Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՏՔ Է ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼ



Խիստ գաղտնի համակարգիչը կորել է Թայվանի ռազմածովային ուժերին պատկանող վերջին սերնդի հածանավից: Փաստի առթիվ Թայվանի պաշտպանության նախարարությունը և զինվորական դատախազությունը հետաքննություն են սկսել: «Սթելս» տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցված «Կուան Հուա-6» հածանավը համարվում է երկրի ամենաժամանակակից ռազմանավը: Խիստ գաղտնի տվյալներ պարունակող նոութբուկի կորուստը նավի անձնակազմը նկատել է մայիսի վերջին Ցզոին նավահանգստում, ռազմածովային ուժերի գլխավոր բազայում: Հատկանշական է, որ ռազմանավի հարևանությամբ կանգնած են եղել մի քանի այլ նավեր, որոնց գաղտնիության աստիճանը այդքան բարձր չի եղել, սակայն այնտեղից ոչինչ չի պակասել: Ռազմածովային ուժերի պատասխանատուները խոստովանել են, որ ռազմաբազայի տարածքում զինծառայողների տեղաշարժը վերահսկելիս թույլ են տրվել կոպիտ խախտումներ:

Կորած համակարգիչը պատկանում էր ոչ թե ռազմական գերատեսչությանը, այլ վեցամսյա փորձարկման աշխատանքների շրջանում հածանավի գաղտնի կապի համակարգերի թեստավորմամբ զբաղվող մասնավոր ընկերությանը: Մասնագետներից մեկը նշել է, որ եթե այդ համակարգիչը հայտնվի չինացիների ձեռքում, ապա նրանք կստանան Թայվանի ռազմական նավատորմի կոմունիկացիոն բոլոր գաղտնաբառերը, ինչպես նաև հրթիռային սպառազինության մասին տվյալներ:

«Կուան Հուա-6» տասը հածանավեր Թայվանը սպառազինության է ընդունել 2010թ.: Զինված ուժերի պլանի համաձայն` Չինաստանի հավանական հարձակման դեպքում հենց այս նորագույն ռազմանավերն են առաջնահերթ դիմակայելու հարվածին:

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Ռազմական


27/06/2012