Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԳԻՊՏՈՍԸ ԿՎԵՐԱՆԱՅԻ ՔԵՄՓ-ԴԵՎԻԴՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ…



Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսին հայտարարել է, որ մտադիր է վերանայել Իսրայելի հետ քեմփ-դեվիդյան խաղաղության համաձայնագրի պայմանները և շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկել պաղեստինցիների իրավունքների հարցը: Մուրսին, որ մինչև վերջերս «Մուսուլման-եղբայրներ» կազմակերպության անդամ էր, միաժամանակ հստակեցրել է, որ միանձնյա որոշում չի ընդունելու և համաձայնագրի վերանայմամբ զբաղվելու են երկրի կառավարությունն ու պետական իշխանության ինստիտուտները:

1979 թվականին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի Քեմփ-Դեվիդ նստավայրում նախնական համաձայնություն ձեռք բերվեց Իսրայելի ու Եգիպտոսի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ և Եգիպտոսը դարձավ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած առաջին արաբական պետությունը` փոխարենը հետ ստանալով Սինայի թերակղզին, որն Իսրայելի բանակը գրավել էր 1967 թվականի «Վեցօրյա պատերազմի» ժամանակ:

Միաժամանակ, Եգիպտոսի նոր նախագահը մտադիր է վերականգնել համագործակցությունն Իրանի հետ, որի հետ դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո: Մուրսիի համոզմամբ, դա «տարածաշրջանում ուժերի ռազմավարական հավասարակշռություն կստեղծի»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


26/06/2012