ՍԻՐԻԱՅՈՒՄ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ ապստամբ գրոհայինների դեմ մարտերի ընթացքում Լաթաքիայում զոհվել է 20, իսկ Իդլիբում զինվորական պահակակետի պայթեցման հետևանքով` սիրիական բանակի ևս 5 զինծառայող: Միաժամանակ, կառավարական զորքերը գնդակոծել են Համայի գավառում գտնվող Քերնազ բնակավայրը:
Թեև Մոսկվայի վճռական հերքումներին, ամերիկյան լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Ռուսաստանը մտադիր է Սիրիայի տարածքային ջրեր ուղարկել երեք ռազմանավ, որոնք ապահովելու են Տարտուսում գտնվող ռուսաստանյան ռազմակայանի մատակարարման երթուղիների անվտանգությունը: Միաժամանակ, Պենտագոնը հստակեցրել է, թե որևէ ապացույց չունի, որ ռազմանավերը Սիրիա են տեղափոխում զենք կամ ռազմական նշանակության բեռներ. «Ռուսական կողմը միշտ հիշեցնում է, որ Սիրիայում են գտնվում ՌԴ մեծ թվով քաղաքացիներ և իրեն ուժեր են անհրաժեշտ` նրանց կյանքի անվտանգությունն ապահովելու համար: Մենք հավատում ենք Մոսկվայի անկեղծությանը»:
Իր հերթին, Մեքսիկայի Լոս-Կաբոս քաղաքում «Մեծ քսանյակի» հանդիպման ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ասադի հեռանալը պահանջող զինված ընդդիմությունը ողջ սիրիական ժողովուրդը չէ, և հակամարտող կողմերից հերթական անգամ պահանջել է նստել բանակցությունների սեղանի շուրջ ու պայմանավորվել, թե ապագայում ինչպես են համատեղ ապրելու ընդհանուր պետությունում: ՌԴ նախագահը հայտարարել է, որ կարևորը ոչ թե վարչակարգի փոփոխությունն է, այլ Սիրիայում արյունահեղությանը վերջ տալը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան