ԾԱՆՐ ՄՈՒՐՃԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ
Պարզվում է, որ ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կենտրոնական հրամանատարական կետում՝ հերթապահ ուժերի հրամանատարի վայրում, ի թիվս նորագույն էլեկտրոնային համակարգերի, խնամքով պահվում է նաև ծանր մուրճ` ժողովրդախոսակցական լեզվով ասած՝ «կվալդ», գաղտնի փաստաթղթերով լեցուն չհրկիզվող պահարանը չնախատեսված իրավիճակի առաջացման դեպքում բացելու համար:
Դեռ խորհրդային ժամանակներում մի անգամ կենտրոնական հրամանատարական կետը ստուգելու էր եկել ԽՍՀՄ զինված ուժերի գլլխավոր շտաբի բարձրաստիճան հանձնաժողովը և հերթապահ գեներալ Գեորգի Նիկոնովին հարցրել, թե ինչպես նա կվարվի, եթե ստանա հրթիռարձակման հրաման, սակայն մարտական փաստաթղթերի չհրկիզվող պահարանի ծածկագրով կողպեքն ինչ-ինչ պատճառներով երրորդ փորձից հետո էլ չբացվի: Գեներալը պատասխանել էր, որ հերթապահությունն ընդունելիս իր հետ, համենայն դեպս, տնից ծանր մուրճ է բերում և դրանով կկոտրի փականը: Պատասխանն արժանացել էր հանձնաժողովի անդամների մեծամասնության բուռն քննադատությանը, սակայն ԳՇ 8-րդ վարչության պետը բոլորին բացատրել էր, որ եթե հերթապահը 60 վայրկյանում զորքերին չհաղորդի մարտական հրամանը, ապա իր իսկ ատրճանակով կգնդակահարվի նույն սենյակում, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի նկարի առջև և առաջարկել էր օրինականացնել ծանր մուրճի առկայությունը կենտրոնական հրամանատարական կետում, ինչը 1980 թվականի օգոստոսին կատարվել էր:
ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կենտրոնական հրամանատարական կետը նախատեսված է զորատեսակի հերթապահ ուժերի կենտրոնացված մարտական ղեկավարման համար: Այն շուրջ 10 կիլոմետր ձգվածությամբ ստորգետնյա մի իսկական քաղաք է, որն ինքնավար սնուցմամբ երկար ժամանակ կարող է գործել արտաքին աշխարհից լրիվ կտրվածության պայմաններում: Այնտեղ ամեն օր մարտական հերթապահություն է իրականացնում շուրջ 6.000 զինծառայող:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական