ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄ
Ծնողներս՝ Գեյման հայրս ու Շաքարանուշ մայրս աշխարհ բերեցին ինը զավակ՝ հինգ աղջիկ, չորս տղա։ Հայրական պապս ազգակցական կապ է ունեցել ֆիդայապետ Արաբոյի, իսկ մայրական կողմից սերում ենք Զորավար Անդրանիկի՝ Օզանյանների տոհմից։ Ի՜նչ հերոսական, հրաշալի պատմություններ էին մեզ պատմում հերոսների կյանքից, եւ մեր մանկական վառ երեւակայությունը բոցավառվում էր։ Հիմա էլ պահպանվում են իմ 4-5 տարեկան հասակի լուսանկարները՝ ֆիդայական հագուստով, փամփշտակալներով, դաշույնով… Մեր տանը Սուրբ գիրք կա։ Ամեն անգամ, երբ պատրաստվում էինք ռազմի դաշտ մեկնել, մայրս Սուրբ գրքով մոտենում էր շարված տղաներին, հերթով համբուրում էինք Սուրբ գիրքը, խաչակնքում,-վերհիշում է «Զորավար Անդրանիկ» կամավորական ջոկատի հրամանատար Գնել Մանուկյանը։- Մայրս իր հերթին խաչակնքում էր տղաներին։ Երբ մորս մատները դիպչում էին տղաների թիկունքին, տղաները խոստովանում էին, որ մի տեսակ ջերմություն էին զգում։ Դա հատկապես խոստովանում էին կռիվների ժամանակ։ Մայրս զարմանալի կանխազգացում ուներ։ Երբ Սուրբ գրքով խաչակնքում էր տղաներին, աղոթքի խոսքեր մրմնջում՝ ուղիղ նայում էր նրանց աչքերի մեջ ու ճանապարհ ընկնելուց առաջ կանչում էր ինձ, ասում. «Այսինչին չտանես, թող այս անգամ մնա թիկունքում»։ Զգացել էինք, որ երբ չէինք լսում մայրիկին, այդ տղաների հետ ինչ-որ վատ բան էր կատարվում։ Անգամ եղել է դեպք, երբ ջոկատով առաջադրանք ենք ստացել գնալ նշված վայր, մայրս ճամփա դնելիս ասել է՝ ձեր ճանապարհը մեկ այլ ուղղությամբ է փոխվելու։ Եվ իրոք, ճանապարհի կեսից մեկ էլ կապ էին տալիս՝ փոխվել է առաջադրանքը, եւ մենք մեկնում էինք այլ ճակատ։ Մայրս մեծ հավատի տեր էր, մեզ ճամփու դնելիս աղոթում էր մինչ մեր վերադարձը։ Իրոք, այսպես է եղել. դա կարող է հաստատել մեր ջոկատի ամեն մի ազատամարտիկ։ Մայրս դարձել էր մեր ջոկատի ոգին, եւ երբ տղաները հանդիպում էին նրան, աննկարագրելի ոգեւորություն ու ցնծություն էին ապրում։ Նաեւ կատակով դիմում էին նրան.
-Շաքարանուշ մայրիկ, քո խոսքը օրենք է, ե՞րբ ենք հաղթանակը տոնելու։
-Դուք արդեն հաղթել եք, տղաներ ջան, մնում է նշենք, շուտով դա էլ կանենք՝ էս անգամ էլ գնացեք-եկեք՝ կնշենք,- այսպես էր ասում մայրս։