն չի հստակեցրել, թե երկրի հատկապես որ շրջաններում են տեղակայվելու նոր ՌԼԿ-ները, սակայն լրագրողներին խոստացել է առաջիկայում տեղում ծանոթացնել ռադիոլոկացիոն կայանքներից մեկի կառուցման աշխատանքներին: Ավելի վաղ զորատեսակի ներկայացուցիչը, որպես ՌԼԿ-ների տեղակայման հավանական վայրեր, նշել էր մի շարք բնակավայրեր, որոնց թվում նաև Պեչորան, Բառնաուլն ու Ենիսեյսկը:
Գեներալ-լեյտենանտը խոստովանել է, որ «Воронеж» դասի ներկայումս շահագործվող չորս ռադիոլոկացիոն կայանքներն ի զորու չեն լրիվ «ծածկելու» երկրի տարածքը, սակայն հավաստիացրել է, որ բաց հատվածները փակվում են այլ միջոցներով, և որ երկրի հակահրթիռային պաշտպանության ասպարեզում որևէ խնդիր չկա:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական